«Մենք պետք է զգուշացնենք տարածաշրջանային այլ ուժերին, մասնավորապես՝ Ռուսաստանին և Թուրքիային, դուրս մնալ ռազմական հակամարտությունից»․ Մարինա Կալյուրանդ

«ԵՄ-ն չունի ֆորմալ դերակատարություն ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացում, բայց դա չի նշանակում, որ ԵՄ-ն չպետք է լինի ակտիվ, տեղին ու հստակ իր ուղերձների հարցում»,- այս մասին այսօր Եվրախորհրդարանում ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված պատերազմական իրավիճակին։

Նա նախ նշեց, որ շփումներ է ունեցել Հայաստանից՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի, և Ադրբեջանից՝  Ջավանշիր Ֆեհզիևի հետ։

Մարինա Կալյուրանդն արձանագրեց, որ ԵՄ-ն չունի  ֆորմալ դերակատարություն ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացում, բայց դա չի նշանակում, որ ԵՄ-ն չպետք է լինի ակտիվ, տեղին ու հստակ իր ուղերձների հարցում։

«Մենք խոսում ենք մեր Արևելյան գործընկերության մասին և մեր արևելյան գործընկերների մասին։ Առաջինը՝ մենք պետք է համոզենք քաղաքական ղեկավարություններին երկու կողմերում հաստատել հրադադար և պաշտպանել բնակչությանը։ Հաղորդագրություններն այն մասին, որ կասետային ռումբեր են կիրառվել, եթե դրանք ճիշտ են՝ չափազանց մտահոգիչ է, և, Բարձր ներկայացուցիչ, ես համաձայն եմ, որ մեզ հարկավոր են հստակ փաստեր, տեղեկատվություն տարածաշրջանից։ Երկրորդ՝ մենք պետք է համոզենք երկու կողմերին վերադառնալ  բանակցային սեղան առանց նախապայմանների լավ հանձնառությամբ և լավատեսությամբ, որպեսզի այս անգամ լինի կարգավորում՝ հիմնված ՄԱԿ-ի բանաձևերի, Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների և միջազգային իրավունքի վրա։

Երրորդ՝ մենք պետք է զգուշացնենք տարածաշրջանային այլ ուժերին, մասնավորապես՝ Ռուսաստանին և Թուրքիային, դուրս մնալ ռազմական հակամարտությունից, արտաքին ուժերի միջամտությունն ապաէսկալացիան շատ ավելի կբարդացնի։ Պատերազմը երբեք լուծում չէ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանի է երկարատև խաղաղության և բարգավաճման։ Շնորհակալություն»,- ասաց Մարինա Կալյուրանդը։

Տեսանյութեր

Լրահոս