«Ադրբեջանական զորախումբը զրահատեխնիկայի մի մասն անվնաս թողել և դաշտից փախել է». Արծրուն Հովհաննիսյան
Երեկ ամբողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են: Գիշերվա ընթացքում հակառակորդն Արաքսի հովտի հատվածում, Արաքսի հովտի երկայնքով փորձել է ուժեր կուտակել և առաջ ընթանալ:
Ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր հետախուզական ստորաբաժանումները հետևել են հակառակորդի գործողություններին, ժամանակին հավաստանշել են և դիպուկ հրետանային և հրթիռային կրակով խմբավորմանը մեծ վնաս են պատճառել՝ մոտավորապես 3 համահավաք բրիգադ և լավ սպառազինված: Կրակային խոցում են իրականացրել՝ ոչնչացնելով ամբողջ խումբը: Այդ զորախումբը կրել է զգալի կորուստներ. մի քանի տասնյակ մահացած, զգալի թվով զրահատեխնիկա, որոնց մի մասն անվնաս թողել և դաշտից փախել են»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ հատվածում կուտակումներ իրականացնելիս ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի օգտվում են Արաքսի՝ որպես սահման լինելու հանգամանքից, և նահանջի, խուսավարման ժամանակ փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ հայկական կողմը կոչ է արել իրանական կողմին հետևել այս գործողություններին և թույլ չտալ գետն անցնել:
Արծրուն Հովհաննիսյանը շարունակեց, որ օրվա ընթացքում եղել են այլ դիպուկ հարվածներ, ինչի մասին կա հրապարակված տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է խոցվում ադրբեջանական նավթամթերքի մեծ բազա, որի հարևանությամբ պատերազմի 11-րդ օրը գտնվում է զորանոց, որտեղ ոչնչացել են մոտ 200 զինծառայող:
Ըստ ՊՆ ներկայացուցչի, հյուսիսային ուղղությամբ ևս ՊԲ-ն ունի զգալի առաջխաղացում. եղել են դիրքային շեշտակի բարելավումներ՝ կարևոր դիրքերի: