Եթե Կովկասը դառնա Սիրիայի նման մի վայր, այդ դեպքում թող Աստված օգնական լինի բոլորին՝ Եվրոպային, Կենտրոնական Ասիային, բոլորին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը.

Բեքի Անդերսոն- Ադրբեջանը պնդում է, թե իր քաղաքները հրթիռակոծվել են Հայաստանի տարածքից, այլ ոչ Լեռնային Ղարաբաղից։ Ի՞նչ կասեք…

-Ցավոք, սա Ադրբեջանի կողմից հրահրված հերթական պատերազմն է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Սա նման չէ այն կարճաժամկետ` մեկ-երկու օր շարունակվող միջադեպերին, որոնց ականատեսն էինք լինում վերջին 26 տարիների ընթացքում առաջին պատերազմի ավարտից՝ 1994 թվականի զինադադարից հետո։ Այս պատերազմը տարբեր է իր ծավալով և արդեն շարունակվում է 7-8 օր՝ սանձազերծվելով կիրակի օրն Ադրբեջանի կողմից: Այս օրերը ցույց տվեցին, որ Ադրբեջանը չունի որևէ ռազմավարական հաջողություն՝ բացի մեծ խառնաշփոթ ստեղծելուց և երկու կողմից հարյուրավոր մարդկանց կյանքեր խլելուց:

Երկրորդը՝ այս հակամարտությունը կտրուկ տարբերվում է նախկին բախումներից, որոնք տեղի էին ունենում Հայաստանի աջակցությունն ունեցող Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Այս անգամ Թուրքիան բացեիբաց աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ իր զինվորականներով, սպաներով, գեներալներով, ահաբեկիչ վարձկաններով և ջիհադիստներով, որոնք հազարներով բերվել են Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կռվելու։ Թուրքիան ներգրավված է իր ողջ ռազմական կարողությամբ՝ ձևացնելով, թե իբր ցանկանում է պաշտպանել միջազգային որոշ լոգիստիկ ենթակառուցվածքներ։

Բեքի Անդերսոն- Մենք դեռ կվերադառնանք Թուրքիային։ Ես պարզապես ցանկանում եմ հստակեցնել, թե ինչ է տեղի ունենում։ Դուք ասացիք, որ գործողությունների ողջ պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է։ Սակայն շատերը համաձայն չեն դրա հետ և ասում են, թե Հայաստանն է հրահրել։

-Կարծում եմ՝ անտրամաբանական է ասել, թե Հայաստանն է հրահրել։ 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն հաղթեց պատերազմում, հայտարարելով՝ մենք այստեղ ենք, մենք կրկին հայտարարում ենք մեր անկախությունը, որը 70 տարի առաջ խլվել էր մեզնից խորհրդային իշխանության կողմից, երբ մենք պարտադրված կերպով Իոսիֆ Ստալինի կողմից միացվեցինք Ադրբեջանին, իսկ հիմա՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում մենք շատ ազգերի նման օգտվում ենք ինքնորոշման իրավունքից՝ ինքնուրույն տնօրինելու մեր կյանքը։ Զինադադարից հետո 26 տարի բանակցություններ էին ընթանում, և այդ բանակցությունների ձևաչափն աշխարհում լավագույններից է. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է, որը համանախագահում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան։ Այս խաղաղ բանակցությունները որոշակի վստահության մթնոլորտ էին ստեղծում կողմերի միջև՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։ Սակայն մի շաբաթ առաջ այս կամ այն պատճառով ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենք որևէ առաջընթաց չեն տեսնում բանակցություններում, և որ այստեղ տարածքային ամբողջականության խնդիր կա մի տարածքի հետ կապված, որն իրականում Ադրբեջանին է տրվել ԽՍՀՄ-ի կողմից 70 տարի առաջ, և այն դեպքում, երբ հազարավոր տարիներ Լեռնային Ղարաբաղի հայերը բնակվել են այդտեղ։

Լեռնային Ղարաբաղի բնակչության համար սա կենաց պայքար է։ Նրանք հազարավոր տարիներ պայքարել են Չինգիզ խանի, Լենկ-Թեմուրի և այլոց դեմ՝ սեփական հողի վրա խաղաղ կյանքով ապրելու համար։

Բեքի Անդերսոն- Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարեց. «Ադրբեջանը թույլ չի տա որևէ մեկին նվաճելու Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Մենք պետք է վերադարձնենք, և մենք կվերադարձնենք այն։ Իմ վերջին պայմանն է, որ հայկական զինված ուժերը դուրս գան օկուպացված տարածքներից»։ Նա ասում է, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները, քանի դեռ դուք զինված ուժերը դուրս չեք բերել։ Դուք պատրա՞ստ եք այդ քայլին։

-Նախ և առաջ, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությանը նման հարցով դիմելը սխալ է, քանի որ նրանք պետք է դիմեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ Արցախին, ինչպես մենք ենք այն անվանում։ Նրանց վեճն այս ժողովրդի հետ է։

Այստեղ հարցը Հայաստանի կողմից «տարածքների օկուպացիայի» մասին չէ։ Սա մի տարածք է, որտեղ անգամ խորհրդային իշխանության տարիներին բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 95 տոկոսը, հայեր են եղել, քանի որ նրանք այստեղ բնակվում են հազարավոր տարիներ։ Ինչպե՞ս կարելի է օկուպացնել մի տարածք, որտեղ հազարավոր տարիներ ապրում ես։ Այսինքն՝ սա ճիշտ ուղերձ չէ։

Բեքի Անդերսոն- Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր ասաց, որ ռադիոտեղորոշիչ համակարգերը գրանցել են հրթիռների արձակում Ադրբեջանի դեմ Հայաստանի Ջերմուկի, Կապանի և Բերդի շրջանից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Ես չեմ պատրաստվում մեկնաբանել, քանի որ դա ճիշտ չէ։ Իրականում ռադիոտեղորոշիչ համակարգերը մշտապես արձանագրում են այն, որ ադրբեջանական տարածքից անդադար հրետակոծվում են Ստեփանակերտի և գյուղերի քաղաքացիական բնակչությունը։ Մենք նաև արձանագրել ենք հազարավոր մոջահեդների, ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաև, որ գործողություններում ներգրավված են թուրքական F-16 կործանիչներ և մեծաքանակ թուրքական դրոններ։

Կարճ պատասխանս հետևյալն է՝ դա կեղծ լուր է։

Բեքի Անդերսոն- Ձեր վարչապետը խոսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ՝ թեժացած հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության մասին։ Ո՞րն է եղել այդ հեռախոսազրույցի արդյունքը, և արդյոք ԱՄՆ-ը որևէ աջակցություն հայտնե՞լ է։

-Ինչպես գիտեք, հայտարարություն է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահների մակարդակով, որոնք կողմերին հրադադարի կոչ են արել։ Ես լիակատար կերպով աջակցում եմ երեք նախագահների այս կոչին, սակայն այստեղ առանցքային հարցն այն է, որ եթե խնդրում ներգրավված լինեին միայն երկու կողմերը՝ մի կողմից՝ Ադրբեջանը, իսկ մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղն իր բնակչությամբ, գումարած Հայաստանը, որն աջակցում է Լեռնային Ղարաբաղին, ապա այդ դեպքում կարող է լիներ հրադադարի և վստահության հաստատման հնարավորություն, ինչու չէ՝ նաև վերադարձ բանակցային սեղանի շուրջ։ Սակայն երբ ավելանում է թուրքական բաղադրիչը, այն ամեն բան ոչնչացնում է։

Բեքի Անդերսոն- Թույլ տվեք կանգ առնել մի հարցի վրա։ New York Times-ը հայտնում է, որ Հայաստանի վարչապետը հարցրել է ԱՄՆ-ին, թե ինչո՞ւ ոչինչ չի արվում՝ կանգնեցնելու Թուրքիայի կողմից ամերիկյան արտադրության F-16 կործանիչների օգտագործումն ընդդեմ էթնիկ հայերի։ Ի՞նչ պարզվեց Վաշինգտոնի հետ այդ հեռախոսազրույցից, ո՞րն է Վաշինգտոնի պատասխանը։

-Դուք տալիս եք ինձ մի հարց, որի պատասխանը թերևս պետք է տա ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Այս մասին ես բաց խոսել եմ միջազգային հանրության, տարբեր երկրների ղեկավարների, վարչապետների հետ իմ զրույցներում։ Նրանց հորդորել եմ միջամտել և ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի իր ներգրավվածությունը այս տարածաշրջանում, որովհետև նրա միջամտության արդյունքում այս հակամարտության մասշտաբը և բարդության աստիճանը բարձրացնում են ևս մեկ մակարդակով, և ի վերջո կարող են վերածել մեկ այլ Սիրիայի։ Սակայն եթե Կովկասը դառնա Սիրիայի նման մի վայր, այդ դեպքում թող Աստված օգնական լինի բոլորին՝ Եվրոպային, Կենտրոնական Ասիային, բոլորին։ Դա ազդեցություն կունենա բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի վրա։ Եթե Թուրքիային հնարավոր լինի զսպել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի օգնությամբ, ապա մենք հնարավորություն կունենաք հրադադարի և հետագա բանակցությունների, գուցե նաև՝ խաղաղապահների համար, և աստիճանաբար նաև հավանականություն կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Կարող է լինել միայն խաղաղ դիվանագիտական կարգավորում։ Այս ամենում Թուրքիայի ներգրավվածությունը լրջորեն մտահոգում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին, այլև՝ աշխարհասփյուռ հայ համայնքներին, նրանց բարեկամներին։ Նրանք զգում են, որ Թուրքիան ցանկանում է ևս մեկ ցեղասպանություն իրականացնել, կրկնել այն, ինչ կատարվել է 105 տարի առաջ, որի միջոցով հայերը էթնիկական զտման են ենթարկվել և դուրս քշվել իրենց հայրենիքից։ Սա անընդունելի է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այլ՝ նաև բոլոր հայերի համար։

Բեքի Անդերսոն- Թուրքիան դա ժխտում է։ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ունենալու կոչն արվել է ճիշտ այն բանից առաջ, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կորոնավիրուսի իր թեստը դրական է։ Ի՞նչ եք կարծում՝ Վաշինգտոնը որքանո՞վ է հետաքրքրված այս հարցով, Ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ բավարար ուշադրություն չի ցուցաբերվում։

-Չեմ կարծում, որ Վաշինգտոնը չի հետաքրքրվում այն ամենով, ինչ կատարվում է Կովկասում, որովհետև սա շատ կարևոր տարածաշրջան է։ Այն ոչ միայն շատ կարևոր խաչմերուկ է, այլ նաև էներգետիկ մատակարարումների և մարդասիրական առումներով էական հետաքրքրություն է ներկայացնում շատ երկրների համար։

Դուք խոսեցիք կորոնավիրուսի մասին նշելով, որ Միացյալ Նահանգների նախագահը վարակվել է։ Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից և նրան ու Առաջին տիկնոջը մաղթել շուտափույթ ապաքինում և քաջառողջություն։ Նրա ներկայությունը շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ՝ նաև գլոբալ առումով, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար, որը պատրաստվում է նախագահական ընտրության։ Առողջություն մաղթելով՝ հույս ենք հայտնում, որ Միացյալ Նահանգները շատ մեծ ուշադրություն կցուցաբերի այն ամենին, ինչ կատարվում է տարածաշրջանում։

Երբ ասում եք, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այդ դեպքում նայեք, թե ԱՄՆ Սենատը, Ֆրանսիայի, Ռուսաստանի նման երկրները և շատ այլ պետություններ ինչպիսի որոշումներ են ընդունել այդ հարցով. նրանք բոլորը ճանաչել են այդ պատմական իրողությունը։ Նաև նայեք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում. Թուրքիան ներգրավված է Լիբիայում, ներգրավված է եղել Եգիպտոսում, Իրաքում, Սիրիայում, ահաբեկում է մարդկանց Միջերկրականում, լարվածություն է ստեղծել Հունաստանի ու Կիպրոսի հետ, և այսօր էլ՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում մեծ փոփոխություն է առաջացնում։

Բեքի Անդերսոն- Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ երկու երկրները ՆԱՏՕ-ի գործընկերներ են, ուստի ՆԱՏՕ-ն կոչ է անում հավասարակշռված հրադադար հաստատել, որ դա է լուծումը։ Նա նշել է, որ բոլորը, այդ թվում` ՆԱՏՕ-ն, պետք է պահանջեն, որ խնդիրը լուծվի միջազգային օրենքներին, ՄԱԿ-ի բանաձևերին համահունչ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ և այդ տարածքներից Հայաստանի անմիջապես դուրս գալով։ Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կոչ անի, որ Հայաստանը դուրս գա այդ տարածաշրջանից։ Դա տեղի կունենա՞: Դուք Թուրքիային մեղադրում եք Ադրբեջան սիրիացի վարձկաններ ուղարկելու մեջ։ Ինչպիսի՞ ապացույցներ ունեք այս առումով։

-Նախ՝ անդրադառնալով Ձեր հարցի առաջին մասին` կցանկանայի ՆԱՏՕ-ի իմ գործընկերներին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային հարցնել, արդյո՞ք երբ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագիր էր ստորագրվում, ենթադրվում էր, որ Թուրքիան կարող է միջամտել երրորդ կողմի հակամարտությանը։ Այս դեպքում առհասարակ կապ չունի, թե դա իրենք ինչպես են բացատրում՝ էթնիկական կապեր կամ պայքար PKK-ի դեմ, կամ միջազգային էներգետիկ խողովակաշարերի պաշտպանություն, ինչն ուղղակի անհեթեթություն է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայերը երբևէ չեն կրակել կամ անգամ ակնարկներ չեն արել, որ դա կանեն։ Եթե նրանք ցանկանային դա անել, ապա 20 տարի առաջ կանեին՝ այդ կերպ Ադրբեջանին թույլ չտալով, որ միլիարդավոր դոլարներ վաստակի, որոնցով մեծածավալ զենք է գնել, և որն այսօր օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հայերին սպանելու համար։

Երկրորդ. եթե մենք ցանկանում ենք այս հակամարտությունը հանգեցնել խաղաղ կարգավորման, ապա պետք է վերադառնանք բանակցությունների սեղան, որի շուրջ Թուրքիան տեղ չունի։ Թուրքիան պետք է դուրս մղվի Ադրբեջանից և դադարի աջակցել Ադրբեջանին, որովհետև այդ կերպ դառնում է հակամարտության մեկ այլ կողմ։ Պատրա՞ստ է ՆԱՏՕ-ն ընդունել այն, որ իր անդամ երկիրը պատերազմում է Հայաստանի դեմ։ Ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Մենք որոշակի համագործակցություն ունենք ՆԱՏՕ-ի հետ, սակայն ՆԱՏՕ-ի անդամ չենք, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը միջամտում է այս հարցին։

Բեքի Անդերսոն- Սիրիացի վարձկանների մասին ապացույցների մասով ի՞նչ կասեք:

-Ապացույցներն ակնհայտ են, դրանք համացանցում են, և կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Եթե ցանկանում եք, կարող եմ կառավարությանն ասել, որ դրանք ուղարկեն Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին, եթե դեռ չեք տեսել դրանք։ Համացանցում կան ձայնագրություններ, տեսանյութեր, նկարներ։ Ուրիշ այլ ի՞նչ ապացույցներ են պետք փաստելու, որ այդ մարդիկ այնտեղ են։ Եվ, իհարկե, նրանք ինքնուրույն չեն հայտնվել այնտեղ։

Բեքի Անդերսոն- Ռուսաստանը մերձավոր դաշնակից է։ Ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում, որ Ռուսաստանը կարող է տրամադրել այս պահին։

-Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Եվ այստեղ ևս մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ճնշում կգործադրի առաջին հերթին Թուրքիայի վրա։ Իմ բանաձևը շատ պարզ է՝ մենք պետք է ռազմականապես և քաղաքականապես բացառենք Թուրքիայի ներկայությունն այս խնդրում։ Չգիտեմ, թե առհասարակ ինչպես է հնարավոր, որ հրետակոծությունների, մարտերի ընթացքում Թուրքիան հնչեցնի հրապարակային արձագանքներ, հրավիրի մամուլի ասուլիսներ և դա անի այնպես, կարծես այս հակամարտության մաս է կազմում։ Կարծում եմ՝ կկարողանանք դրական արդյունք գրանցել, եթե Ռուսաստանը կարողանա ճնշում գործադրել Թուրքիայի վրա և դրանից հետո լինի նաև երեք համանախագահների հորդորը՝ ուղղված Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա, և մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։

Բեքի Անդերսոն- Շատ շնորհակալություն, պարոն նախագահ։ Շատ կարևոր հարցեր քննարկեցինք։

Տեսանյութեր

Լրահոս