«Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին՝ անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այն պնդումներին, թե Հայաստանն է հարվածներ հասցրել Ադրբեջանի բնակավայրերին։

– Պարոն նախարար, Ադրբեջանի պաշտպանության նախարարը քիչ առաջ հայտարարեց, որ Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է  դա նշանակում։

– Կարծում եմ՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարն իր խորը զինվորական գիտելիքներով երևի թե խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը որ ներառում է Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես՝ Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ օգտագործել են ծանր հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Եվ դա եթե իր համար դեռևս մարտական գոտու ընդլայնում չէ, թող դրանից մասնագետները եզրակացություն անեն։

– Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին մեղադրանքներ հնչեցրեց, որ Հայաստանի տարածքից իրականացվել են Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծումներ։

– Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածք  որևէ հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում չի իրականացվել դեռևս, և եթե Ադրբեջանի զինված ուժերի համար կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը և այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր է, ապա մեր Պաշտպանական բանակի, Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են։ Եվ Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի։

Տեսանյութեր

Լրահոս