«Այն կողմը, որը կարող է դադարեցնել Արցախյան պատերազմը, հետաքրքրված չէ դա անել»․ Գելա Վասաձե

168am-ի զրուցակիցն է Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Գելա Վասաձեն

– Պարոն Վասաձե, արդեն 4-րդ օրն է, ինչ պատերազմական գործողություններ են սանձազերծված Հայաստանի և Արցախի դեմ, ու այս օրերին Հայաստանում մեծ ուշադրության է արժանանում՝ ինչպես դաշնակիցների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, այնպես էլ՝ հարևանների վարքագիծը։ Բազմաթիվ հայտարարություններ ենք լսել՝ ինչպես վրաց իշխանությունների, այնպես էլ՝ ընդդիմադիրների և այլ գործիչների կողմից։ Որպես անկախ դիտորդ՝ ի՞նչ կասեք՝ ինչպիսի՞ն է իրականում Վրաստանի դիրքորոշումն այն զարգացումների հարցում, որոնք ընթանում են մեր հակամարտության գոտում և դրա շուրջ, հատկապես, երբ վերջին օրերին կա Վրաստանով թուրքական և ռուսական սպառազինությունների տեղափոխման հարցի շուրջ լուրջ դիսկուրս։

– Վրաստանի դիրքորոշումն արտահայտվեց Վրաստանի նախագահի հայտարարությամբ Ղարաբաղում ռազմագործողությունների և պատերազմի հենց առաջին օրը, եղել է ԱԳՆ-ի, Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որոնք բոլորը հանգում են նրան, որ սա Վրաստանի համար ծայրահեղ մտահոգիչ և անհանգստացնող իրավիճակ է, քանի որ այն ունի ռիսկեր տարածաշրջանի, ինչպես նաև՝ Վրաստանի համար։

Պատերազմը տարածաշրջանում քաղաքական տուրբուլենտություն է, դրան գումարած հանգամանքը, որ առջևում Վրաստանում ընտրություններ են, կորոնավիրուսային համավարակն է նոր թափ առնում, և ունենք 300-ից ավելի վարակվածներ, որոնք նախկինում չկային և դժվար էր պատկերացնել, որ կլինեն, բայց, բնականաբար, այդ ամենը հավելյալ լարվածություն է հաղորդում։

Ցավոք սրտի, այս լարվածությունը տարածվել է մեր երկրում հայկական և ադրբեջանական համայնքների տրամադրությունների վրա, համայնքները մոռանալով, որ դա քրեորեն հետապնդելի արարք է, սկսում են միմյանց հետ պատերազմել իրենց պատմական հայրենիքների համար Վրաստանի տարածքում, և դա, բնականաբար, մեր երկրի ներսում մեծ լարվածության պատճառ է դառնում, կան համայնքներ, որտեղ ապրում են միայն հայեր, կամ միայն ադրբեջանցիներ։ Սակայն, կան նաև այնպիսիք, որտեղ համայնքներն ապրում են միախառնված և այստեղ մեծ պատասխանատվություն է դրված իրավապահ մարմինների վրա, հասարակական կարծիքի առաջնորդների, քաղհասարակության, համայնքների ներկայացուցիչների վրա, որոնք պետք է ամենաքիչը հանգստացնեն այդ տրամադրությունները, քանի որ մարդիկ լարված են, հայերը հետևում են հայկական հեռուստատեսությանը, ադրբեջանցիները՝ ադրբեջանական, մարդիկ նաև սոցիալական ցանցերում են, իսկ մենք գիտենք, որ արհեստական ինտելեկտը սոցցանցերում առաջարկում է մարդուն այն, ինչ ինքն է  ընտրում, ինչն էլ նպաստում է տրամադրությունների արմատականացմանը։ Ֆեյսբուք սոցցանցը շփման հարթակ չէ, դա իրական պատերազմական գոտի է, իսկ այդ սոցցանցը շատ մեծ տարածում ունի Վրաստանում, ուստի դա սպառնալիք է դառնում Վրաստանի ազգային անվտանգության համար։

Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա այն սինխրոնիզացված է մեր արևմտյան գործընկերների դիրքորոշումների հետ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հետ, պատահական չէ, որ մեր վարչապետը հենց նախօրեին Բրյուսելում էր և անցկացրեց խորհրդակցություններ այդ հարցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, քանի որ հասկանալի է, որ մենք այդ հարցում ստանձնելու ենք ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ընդհանուր գիծը, քանի որ ԱՄՆ-ը Վրաստանի անվտանգության երաշխավորն է։

– Խոսեցիք ՆԱՏՕ-ից, և Վրաստանը ՆԱՏՕ անդամակցության հավակնորդ երկիր է, ուշագրավ է, որ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ ագրեսիվ կերպով միջամտում է Արցախյան հակամարտությանը։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դիրքորոշումը հատկապես հուլիսյան բախումներից հետո, գրեթե ամեն օր Էրդողանն անդրադառնում է այս հարցին, սպառնում, լինելով նման կառույցի անդամ երկիր։

– Պատճառներից մեկը, որոնք նպաստեցին այս ռազմագործողությունների մեկնարկին և անխուսափելի դարձրին դրանք, այն էր, որ Թուրքիային անհրաժեշտ էր սա ներքաղաքական առումով, նա չունի այլ ելք, քան մաքսիմալ աջակցել Ադրբեջանին, քանի որ Թուրքիայի բնակչության մեծ մասն Ադրբեջանը դիտարկում է՝ որպես բարեկամ և հարազատ երկիր ու ժողովուրդ, Թուրքիայի դիրքորոշումն առաջին հերթին պայմանավորված է ներքաղաքական գործոններով և հաշվարկներով։

– Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի ուղիղ միջամտության մասին։

– Թուրքիան կարող է հակամարտությանն ուղիղ կերպով միջամտել միայն մեկ դեպքում, եթե հանկարծ թյուրիմացության արդյունքում հայկական զինված ուժերը հայտնվեն Նախիջևանի տարածքում այնպես, ինչպես Ռուսաստանը կարող է միջամտել ուղիղ կերպով ՀԱՊԿ ձևաչափով, եթե ադրբեջանական զորքերը հատեն ՀՀ սահմանը և հայտնվեն ՀՀ տարածքում, կամ նույնը՝ թուրքական զորքերի դեպքում։ Այլ տարբերակներ Ռուսաստանի և Թուրքիայի ուղիղ միջամտության գոյություն չունի։

– Ուշագրավն այն է, որ Թուրքիան արդեն անուղղակի կամ ուղղակի կերպով մասնակցում է հակամարտությանն իրեն պատկանող F-16 կործանիչների միջոցով և խախտում է Հայաստանի օդային սահմանը, նախօրեին խոցել է ՍՈՒ-25 գրոհիչ։

– Քանի դեռ այդ տեղեկատվությունը հաստատված չէ անկախ աղբյուրների կողմից, այսինքն՝ կոնկրետ սպուտնիկային տվյալների, իսկ նման միջոցներ ունեն ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Չինաստանը, այսինքն՝ սպուտնիկներ շատ կան, միջազգային հանրությունը դա չի դիտարկում՝ որպես օբյեկտիվ իրականություն։ Ադրբեջանական կողմն էլ իր տարբերակն ունի այդ միջադեպի կապակցությամբ, որ երկու ՍՈՒ-25 բախվել է լեռանը։ Այս պահին այն երկրները, որոնք ունեն սպուտնիկ, ֆիքսում են ամեն շարժում, այս պահին միջազգային արձագանք չենք տեսնում, քանի որ երևի թե չկան օբյեկտիվ տվյալներ։

– ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ կտրամադրեն փաստեր միջազգային փորձագետների և այլ կողմերի՝ անհրաժեշտության դեպքում, բացի դրանից, ընդհանուր առմամբ մեծ ռեզոնանս չկա այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում, ուստի ակնկալել, որ սպուտնիկային ֆիքսումը կբերեր միջազգային արձագանքի, տեղին չէ։

– Ես չեմ համաձայնի, որ չկա մեծ ռեզոնանս, քանի որ կա հրապարակային դիվանագիտություն, և երբ մարդիկ ասում են, որ միայն անհանգստություն են հայտնում, այլ բան չեն անում, այդպես չէ։ Կա հրապարակային և ընդհատակյա դիվանագիտություն։ Իհարկե, հիմա և Մոսկվայում, և ԱՄՆ Պետդեպում, և եվրոպական մայրաքաղաքների արտաքին գերատեսչություններում ընթանում է լարված դիվանագիտական աշխատանք։ Վստահեցնում եմ։ Կտեսնե՞նք դա մենք, թե՞ ոչ, կախված է այդ ամենի հաջողությունից։

Գլխավոր գործոնը Ռուսաստանն է։ Իրականում, Ռուսաստանի դիրքորոշումն այսօր այնպիսին է, որ ես կարծում եմ՝ Ռուսաստանին ձեռնտու է այս ամենը, ձեռնտու է այս լարումը, հենց այդ պատճառով չի նախաձեռնում ակտիվ գործողություններ։

– Ինչո՞վ է ձեռնտու։

– Բացատրեմ, էապես կրճատվել է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, բացի դրանից, կրճատվել է ռուսական ազդեցությունը նաև Ադրբեջանում՝ հատկապես հուլիսյան բախումներից հետո։ Եվ հիմա երկու երկրների ռեսուրսների կրճատմամբ պատերազմը կարող է հանգեցնել նրան, որ և մեկ, և մյուս կողմը վերջին հաշվով կդիմեն Ռուսաստանին, իսկ ամենալավ տարբերակն այն է, որ դիմեն երկու կողմերը։ Ուստի ռուսական տրամաբանությունն այստեղ լիովին հասկանալի է։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, միակ երկիրը, ըստ իս, որ կարող է լուծել այս խնդիրը բանակցային սեղանի շուրջ, ԱՄՆ-ն է, ինչո՞ւ ԱՄՆ-ը, քանի որ Ռուսաստանը կողմ է այս հակամարտությունում։ Իրականում այս հակամարտությունն ունի երեք կողմ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, և քանի որ Ռուսաստանի համար այս հակամարտությունն ազդդեցության գործիք է Հարավային Կովկասում, վերահսկողության պահպանում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, և, եթե ուզում եք իմանալ ավելին, ապա ճնշման միջոց նաև Վրաստանի, ինչպես նաև Իրանի նկատմամբ։ Ուստի Ռուսաստանը չի ցանկանալու լուծել։

Եթե լինի քաղաքական նախաձեռնություն ԱՄՆ-ի կողմից, նման նախադեպեր եղել են, երբ ԱՄՆ նախագահները նստեցրել են երկու երկրների ղեկավարներին սեղանի շուրջ, պարտադրել գնալ զիջման, բայց դրա համար հարկավոր է քաղաքական կամք այդ կողմից՝ կոնկրետ շահերով, դրան խոչըտնդոտում են նման բռնկումները, զենքը կուտակվում է և սկսում կրակել, և մենք գիտենք, թե որտեղից է եկել այդ զենքը և Հայաստան, և Ադրբեջան։

– Վրաստանով թուրքական և ռուսական ռազմամթերքի տարանցման թեման համապատասխանաբար Ադրբեջան և Հայաստան շատ է քննարկվում այս օրերին, կան խոսակցություններ, որ Վրաստանը թույլ է տալիս թուրքական բեռների տարանցում Ադրբեջան, սակայն ոչ ռուսականի տարանցում Հայաստան։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Այդ թեման՝ ռազմական գործողություններ վարելու ընթացքում Վրաստանով ռազմամթերք տարանցելու, փակվեց խորհրդարանի Պաշտպանական հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլիի կողմից, ով դա ասաց այն ժամանակ, երբ մեր վարչապետը Բրյուսելում էր։ Վրաստանը մերժում է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին ռազմական գործողությունների շրջանում նման բան անել, դա Բրյուսելի դիրքորոշումն է, դա ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումն է, դա սինխրոնիզացված մոտեցում է։

– Ջավախահայերը ակցիաներ էին իրականացնում պահանջով՝ հումանիտար օգնություն փոխանցել Հայաստան, և կամավորականներ էին ցանկանում գալ, որին Վրաստանի իշխանությունը չի արձագանքում, և դա Հայաստանում ևս միանշանակ չի ընկալվում։ Ջավախահայերի պահանջների վերաբերյալ ի՞նչ կասեք։ Չի՞ կարող բացվել սահմանը նման իրավիճակում։

– Հումանիտար բեռների համար կարող է բացվել, բայց խնդիրը կամավորականների ցանկությունն է՝ գալ Հայաստան, իսկ նրանք Վրաստանի քաղաքացիներ են, Վրաստանն իրեն նման բան չի կարող թույլ տալ, դա պատժելի արարք է՝ լինելով Վրաստանի քաղաքացի՝ արտերկրում պատերազմի մասնակցել, երկրորդ՝ դա չափազանց մեծ ռիսկ է Վրաստանի ներսում բախումների։ Իսկ հումանիտար օգնության հարցը հեշտությամբ լուծվող հարց է դեսպանատան միջոցով։ Ի դեպ, կամավորականներ նաև Ադրբեջան չեն կարող մեկնել։ Դա օրենսդրության խախտում է, ինչպես նաև ռիսկ Վրաստանի ներսում, իսկ մենք այսօր արդեն խնդիր ունենք մարելու «կրակը»։

– Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և ե՞րբ կավարտվի պատերազմը։

– Շատերն ասում են, որ շուտով կավարտվի, կցանկանայի դրան հավատալ, բայց, ցավոք սրտի, վստահ չեմ, որ դա այդպես է, քանի որ այն կողմը, որը կարող է դադարեցնել, չունի հետաքրքրություն դադարեցնել, խոսքը Ռուսաստանի մասին է, իսկ մնացածն աշխատում են, բայց առանձնահատուկ հետաքրքրություն չունեն։

Արևմուտքի վերաբերյալ Վրաստանի օրինակով ասեմ՝ Արևմուտքն արձագանքում է, երբ իրեն սկսում է ինչ-որ խնդիր խանգարել, դա կախված է արտաքին գերատեսչության աշխատանքից, և ՀՀ-ն ն սփյուռք ունի, Սփյուռքի ռեսուրսի ճիշտ կիրառումից։ Ադրբեջանը ևս աշխատում է այդ ուղղությամբ, այսինքն՝ պատերազմը միայն ռազմի դաշտում չէ, պատերազմ է ընթանում բոլոր ուղղություններով, բոլոր ոլորտներում՝ տեղեկատվական, քաղաքական, արտաքին քաղաքական, դիվանագիտական։ Ուստի վախենամ, որ դա կարող է երկարաձգվել։ Հուսանք, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա։

Տեսանյութեր

Լրահոս