«Արդյոք մեր օրակարգում կա՞ Արցախի Հանրապետության ճանաչման հարցը». Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել՝ զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման, էլ չեմ ասում, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում նաև՝ հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կամ նույնը կլինի, կամ մի քիչ բարձր կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից»,-խորհրդարանում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից խուսափելու համար Հայաստանը պետք է աներ մի բան՝ համաձայներ, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է. «Ինքնավար մարզ՝ գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել»:

Նա ընդգծեց. «Շատ կարևոր մի արձանագրում է՝ եթե նույնիսկ մենք համաձայնեինք կամ համայնենք նման կարգավիճակի՝ դա նշանակում է, որ անվտանգությո՞ւն եք ապահովել մեր ժողովրդի համար»:

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի ընտրությունը սա է և սա է վիճակը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց՝ հիմա պետք է խոսել անելիքների մասին. «Մենք Արցախի Հանրապետության անկախությունը չենք ճանաչել մի պատճառով, որ ընթացել են բանակցություններ և քննարկում էինք, որ եթե ճանաչենք Արցախի անկախությունը, բանակցությունները կտապալենք, որից հետո կռիվ կսկսվի, հետո կհարձակվեն նաև ՀՀ վրա և մենք կներգրավվենք մեծ պատերազմի մեջ: Հիմա չկան բանակցություններ, բանակցությունների մասին խոսելն անիմաստ է, լայնամասշտաբ պատերազմ է մեկնարկել: Արդյոք մեր օրակարգում կա՞ Արցախի Հանրապետության ճանաչման հարցը՝ բնականաբար՝ դրա շարունակական հետևանքներով, որից հետո Արցախում կլինի հանրաքվե, Արցախը կմիանա ՀՀ-ին և այս թեման մենք կփակենք հավիտյանս»:

Նիկոլ Փաշինյանը հարցին ի պատասխան՝ ասաց. «Դուք միանգամից մի քանի գործողություն նշեցիք՝ ճանաչում և հետո. Եկեք՝ հետոյի մասին այս պահին ոչինչ չասեմ, չեմ կարծում՝ ճիշտ է: Իսկ Ձեր ուղիղ հարցին՝ կա՞ այսօր մեր օրակարգում այդպիսի հարց՝ այո, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ կա: Մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ ոչ, պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք: Գործնականում գուցե հանրային քննարկում էլ կսկսվի: Մենք քննարկում ենք բոլոր սցենարները և մեծ հաշվով՝ Դուք ձևակերպեցիք հարցերի շրջանակը»:

Վարչապետը նաև նշեց, որ պետք է քննարկման դրվի նաև Արցախ-Հայաստան ռազմաքաղաքական դաշինքի հարցը:

Տեսանյութեր

Լրահոս