Կառավարությունը չի ուզում համակերպվել իր ձախողումների հետ

Չորս ամիս առաջ կառավարությունը կանխատեսում էր, որ այս տարի տնտեսական անկումը Հայաստանում կլինի 2 տոկոս։ Այսօր արդեն ունենք տնտեսական ակտիվության 6,4 տոկոս նվազում։ Ավելին, որքան տարին մոտենում է ավարտին, այնքան տնտեսության անկումը խորանում է։

Վատանում են նաև գնահատականները։ Իր վերջին կանխատեսումներում դա ուղղակիորեն հաստատեց նաև Կենտրոնական բանկը՝ ևս մեկ անգամ վերանայելով և նվազեցնելով սպասումները։

Այդ վերանայումից հետո մեծ անջրպետ է առաջացել Կենտրոնական բանկի և կառավարության կանխատեսումների միջև։ Կենտրոնական բանկը շուրջ 3 անգամ ավելի մեծ անկում է սպասում, քան կառավարությունը։

Երբևէ չի եղել նման դեպք, որ այս 2 կառույցների գնահատականներում շեղումն այդքան մեծ լինի։ Այժմ այդպիսի իրավիճակ է, որովհետև կառավարությունը չի ուզում ժամանակից շուտ ընդունել և ամրագրել իր ձախողումները։ Չնայած այլևս պարզ է, որ դրանից խուսափել չի կարող։

Տնտեսության անկումը խորանում է, և ինչքան էլ կառավարությունը հակված չէ վերանայել իր նախկին կանխատեսումները, տնտեսական իրավիճակը հուշում է, որ դրանք իրականանալու որևէ շանս չունեն։ Այդ են վկայում ոչ միայն՝ սպասումները, այլև՝ տնտեսության մեջ տեղի ունեցող փաստացի զարգացումները։

Կառավարության կանխատեսած 2 տոկոսի դիմաց՝ ունենք տնտեսական ակտիվության շատ ավելի մեծ անկում, որն առայժմ ոչ միայն չի կայունանում, այլև գնալով խորանում է։ Եթե 6 ամիսներին անկումը 4,7 տոկոս էր, ապա 7 ամիսների արդունքներով կազմեց 5,7 տոկոս։

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաև 8 ամսվա օպերատիվ տվյալները, ու դրանց համաձայն՝ տնտեսական ակտիվության անկումը հասել է 6,4 տոկոսի։ Վերջին 1 ամսում անկումը խորացել է ևս 0,7 տոկոսային կետով։

Օգոստոսը նույնպես նպաստավոր չի եղել տնտեսական զարգացումների համար։ Այդ ամսին Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության 10 տոկոսին մոտ նվազում։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ բոլոր ոլորտներում ունենք տնտեսական վատթարացած իրավիճակ։ Նույնիսկ արդյունաբերությունն այլևս չի ձգում նախորդ տարվա հետևից։ Օգոստոսին այստեղ արտադրության ծավալները վերստին զիջել են նախորդ տարվա մակարդակը։ Ու դա բերել է նրան, որ արդյունաբերության աճը, 8 ամիսների տվյալներով, իջել է նույնիսկ 1 տոկոսից և աստիճանաբար մոտենում է զրոյին։ Պատճառն այն է, որ գնալով թուլանում է հանքարդյունաբերության ճյուղի ազդեցությունը արդյունաբերության ցուցանիշների վրա։ Չնայած այստեղ բարձր աճ ունենք, այնուհանդերձ աճն ամսեամիս փոքրանում է։ Սկսել են զգացնել տալ նախորդ տարվա հետևանքները։ Նախորդ տարվա բարձր բազան այլևս թույլ չի տալիս ընդերքի շահագործման ավելի մեծ տեմպ ապահովել։

Ու հիմա արդյունաբերությունը ևս բախվել է դեռևս պահպանվող չնչին աճը կորցնելու վտանգին։ Արդեն կան կանխատեսումներ, որ տնտեսության այս հատվածը ևս տարին կփակի անկումով։

Ոլորտի մյուս ճյուղերում տեղաշարժ չկա։ Նախկինում այդքան փառաբանվող մշակող արդյունաբերությունը, որը դարձել էր նոր իշխանությունների հաղթաթուղթը՝ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխությունների մասին բարձրագոչ հայտարարություններ անելու համար, ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել անկումային իրավիճակը։

Ոչ վաղ անցյալում էլ Նիկոլ Փաշինյանն առևտրի ոլորտի ՀԴՄ շրջանառությունների վերաբերյալ տվյալներն էր մեջբերում՝ փորձելով ցույց տալ, որ Հայաստանում սոցիալական իրավիճակն այնքան վատ չէ, որքան ներկայացվում է։

«2020թ. օգոստոսին, 2019-ի օգոստոսի համեմատությամբ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով: Այս ցածր ցուցանիշին նոր ենք հասել, մարտից սկսած այդ ցուցանիշը բարձր էր, նվազում է: Այս թիվն ինքնին պետք է վկայի այն մասին, որ, անկասկած, ունենք սոցիալական խնդիրներ, բայց սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ չունենք»։ Այս հայտարարությունը կառավարության ղեկավարն արեց սեպտեմբերի 10-ին, երբ պաշտոնական վիճակագրությունը դեռ չէր հրապարակել օգոստոսի տվյալները։ Հիմա դրանք հայտնի են ու ոչ մի կերպ չեն համընկնում վարչապետի լավատեսության հետ։

Օգոստոսին առևտրի ոլորտում ունեցել ենք շրջանառությունների գրեթե 15 տոկոսանոց անկում։ Նույնիսկ ավելի շատ, քան եղել էր հուլիսին։

Շրջանառությունների նվազումը շատ ավելի մեծ է ծառայությունների դեպքում, որը պակաս կարևոր ցուցիչ չէ՝ սոցիալական իրավիճակի գնահատման համար։ Օգոստոսին ծառայությունների ոլորտի անկումը կազմել է 19,3 տոկոս։

8 ամիսների տվյալներով՝ առևտրի շրջանառությունները մեր երկրում կրճատվել են՝ 11,5, ծառայություններինը՝ 10,8 տոկոսով։ Երկու դեպքում էլ ունենք երկնիշ անկում։

Երկնիշ անկում ունենք նաև շինարարության մեջ։ Տարեվերջից 4 ամիս առաջ այն անցնում է 19 տոկոսից։ Օգոստոսին ևս չի հաջողվել վերականգնել շինարարության ոլորտի նախորդ տարվա մակարդակը, իսկ վարչապետը խոսում է երկիրը մեծ շինհրապարակի վերածելու մասին։

Կրճատվել է նաև արտահանումը։ Օգոստոսին ավելի քիչ ենք արտահանել, քան նախորդ տարվա օգոստոսին։ Արտահանման տարեկան անկումը հասնում է 6 տոկոսի։

Ներմուծման կրճատումը կրկնակի մեծ է։ Ու դա ևս երկրում սոցիալական ու տնտեսական իրավիճակի ոչ պակաս կարևոր բնութագրիչներից է։ Նվազել է պահանջարկը, ինչն էլ բերել է ներկրումների կրճատումներին։

Զարմանալի է, որ այս պայմաններում, երբ խորանում է տնտեսական ակտիվության անկումը, և գրեթե բոլոր ոլորտներում ունենք իրավիճակի վատացում, Հայաստանում ավելանում են աշխատատեղերն ու աշխատավարձի ֆոնդը։ Այդ մասին մինչև վերջերս խոսում էր վարչապետը, հիմա սկսել է հայտարարել նաև Պետեկամուտների կոմիտեն։

Հարց է առաջանում՝ որտե՞ղ է տրամաբանությունը։ Տրամաբանություն գուցե կա, բայց հաստատ այնտեղ չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։

Գործ ունենք ակնհայտ մանիպուլյացիայի հետ։ Բայց դա մեկ այլ թեմա է, որին առանձին կանդրադառնանք։

Հիմա փաստենք, որ տնտեսական իրավիճակը մեր երկրում գնալով վատանում է, և ոչ մի հիմք չկա պնդելու, որ առաջիկայում պատկերը փոխվելու է։ Ընդհակառակը՝ մի պահ արձանագրված նվազումից հետո, վերջին շրջանում վերստին նկատվում է համավարակի ակտիվացում, և դեռ պարզ չէ, թե դա ինչ նոր խնդիրներ կարող է առաջադրել տնտեսությանը և ոչ միայն՝ տնտեսությանը։ Մի շարք երկրներ, համավարակի ակտիվացման պատճառով, կրկին հակված են վերադառնալ սահմանափակումների ռեժիմների խստացման։

Հայաստանում տեղի ունեցող դրսևորումները կստիպե՞ն գնալ նման քայլերի, թե՞ ոչ, առայժմ դժվար է ասել։ Բայց, որ դա ոչ մի լավ բան չի խոստանում տնտեսությանը, արդեն մեկ անգամ տեսել ենք։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս