Սա տանում է հասարակության աղքատացման

Գնաճի մակարդակը Հայաստանում պաշտոնապես ցածր է։ Նույնիսկ ավելի ցածր, քան Կենտրոնական բանկի սահմանած նվազագույն շեմն է։ Օգոստոսին գնաճը կազմել է ընդամենը 1,8 տոկոս։ Բայց, ինչպես միշտ, դա սպառողներն այլ կերպ են զգում իրենց վրա։ Մտեք գյուղմթերքի շուկա և կհամոզվեք։ Անգամ պաշտոնական վիճակագրությունն է դա հավաստում։

Մրգերի գնաճն այս տարի Հայաստանում կազմել է ավելի քան 30 տոկոս։ Բազմաթիվ են այն ապրանքատեսակները, որոնց գներն անհամեմատ ավելի բարձր են։ Ասենք՝ խնձորի գնաճը հասնում է 108 տոկոսի։ Այսինքն՝ այն ավելի քան կրկնակի թանկացել է։ Դեղձի գինն օգոստոսին 47 տոկոսով ավելի է եղել, քան նախորդ տարի։ Ամենապիկ սեզոնին ձմերուկի գնաճը կազմել է շուրջ 83 տոկոս։ Նարինջն ու կիտրոնը նախորդ տարվանից թանկ են, համապատասխանաբար՝ 45,9 և 17,7 տոկոսով։

Գնաճը բարձր է ոչ միայն մրգերի, այլև բանջարեղենի առանձին տեսակների դեպքում։ Խոսքը հատկապես առավել շատ սպառում ունեցողների մասին է. կաղամբն այս տարի 40 տոկոսով ավելի թանկ է։ Լոլիկի գնաճն անցնում է 22 տոկոսից։ Կանաչ լոբին թանկ է շուրջ 27 տոկոսով։

Իհարկե, կան նաև գյուղմթերքներ, որոնք էժանացել են։ Ասենք՝ ճակնդեղը, գլուխ սոխը կամ գազարը։ Պարզ է, որ դրանք այն ապրանքները չեն, որոնք մեծ տեսակարար կշիռ ունեն մարդկանց սպառողական զամբյուղում։ Ու դա է պատճառը, որ ընդամենը 1,8 տոկոս գնաճի պայմաններում, մարդիկ «վայելում» են բազմաթիվ առաջին անհրաժեշտության գյուղմթերքների կտրուկ թանկացման հետևանքները։

Այս պարագայում ոչ մի նշանակություն չունի, որ միջին գնաճը Հայաստանում ցածր է։ Կարևորը ոչ թե գնաճի պաշտոնական թվերն են, այլ դրա ուղղակի ազդեցությունը մարդկանց գրպանի պարունակության վրա։

Մարդկանց գրպանի պարունակությունն այս տարի, անշուշտ, ավելի քիչ է։ Եվ երբ դրան ավելանում է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների բարձր գնաճը, բնական է, որ դա բացասաբար է ազդում սպառողական պահանջարկի վրա։ Մարդիկ ստիպված են լինում կրճատել իրենց ծախսերը։ Բայց անգամ այդ պայմաններում՝ բազմաթիվ գյուղմթերքներ ավելի թանկ են։

Այս տարօրինակության պատճառը պետք է փնտրել արտադրության ծավալների մեջ։ Ենթադրվում է, որ նվազել է ոչ միայն պահանջարկը, այլև առաջարկը։

Ճիշտ է, այս տարի պաշտոնական վիճակագրությունը գյուղատնտեսության ոլորտում աճ է գրանցել, 6 ամսվա տվյալներով՝ այն կազմել է 1,8 տոկոս, բայց դա չի խանգարել, որպեսզի գյուղմթերքների գներն ավելի բարձր լինեն։ Այնպես չէ, որ արտահանումն է ավելացել՝ հանգեցնելով ներքին շուկայում առաջարկի կրճատման։ Գյուղմթերքների արտահանումը նույնիսկ պակասել է։ Ու ստացվել է այնպես, որ մի կողմից՝ ունենք արտադրության ծավալների ավելացում, մյուս կողմից՝ բարձր գնաճ։

Այդպես չի լինում։ Չի լինում, որովհետև առաջարկի ավելացումը, հատկապես՝ մարդկանց եկամուտների նվազման ու սպառողական պահանջարկի անկման պայմաններում, պետք է բերեր գների անկման։ Սակայն ունենք բարձրացում, ինչը նշանակում է, որ գյուղատնտեսության ոլորտի պաշտոնական վիճակագրության հետ ինչ-որ բան է կատարվում։

Առաջին անգամ չէ, որ այդպես է։ Գյուղատնտեսությունը միշտ էլ եղել է իշխանությունների, այսպես ասած, շտապ օգնությունը։ Երբ տնտեսական իրավիճակը երկրում լավ չի եղել, գյուղատնտեսությունը դարձել է փրկօղակ՝ տնտեսական ցուցանիշները որոշ չափով կարգի բերելու համար։

Ըստ էության, նույնը տեղի է ունենում նաև հիմա։ Տնտեսությունը մտել է անկման փուլ, և այլ ոլորտներում իրավիճակի բարելավման հեռանկարներ առայժմ չկան։ Մնում է գյուղատնտեսությունը, որտեղ միշտ էլ կարելի է ցուցանիշներ նկարել։ Գյուղատնտեսության ոլորտի տվյալները հիմնականում աչքաչափով են ձևավորվում։ Ուստի դրանք դզել-փչելու հնարավորություններ միշտ էլ կան։ Այդ մասին երբեմն-երբեմն թեմա բարձրացնում են նաև ոլորտում գործող մասնագիտացված կառույցների ներկայացուցիչները։

Վերջերս նման մի հայտարարություն արեց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը՝ անդրադառնալով խաղողի մթերումների շուրջ ծագած խնդիրներին։

«Իշխանությունը փոխվեց, սակայն տնտեսական աճ ցույց տալու համար նույն մանիպուլյացիաներն են անում: Թվերը, որն ամեն տարի կեղծում, նկարում են, բերել-հասցրել է այս վիճակին, արդեն հոգնեցուցիչ է»,- ասում է Արտակ Սարգսյանը:

Խաղողագործությունը, անշուշտ, միակ ճյուղը չէ, որտեղ նման խնդիր կա։ Թվեր նկարելու հնարավորությունները գյուղատնտեսության մեջ շատ են։ Չնայած դրանից ո՛չ իրական տնտեսությունն է շահում, և ո՛չ էլ սպառողը։

Զարմանալի չէ, գյուղատնտեսության, այդ թվում՝ բուսաբուծության արձանագրած աճերի պայմաններում՝ ունենք բազմաթիվ գյուղմթերքների շատ ավելի բարձր գնաճ։ Երբեմն այն նույնիսկ մի քանի տասնյակ անգամ գերազանցում է գնաճի միջին ցուցանիշը։

Այս տարի գնաճը բարձր է ոչ միայն գյուղմթերքների, այլև ակցիզային ապրանքների շուկայում։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին՝ ծխախոտին և ալկոհոլային խմիչքներին։ Թե՛ մեկ, և թե՛ մյուս դեպքում բարձր գնաճը կառավարության ու իշխանությունների գործողությունների ուղղակի հետևանք է՝ կապված այն հարկային քաղաքականության հետ, որն իրականացվում է մեր երկրում։

Եկամտային համահարթ հարկի դրույքաչափ սահմանելու դիմաց, բյուջեի կորուստներն ինչ-որ չափով փոխհատուցելու համար իշխանությունները գնացին ենթաակցիզային մի շարք ապրանքների ակցիզային դրույքաչափերի բարձրացմանը։ Թեև դա թելադրված էր նաև ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններով, այնուհանդերձ, իշխանափոխությունից հետո կառավարությունը ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի ավելի մեծ քայլերով բարձրացման կուրս է վերցրել։

Թերևս, դա է պատճառը, որ այդ ապրանքները մեր երկրում սկսել են շատ ավելի արագ թանկանալ, քան ակնկալվում էր ի սկզբանե։ Ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գնաճն այս տարի գերազանցել է նույնիսկ 10 տոկոսը։

Որքան էլ ընդունենք, որ գնաճը կարևոր գործոն է տնտեսական զարգացումների համար, այնուհանդերձ, այն լուրջ խնդիր է սպառողների լայն զանգվածների համար։ Հատկապես, երբ գործ ունենք գնաճի խիստ տարբեր դրսևորումների հետ։

Ինչպես միշտ, այն շատ ավելի բարձր է լայն սպառման ապրանքների դեպքում, ինչը սոցիալական առումով անցանկալի երևույթ է։ Առավել ևս, որ իշխանություններն ի վիճակի չեն գնաճի կորուստները փոխհատուցել մարդկանց եկամուտների գոնե համարժեք ավելացմամբ։ Սա տանում է հասարակության աղքատացման, ինչը համավարակից ու տնտեսական ճգնաժամից հետո տեսնում ենք Հայաստանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս