«Անհնար է առարկայական բանակցություններ վարել այն պայմաններում, երբ կողմերից մեկն անընդhատ սպառնում է ուժի կիրառմամբ». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Արցախի բանակցային գործընթացի հետ կապված՝ հայկական կողմը, ի դեմս ՀՀ արտգործնախարարի, հստակ իր դիրքորոշումն արդեն հայտնել է:

«Բանակցություններում մենք չենք ապակառուցողական կողմը, մենք մշտապես հանդես ենք եկել կառուցողական դիրքորոշումներով և հայտարարություններով՝ միտված խաղաղ գործընթացի ամրապնդմանը: Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, թե որ կողմն է կիրառում ռազմատենչ լեզու, որ կողմն է հարձակվում մյուս կողմի վրա և որ կողմն է փորձում տապալել բանակցային գործընթացը»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը հերթական հայտարարությունն է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ նշելով, որ բանակցությունները տապալված են, և, որ այդ տապալման հարցում մեղավոր է հայկական կողմը։

Ինչ վերաբերում է Ալիևի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանի հետ իր հայտնի հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն իրենից ժամանակ է խնդրել՝ երկրի ներսում ընդդիմախոսների հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, ինչի համար ինքը պարտավորվել է պահպանել հրադադարի ռեժիմը, Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում:

Հարցին՝ բանակցային գործընթացի այս պասիվ փուլի պատճառը կորոնավիրո՞ւսն է, թե՞ կան այլ պատճառներ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ հարցին մեկ պատասխան չկա, կա համատեքստերի համագումար, որի պատճառով էլ կա այն, ինչ կա:

«Դուք տեսնում եք, Ադրբեջանի կողմից մշտապես արվում են կատեգորիկ հայտարարություններ, խաղաղ գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումը շատ տրամաբանական է՝ անհնար է նստել, առարկայական բանակցություններ վարել այն պայմաններում, երբ կողմերից մեկը նախ՝ անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ, և երկրորդը, երբ կողմերից մեկը նախապես պայմաններ է դնում: Օրինակ, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Արցախի հարցի հանգուցալուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սա ապակառուցողական, կատեգորիկ հայտարարություն է, որն ավելի անհնար է դարձնում առարկայական քննարկումները»,- հավելեց Ռուբեն Ռուբինյանը:

168.amի  հարցին՝ իրատեսակա՞ն է համարում, որ Արցախի հարցի լուծման համար կգտնվի այնպիսի տարբերակ, որը, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է բազմիցս հայտարարել՝ ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ, բնականաբար, հենց այսօր իրատեսական չէ:

«Ընդհանրապես վարչապետ Փաշինյանի այդ բանաձևը հեծանիվ հայտնագործել չէ: Հայտնի է, որ ցանկացած հակամարտություն, եթե պետք է լուծվի, պիտի լուծվի բոլոր կողմերի ժողովուրդների համաձայնությամբ, որովհետև եթե ժողովուրդներից մեկը համաձայն չէ, ապա այդ հակամարտությունն առնվազն տևական ժամանակ լուծում չի ունենա: Եվ կա երկու տարբերակ՝ կա՛մ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կա՛մ այս հակամարտությունը չի լուծվի»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս