«Առաջարկեցի աշխատել, բայց ոչ տնօրեն․ նա թե՝ այսինքն, ուրիշը լինի տնօրեն, ես իր աշխատակի՞ցը». Նոյեմբերյան համայնքի ղեկավարը՝ նկարչուհու հետ «լեզու չգտնելու» մասին
Ինչպես արդեն գրել էինք, Նոյեմբերյանի բնակիչ, դիզայներ-նկարիչ Ալինա Անանյանը, ով աշխատանքի երկարատև փնտրտուքից հետո որոշել է մշակութային կենտրոն բացել, բախվել է մի շարք խնդիրների:
«Դիմում եմ գրել Նոյեմբերյանի համայնքապետարան՝ խնդրելով աջակցել տարածքով: Հրավիրեցին համայնքապետարան, գնացի՝ ասելով, որ, եթե աշխատանք չեն առաջարկում, ու ես էլ այն չեմ գտնում, որոշել եմ ստուդիա բացել: Համայնքապետ Կարեն Աբազյանը տարավ, տարածքը ցույց տվեց, որը հիմնովին վերանորոգման կարիք ուներ, որի համար 300.000 դրամ է պետք»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Ալինա Անանյանը:
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանն անդրադառնալով թվարկած խնդիրներին՝ ասաց. «Եթե ամեն տեղ սենյակ է եղել, ավագանու կողմից հաստատված գին կա՝ տրվել է վարձով: Բայց քանի որ սենյակի վիճակը վատ էր՝ ասացի, որ, եթե նույնիսկ վերանորոգեք, կմնաք այնքան ժամանակ, ինչքան պետք է: Հետագայի համար էլ բան չենք խոսել, որովհետև ասաց՝ իմ սենյակում պետք է ջուր լինի, և այլն, ես էլ պատասխանեցի, որ ամբողջ համայնքապետարանում սանհանգույցը շենքի վերջնամասում է, ընդհանուր է, առանձին ոչ մի սենյակում նման բան չկա: Ասաց՝ ձե՞ռք եք առնում ինձ, բա էլ ի՞նչ եք առաջարկում: Ասացի՝ հիմա դա է, գնա, նայիր՝ տես հավանո՞ւմ ես, թե՞ ոչ: Նայել էր ու հեռացել՝ առանց որևէ խոսքի»:
Համայնքապետը նկատեց՝ իրենք որևէ բան չունեն նկարչուհու դեմ, նա լավ արվեստագետ է, բայց եղած պայմաններն այդ են: Ավելին, նրա փոխանցմամբ, անգամ աշխատանք են ժամանակին առաջարկել, սակայն Ալինա Անանյանը հրաժարվել է՝ ասելով, թե աշխատավարձը ցածր է:
«Մեր Մշակույթի տան տնօրենը թոշակառու էր, պետք է աշխատանքից դուրս գար, տիկին Անանյանը եկավ ինձ մոտ, ու նրան առաջին անգամ այդ ժամանակ տեսա: Ասաց՝ իմացել է, որ ներկայիս տնօրենը աշխատանքից ազատվում է, տեղը թափուր է մնում, թե՝ բա չի՞ լինի ինձ նշանակեք տնօրեն: Պատասխանեցի, որ իրեն չեմ ճանաչում, հետևաբար՝ տնօրենի պաշտոնում նրան չեմ տեսնում: Առաջարկեցի աշխատել, բայց ոչ տնօրեն, նա թե՝ այսինքն, ուրիշը լինի տնօրեն, ես իր աշխատակի՞ցը: Ես միայն տնօրեն կարող եմ աշխատել: Նույնիսկ ուղարկել եմ Մշակույթի տան տնօրենի մոտ, որ հասկանա, թե ինչպես կարող է աշխատել, հարցրել է, թե՝ հաշվենք, թե եկա, ինչքա՞ն աշխատավարձ եմ ստանալու: Պատասխանել էր, որ մինիմալ աշխատավարձ՝ այն ժամանակ, 55.000 դրամ: Ասել էր, դա մեկ կոշիկի գին էլ չէ»: