Իրենց առաջարկած սենյակում ո՛չ դուռ կար, ո՛չ պատուհան, անգամ սանհանգույց չկար. ո՞վ իր երեխային կբերի. նկարիչը՝ համայնքապետարանի կողմից իրենց հատկացված սենյակի մասին
Նոյեմբերյանի բնակիչ, դիզայներ-նկարիչ Ալինա Անանյանը, ով աշխատանքի երկարատև փնտրտուքից հետո որոշել է մշակութային կենտրոն բացել, բախվել է մի շարք խնդիրների:
«Դիմում եմ գրել Նոյեմբերյանի համայնքապետարան՝ խնդրելով աջակցել տարածքով: Հրավիրեցին համայնքապետարան, գնացի՝ ասելով, որ, եթե աշխատանք չեն առաջարկում, ու ես էլ այն չեմ գտնում, որոշել եմ ստուդիա բացել: Համայնքապետ Կարեն Աբազյանը տարավ, տարածքը ցույց տվեց, որը հիմնովին վերանորոգման կարիք ուներ, որի համար 300.000 դրամ է պետք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալինա Անանյանը:
Բացի դա, ըստ մեր զրուցակցի, ևս մեկ խնդիր կա՝ տարածքը գտնվում է համայնքապետարանի 3-րդ հարկում, և, եթե երեխաներն անընդհատ գնան-գան, աղմկեն, կխանգարեն նրանց աշխատանքին:
«Համայնքապետն ասում է՝ վերանորոգիր, հետո նոր պայմանագրով կվճարես ամեն ամիս: Ես տարածք եմ ուզում, որ իրենք ինձ օգնեն, մեկ ամսով տրամադրեն, ցանկացողները գան, որ ես հասկանամ իմ հետագա քայլերը: Ես չեմ աշխատում, թոշակ էլ չեմ ստանում, դրա համար էլ ասում եմ՝ ինձ աջակցեք, որ տարածք ձեռք բերեմ, հետո կհավաքվեն երեխաներ, և այլն, ու հաջորդ ամսվա համար կվճարեմ: Թող կեղտոտ լինի տարածքը, ես կմաքրեմ, խնդիր չկա, բայց գոնե վերանորոգված լինի: Իրենց առաջարկած սենյակում ոչ դուռ կար, ոչ պատուհան, պատերը սարսափելի էին, անգամ սանհանգույց չկար. ո՞վ իր երեխային կբերի»,- նշեց նա:
Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանի հետ դեռևս կապ հաստատել չի ստացվել, հետևաբար՝ հարցի հետ կապված նրա պատասխանը կներկայացնենք ավելի ուշ: