Անկումը շատ ավելին կլինի. ԿԲ-ն լավատեսության հիմքեր չի տեսնում

Մինչ կառավարությունը դեռևս չի շտապում փոխել այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ ապրիլին ներկայացրած կանխատեսումները, որքան էլ տնտեսության մեջ տեղի ունեցող իրական զարգացումները վաղուց շեղվել են այդ սցենարից, Կենտրոնական բանկը կրկին վերանայել է իր գնահատականները։ Վերանայել ու նվազեցրել է տնտեսական աճի սպասումները։

Կենտրոնական բանկի գնահատականները հիմա անհամեմատ ավելի հոռետեսական են դարձել, քան կային նախկինում։ Տարեվերջին ընդառաջ՝ ԿԲ-ն Հայաստանում տնտեսական իրավիճակի վատացում է կանխատեսում։

Կենտրոնական դրամատունը հիմա արդեն չի հավատում նույնիսկ նախկինում ներկայացված 4 տոկոս անկման հավանականությանը։ Ուստի սպասում է, որ տարեվերջին տնտեսական անկումը կկազմի 6,2 տոկոս։

Թեև դեռ վաղ է ասել, թե այս կանխատեսումը որքանով կլինի վերջնական։ Այս տարվա ընթացքում Կենտրոնական բանկն արդեն երրորդ անգամ է վերանայում իր սպասումները տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և յուրաքանչյուր անգամ բավական մեծ շեղում է արձանագրում։

Չնայած համավարակին և համաշխարհային տնտեսության մեջ սկսված ճգնաժամային երևույթներին, տարեսկզբին Կենտրոնական բանկը բավական լավատես էր Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ։ ԿԲ-ն համարում էր, որ ի հայտ եկած ռիսկերը կկրեն կարճաժամկետ բնույթ, ուստի դրանց ազդեցությունը շատ մեծ չի լինի։

Ըստ այդմ, տարեսկզբին ԿԲ-ն Հայաստանում ոչ շատ, բայց անգամ աճ էր ակնկալում. կանխատեսվում էր ՀՆԱ ընդհուպ 0,7 տոկոս ավելացում։

Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ նման սպասումները չափազանց լավատեսական էին։ Արդեն երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում Կենտրոնական բանկը գնաց բավական կտրուկ վերանայման՝ 0,7 տոկոս աճի փոխարեն՝ կանխատեսելով 4 տոկոս անկում։

Հիմա նույնիսկ 4 տոկոսը ԿԲ-ն ճոխություն է համարում մեր տնտեսության համար։ Կանխատեսումները կանգնել են 6,2 տոկոսի վրա, չնայած չի բացառվում, որ հետագայում ևս մեկ անգամ առաջանա այն վերանայելու և նվազեցնելու անհրաժեշտություն։ Հայաստանի տնտեսության զարգացումների ներկա վիճակը չի փայլում լավատեսությամբ։ Տնտեսական ակտիվության անկումը գնալով խորանում է։ Ու եթե այդպես շարունակվի, ապա տարեվերջին շատ ավելի տխուր պատկեր կունենանք, քան այսօրվա կանխատեսումներն են։

Կենտրոնական բանկն այլևս չի հավատում նաև տնտեսության վերականգնման V-աձև սցենարին։ Ներքին պահանջարկի նվազման հետևանքով՝ տնտեսությունն ավելի դանդաղ ու ավելի երկար ժամանակում կկարողանա հետ բերել կորցրածը։ Հաջորդ տարվա համար տնտեսության աճի ակնկալիքներ կան, բայց տնտեսության լիարժեք վերականգնում չի կանխատեսվում։

Այսինքն՝ տնտեսությունը 2021թ. դեռ շարունակելու է լողալ 2019թ. տնտեսական զարգացումների մակարդակում։ ԿԲ-ն դժվարանում է ասել, երբ տեղի կունենա տնտեսության ամբողջական վերականգնումը, որովհետև անորոշություններն այս պահին շատ են։

Թե տնտեսության անկման խորացումն ու վերականգնման հետաձգումը ինչ է ենթադրում սոցիալական ոլորտում, դժվար չէ ենթադրել։ Դա նշանակում է, որ հետաձգվելու են նաև այստեղ եղած ակնկալիքները։ Հատկապես որ, գնալով մեծանում է պետական բյուջեի ճեղքվածը։

Զարմանալի չէ, որ Կենտրոնական բանկը վերանայել է ոչ միայն այս տարվա տնտեսական անկման, այլև բյուջեի եկամուտների ստացման կանխատեսումը։ Ընդ որում, բավական կտրուկ. նախկին 5,4 տոկոսի փոխարեն՝ հիմա արդեն սպասվում է հարկային եկամուտների 12,1 տոկոս նվազում։ Ու դեռ չհաշված կառավարության նախատեսած աճը, որն ակնկալվում էր ստանալ այս տարվա ընթացքում։

Եթե իրականանան Կենտրոնական բանկի այս կանխատեսումները, ապա բյուջեն կանգնելու է լրջագույն խնդիրների առաջ։ Վերջին 2 տարիներին այն բավական մեծ բեռ է վերցրել, որի տակից շատ դժվար է լինելու դուրս գալ։

Կենտրոնական բանկի սպասումները վատացել են հատկապես շինարարության ու ծառայությունների ոլորտներում։ «Մեծ շինհրապարակի» վերածվող Հայաստանում, Կենտրոնական դրամատունը կանխատեսում է կապիտալ շինարարության ծավալների 18,7 տոկոսանոց նվազում։ Նախկինում անկումը գնահատվում էր 11,2 տոկոս։

Նման կտրուկ վերանայումը, անշուշտ, հիմքեր ունի, և այդ հիմքերը թելադրված են առկա դրսևորումներով։ Վերջին տվյալներով, շինարարության ոլորտի նվազումը հասնում է 23 տոկոսի։ Կրճատվել են նույնիսկ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող շինարարական աշխատանքները։ Չնայած թվում էր, թե տնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարությունը պետք է փորձեր գոնե բյուջետային գումարներով որոշակի խթաններ ստեղծել տնտեսության զարգացումների համար։ Կրկին թերակատարվում են կապիտալ ծախսերը։

Սպասումները վատացել են նաև ծառայությունների հատվածում։ ԿԲ-ն այստեղ կանխատեսում է 6,1 տոկոս նվազում՝ նախկին 4,3 տոկոսի դիմաց։

Չնայած փաստացի իրավիճակն այս պահին ավելի վատ է։ Ունենք 9,3 տոկոս անկում։ Եվ, որ ավելի վատ է, անկումը գնալով խորանում է։ Հուլիսին ծառայությունների ծավալը նախորդ տարվանից պակաս է եղել գրեթե 22 տոկոսով։ Այս միտումը պահպանվելու դեպքում, ինչի հավանականությունը շատ բարձր է, տարեվերջին հաստատ ավելի վատ իրավիճակ ենք ունենալու, քան այսօր կանխատեսում է Կենտրոնական բանկը։

ԿԲ-ն հավատ չունի նաև գյուղատնտեսության նկատմամբ։ Այստեղ ևս անկման խորացում է ակնկալվում, չնայած, առաջին կիսամյակի տվյալներով, պաշտոնական վիճակագրությունը ոչ շատ բարձր, բայց աճ է գրանցել։

Վերջին մի քանի ամիսների տնտեսական զարգացումներից հետո միակ «լուսավոր» կետը, որը տեսնում է ԿԲ-ն, արդյունաբերությունն է։ Արդյունաբերության ցուցանիշը վերանայվել է դեպի վերև։ Նախկինում սպասումներն այստեղ անկումային էին, հիմա կան աճի ակնկալիքներ, որոնք կապված են գերազանցապես հանքահումքային ճյուղի զարգացումների հետ։ Համաշխարհային շուկայում մետաղների գների կանխատեսվող երկարաժամկետ նվազումը տեղի չունեցավ։ Կարճ ժամանակ հետո գները վերականգնվեցին և հիմա գտնվում են բավական բարձր դիրքում, ինչը դրական ազդեցություն է ունենում արդյունաբերության ոլորտի ցուցանիշների վրա։ Հատկապես որ, տեղի է ունենում ընդերքի շահագործման ծավալների ակտիվ ավելացում։

Ահա այսպիսին են Կենտրոնական բանկի գնահատականները Հայաստանի տնտեսության առաջիկա զարգացումների վերաբերյալ։ Դրանք հիմք են տալիս ասելու, որ տնտեսության անկումը դեռևս չի հասել հատակին։ Ուստի առայժմ վաղ է խոսել նաև վերականգնման հեռանկարների մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս