Ինչու չի կայանում պետություն-մասնավոր համագործակցությունը
Պետություն-մասնավոր համագործակցությունը, որի հետ իշխանությունները մեծ հույսեր են կապում տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու գործընթացում, ոչ մի կերպ չի կայանում։ Ամիսը մեկ կառավարությունում հավաքվում, քննարկում են այդպիսի ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ընթացքը, բայց գործը տեղից չի շարժվում։
Վերջին անգամ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ կրկին հայտարարվեց, որ ընթացքի մեջ են մի քանի ներդրումային ծրագրեր, մի քանիսն էլ ուսումնասիրման փուլում են։ Իրավիճակը, ըստ էության, այդպիսին էր նաև 1 ամիս առաջ։ Այն ժամանակ էլ զեկուցվեց, որ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում նախատեսվող 6-7 ներդրումային ծրագրեր։ Չկա ոչ մի կոնկրետություն, թե այդ աշխատանքները երբ կավարտվեն և, ի վերջո, երբ հնարավոր կլինի խոսել դրանց իրականացման նույնիսկ հնարավոր ժամկետների մասին։
Չնայած անգամ ծրագրի հաստատումը բավարար չէ հուսալու, որ այն կմեկնարկի։
Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում կառավարությունը հաստատեց այդպիսի մի 4 մլն դոլարանոց ծրագիր՝ կորեական ավտոբուսների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ։ Որոշ պաշտոնյաներ սկսեցին ոգևորությամբ խոսել, թե ուր որ է Հայաստանը սկսելու է ավտոբուսներ արտարադրել, թեև խոսքն ընդամենը պահեստամասերը դրսից բերելու և Հայաստանում ավտոբուս հավաքելու մասին էր։ Բայց դա էլ կարծես գլուխ չի գալիս։
Պետություն-մասնավոր համագործակցությունն ակնհայտորեն չի կայանում։ Որքան էլ համարենք, որ համավարակը խոչընդոտ է արտաքին ներդրողների համար, խնդիրը միայն դրանում չէ։ Պետությունը, ի դեմս գործող իշխանությունների, կորցրել է վստահությունը ներդրողների շրջանում։ Ո՞վ կուզենա համագործակցության մեջ մտնել մի իշխանության հետ, որը քաղաքական նպատակներով արհամարհում ու ոտնահարում է ներդրողի իրավունքները։
Հայաստանում ներդրողների պաշտպանության ինստիտուտը նախկինում էլ մի բան չէր, վերջին 2 տարիներին այնքան է իջեցվել, որ որևէ խելքը գլխին մարդ չի ուզենա մեր տնտեսությանը վստահել իր գումարները։ Նույնիսկ, եթե ծրագրին մասնակցում է պետությունը։
Իշխանությունը Հայաստանում վստահելի գործընկեր չէ ներդրողի համար՝ լինի արտաքին թե ներքին։ Յուրաքանչյուր պահի կարող են խնդիրներ ստեղծել՝ ելնելով քաղաքական նպատակահարմարություններից։
Նման գործելաոճը չի կարող ընդունելի լինել ներդրողի համար։ Այդպիսի իշխանություններից ներդրողներն աշխատում են հնարավորինս հեռու մնալ։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ ծրագրերը կարող են լինել պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում։
Զարմանալի չէ, որ այսօր պետությունը պատրաստ է մասնակցել ներդրումային ծրագրերում, բայց ներդրողները մոտ չեն գալիս։ Իշխանությունն այնպես է խառնել երկրի ներդրումային միջավայրը, որ տարիներ են պետք, որպեսզի այն խելքի գա։
Սա խնդիր է, որն ամենևին էլ կապված չէ համավարակի հետ, և պետք չէ կարծել, որ այս վիճակի մեղավորը համավարակն է։ Մինչև համավարակն էլ ներդրողների ուշքը չէր գնում Հայաստանում ներդրումներ անելու համար՝ չնայած «թավշյա հեղափոխության» ընձեռած «աննախադեպ» հնարավորություններին ու ստեղծած «իդեալական» պայմաններին։
Ներդրումային միջավայրի լավագույն գնահատականը ներդրումների ծավալն է։ Իսկ այդ առումով, ինչպես 1 կամ 2 տարի առաջ, այնպես էլ հիմա իշխանությունները հպարտանալու առիթ չունեն։
Այսքանից հետո չպետք է զարմանալ, որ նույնիսկ պետություն-մասնավոր համագործակցությունը չի կայանում՝ մեծացնելով ճգնաժամի հետևանքները տնտեսության վրա։
Տարօրինակ չէ, որ չնայած կառավարության նախաձեռնած 2 տասնյակից ավելի հակաճգնաժամային միջոցառումներին՝ չկան տնտեսական ակտիվության վերականգնման նշաններ։ Անկումը մի բան էլ խորանում է։
Ավելին, հակաճգնաժամային միջոցառումների մեկնարկից 4-5 ամիս հետո էլ շարունակում է արձանագրվել երկնիշ նվազում, ինչի հետևանքով տարեվերջից 5 ամիս առաջ տնտեսական ակտիվության անկումը մեր երկրում հասել է գրեթե 6 տոկոսի։ Բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս միտումն առաջիկայում դեռևս պահպանվելու է, ինչը նշանակում է, որ տնտեսական անկումը մեր երկրում շարունակելու է խորանալ։
Այս տեմպով գնալու դեպքում տարեվերջին այն կարող է հասնել մինչև անգամ 10 տոկոսի։ Իսկ դա նշանակում է, որ սրվելու են ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական խնդիրները։
Տնտեսական անկման խորացման հետևանքներից զերծ չի մնալու նաև պետական բյուջեն, որն արդեն այսօր բախվել է եկամուտների կատարման լուրջ դժվարությունների հետ։ 2 տոկոս տնտեսական անկման պայմաններում հաշվարկվել է, որ բյուջեի թերակատարումը կկազմի 169 մլրդ դրամ։ Բայց 2 տոկոս անկման հավանականությանն այլևս ոչ ոք չի հավատում։
Նույնիսկ ամենալավատեսական գնահատումներով՝ անկումը տարեվերջին շատ ավելի բարձր կլինի, քան հայտարարված 2 տոկոսն է։ Որքան անկումը մեծ լինի, այնքան կմեծանան նաև բյուջեի եկամուտների թերակատարման ռիսկերը։
Պակաս ստացվող եկամուտների մի մասի խնդիրը կառավարությունը կարծես լուծել է՝ ներքին և արտաքին աղբյուրներից նոր պարտքային բեռ ստանձնելու ճանապարհով։
Իսկ ի՞նչ է սպասվում եկամուտների մյուս մասին, որոնք ևս հարցականի տակ են։
Այս հարցի պատասխանն առայժմ մնում է օդից կախված։ Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները, որոնք ուղղված են տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելուն, չեն տալիս բավարար արդյունք։ Չի կայանում ակնկալվող պետություն-մասնավոր համագործակցությունը։ Չկան զարգացման ծրագրեր, որոնք իսկապես կարող էին թուլացնել ճգնաժամի ազդեցությունը տնտեսության ու հասարակության վրա։ Դրանք չեն էլ լինի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները տնտեսությանը վերաբերվում են իրենց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ