Պատկերացնենք, թե հայ հասարակությունը ինչպիսի ֆեյսբուքյան տեղատարափ կտեղար, եթե Հենրիխ Մխիթարյանը դիվանագիտական անձնագրից զրկվեր «Սերժի վախտ». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ համացանցում ակտիվ քննարկվում էր Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին տեղեկությունը: Թե՛ Մխիթարյանի, թե՛ այլ անձանց դեպքում դիվանագիտական անձնագրերից զրկելու հարցերը կարգավորվում են դիվանագիտության մասին նոր օրենսդրական փոփոխություններով, որոնք պարզապես ուժի մեջ են մտել հուլիսի 31-ից, չնայած ընդունվել էին ավելի վաղ:
Սակայն մի կողմ թողնենք խնդրի, այսպես ասած, իրավական և տեխնիկական կողմը: Առավել հետաքրքիր է հետևել կոնկրետ Մխիթարյանի դեպքի առնչությամբ հասարակության արձագանքին, հատկապես ժամանակների փոփոխության կոնտեքստում:
Պատկերացնենք, թե հայ հասարակությունը Հայաստանում և Հայաստանից դուրս ինչպիսի ֆեյսբուքյան տեղատարափ կտեղար, եթե վերջինս դիվանագիտական անձնագրից զրկվեր, ինչպես մոդայիկ է այսօր ասել, «Սերժի վախտ»:
Հիմա այդ արձագանքը բոլորովին այլ է, շատերը անձնագրից զրկելու որոշումը կապում են երկրի նոր իշխանությունների հետ և աջակցում են այդ որոշմանը:
Դեռևս մի քանի ամիս առաջ Մխիթարյանը հերոս էր, ինչպես առաջին նախագահն էր ասում՝ հայ ժողովրդի միակ ուրախությունը:
Հիմա հայ ժողովուրդը հասկանալի պատճառներով այլ հերոսի է երկրպագում: Եվ խնդիրն այստեղ ոչ թե հերոսներին իրար հակադրելն է, այլ ընդհանրապես՝ հայ ժողովրդի՝ անդադար հերոսներ ունենալու, միաժամանակ հընթացս հներին հերոսների ցանկից դուրս շպրտելու և նորերին գտնելու փափագը:
Կայացած հասարակությունները, պետություն ունեցող հասարակությունները ամուր են իրենց պետական ինստիտուտներով, տնտեսությամբ, անվտանգության համակարգով, բազմաթիվ այլ չափանիշներով, բայց ոչ հերոսներով:
Հերոսներ, իհարկե, պետք են և հերոսներ ունեն բոլորը: Բայց հերոսներն ունեն իրենց ժամանակը, և այդ ժամանակը սովորաբար ոչ թե խաղաղ ժամանակն է, այլ տարերքների, պատերազմների, արհավիրքների: Հայ ժողովուրդը, ցավոք, հերոսների կարիք է զգում նույնիսկ խաղաղ ժամանակներում: Միաժամանակ որևէ կերպ իրեն չի սահմանափակում ըստ իրավիճակի անարգել հին հերոսներին ու երկրպագել նորերին:
Այս տրամաբանությունը շահարկողները պետք է հասկանան, որ հերոսների հարցում մեր ժողովրդի ճաշակը փոփոխական է և մի օր գուցե իրենք էլ հայտնվեն մոռացված հերոսների ցանկում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: