«Եթե տագնապ հայտարարվեց, և անձը չեկավ զորամաս, չէ՞ որ ինքը կամավորական է, ի՞նչ է արվելու այդ դեպքում». Մհեր Հակոբյան

Ռազմական պատմության 5-հազարամյա ընթացքը ցույց է տվել, որ կանոնավոր բանակը միշտ ուժեղ է աշխարհազորից: Եվ մեր հասարակությունն աճել և հասել է նրան, որ մենք ունենք կանոնավոր բանակ: 168.am-ի հետ զրույցում նշեց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով  ՀՀ-ում աշխարհազոր ստեղծելու նախագծին:

«Ես երկար եմ ուսումնասիրել ռազմական պատմություն և իմ համոզմունքն և հավատամքն է՝ կանոնավոր բանակ: Մնացած ամեն ինչ պետք է հնարավորինս դրա սահմաններում գործի: Ստեղծելով աշխարհազոր, մենք կարծես մեկ քայլ հետ ենք անում, նահանջ կանոնավորից: Պարզ մի առաջարկ՝ կա՞ն կամավորներ, հիանալի է, ընդհանուր մոբիլիզացիոն պատրաստության շրջանակներում այդ մարդկանց պատրաստենք, պատերազմի ժամանակ էլ ընդգրկենք բանակային X զորամիավորման կազմում: Հավաքվեցի՞ն 1000 հոգի, հիանալի է, կլինի կամավորական 1-ին բրիգադ, և՞ս 1000 հոգի՝ 2-րդ բրիգադ, և՞ս 300 հոգի՝ 1-ին առանձնացված գումարտակ և այլն, բայց  կանոնավոր բանակի կազմում և մոբիլիզացիոն համալրման սահմաններում: Այսպես ես վախենում եմ, որ մարդիկ «պրեստիժի» խաթր աշխարհազորային կգրվեն, որ համազգեստով հպարտանան, բաց կթողնեն, կալարեն մարզումների գալ, խաղաղ ժամանակ թղթի վրա կգործի, լավագույն դեպքում, իրենց հրամանատարությունը, այն էլ՝ սենյակներում նստած, իսկ պատերազմական դրության մեջ էլ կամ լիարժեք չեն հավաքվի, կամ էլ թերի պատրաստված կլինեն:

Ես անհանգստանում եմ, որ թղթի վրա, ձևական, զենքով, ինքնավստահ, անպատասխանատու մարդկանց հավաքածու չստանանք: Արդյունքում՝ թղթի վրա կունենանք 100.000-անոց զորք, բայց իրականում՝ ավելի քիչ: Եվ ամենակարևորը՝ աշխարհազորայինների կարգավիճակի հետ կապված հարցեր կան: Ասվում է՝ պատերազմի ժամանակ աշխարհազորայինը զինծառայողի կարգավիճակ է ունենալու, հիմա հարց՝ եթե նա լքեց զորամասը, դասալքության հոդվածն իր վրա տարածվելո՞ւ է, տարածվելու է: Բայց եթե տագնապ հայտարարվեց, և անձը չեկավ զորամաս, չէ՞ որ ինքը կամավորական է, ի՞նչ է արվելու այդ դեպքում: Պարզ է, որ լուծում կտրվի, սակայն սա թերի կարգավորման օրինակներից ընդամենը մեկն է: Կրկնում եմ՝ միայն և միայն կանոնավոր բանակ, պետք չէ, թեկուզ մասնակի, իջնել աշխարհազորի փուլին, կարիք կա՞ կամավորականներ հավաքել, խնդիր չկա, թող հավաքվեն և ընդգրկվեն բանակային համակարգում: Ոչ մի զուգահեռ կառավարում կամ զուգահեռ զինված միավորում, «այլ զորքերը» (Սահմանապահ, ներքին.- Մ.Պ.), հաշվի առնելով իրենց գործառութային առանձնահատկությունները, մեզ լիովին հերիք են»:

Տեսանյութեր

Լրահոս