Նիկոլ Փաշինյանի անցյալն ու ներկան

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտեցումները շատ ու շատ հարցերում փոխվել են։ Գուցե իրականում չեն էլ փոխվել, և նախկինում էլ նա այդպիսին է եղել, ուղղակի կարողացել է այլ կերպ ներկայանալ։ Հիմա, երբ իշխանության է, ամեն ինչ կարծես իր տեղն է ընկել։

Եթե առաջ չէր կարելի մարդուն դարձնել տուգանքի մատերիալ, ապա հիմա դա համատարած է։ Կարևոր չէ, թե ինչի համար են տուգանում։ Տուգանելը մնում է տուգանել։ Հիմա մարդը լիարժեք դարձել է տուգանքի մատերիալ և ամեն քայլափոխի կարող է բախվել այդ խնդրի հետ։

Նախկինում Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ էր պետական պարտքեր ներգրավելուն, հիմա, ինչպես տեսնում ենք, հաճույքով է պարտքեր վերցնում։

Ընդամենը 2 տարում նա հասցրել է պետական պարտքն ավելացնել գրեթե 1,3 մլրդ դոլարով ու շարունակում է ավելացնել։ Հիմա արդեն պարտք ավելացնելն այլևս բեռ չէ պետության ու ժողովրդի վրա։ Մի բան էլ ժողովուրդը պետք է գոհ լինի, որ երկիրը մտնում է նոր պարտքերի տակ։

Թե նախորդ 2-2,5 տարում Նիկոլ Փաշինյանի «սկզբունքային» մոտեցումներում ինչպիսի փոփոխություններ են կատարվել, կարելի է երկար թվարկել։ Բայց անդրադառնանք դրանցից մեկին, որն արդարացիորեն վրդովեցրել է շատերին։

Նախկինում դեմ լինելով հասարակության վրա հարկային ճնշումը ավելացնելուն, նա հիմա առանց վարանելու՝ դա է անում։ Մի բան էլ դժգոհում է, որ մարդիկ բողոքում են։

«Ասում են՝ կառավարությունը գույքահարկն ավելացրել ա. գույքահարկը, առաջին հերթին, այս ճանապարհն է դառնալու, ձեր մանկապարտեզն է դառնալու։ Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե, որովհետև դա դառնում է ճանապարհ։ Այդ գույքահարկը, որ ավելացրինք, հորս տո՞ւն եմ տանելու։ Ոչ, ձեր հոր տունն է մտնելու, ձեր հայրական տների ճանապարհն է այդ գույքահարկը, մանկապարտեզը, դպրոցն է այդ գույքահարկը»,- Տավուշում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասում էր վարչապետը։

Նման բան ասելուց առաջ կառավարության ղեկավարը պարտավոր է նախ և առաջ ինքն այդպիսին լինել։ Խոսքն իր կողմից բյուջե վճարվող հարկերի մասին չէ։ Խոսքն այդ հարկերից կատարվող ծախսերի մասին է։

Երբ վարչապետը հայտարարում է, որ այդ հարկերն են դառնում ճանապարհ ու մանկապարտեզ, պետք է հիշի, որ այդ նույն հարկերից են գոյանում նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգևավճարները։

Քանի՞ նման ճանապարհ ու մանկապարտեզ կարելի էր կառուցել, եթե այդքան գումարներ չվատնվեին պաշտոնյաների պարգևավճարների վրա։

Հիշեցնենք, որ խոսքն առնվազն 120 մլն դոլարի մասին է։ Պաշտոնյաներին միլիոնավոր դրամների պարգևավճարներ են տալիս, իսկ գյուղացու վրա մուննաթ գալիս, թե կարելի է բերանից կտրել ու տալ բյուջեին։

Իսկ եթե մարդը չունի այդ գումարներ, որտեղի՞ց կտրի ու տա բյուջեին։ Այսքան ժամանակ քանի՞ դրամով են ավելացրել մարդկանց եկամուտները, որ հիմա էլ պահանջում են։ 2,5 տարում կառավարությունն ընդամենը 3 հազար դրամով թոշակ է բարձրացրել ու կարծում է, թե դրանով մեծ բան է արել։

Մարդկանցից պահանջելուց առաջ լավ կլիներ, որպեսզի վարչապետը մտածեր բյուջեի փողերն արդյունավետ ծախսելու մասին։ Երբ 1 կամ 2 մլն դոլար էին տրամադրում կառավարական առանձնատունը վերանորոգելու համար, այն ժամանակ էր պետք մտածել բյուջեի մասին։ Երբ մի քանի հարյուր հազար դոլար էր ծախսվում Միացյալ Նահանգներ ինչ-որ անհասկանալի ու անպտուղ այցեր կատարելու համար, այն ժամանակ էր պետք մտածել բյուջեի մասին։ Երբ վարչապետի համար նոր ծառայողական մեքենաներ էին գնվում հարյուր-հազարավոր դոլարներով, այն ժամանակ էր պետք մտածել բյուջեի մասին։ Նաև այն մասին, թե քանի ճանապարհ ու մանկապարտեզ կարող է կառուցվել այդ գումարներով։

Հավանաբար շատերը կհիշեն, թե ինչ գումարների մասին էր խոսվում, որը ծախսվել էր բյուջեից վարչապետի կնոջ հարդարանքի վրա։

Գյուղացու վրա մուննաթ գալուց առաջ, լավ կլինի, որպեսզի վարչապետն այս ամենի մասին հիշի։ Հատկապես որ, թվարկվածներն այսքանով չէ, որ սահմանափակվում են։

Բյուջեի ծախսերի արդյունավետությունը միշտ էլ ցածր է եղել, այսօր էլ նույնն է։ Այն, որ միլիարդավոր դրամների մեկ անձից գնումներ են կատարվում, ո՞վ է երաշխավորել, որ այդտեղ կոռուպցիոն ռիսկեր չկան և չարաշահումներ ու վատնումներ չեն արվում։

Մեկ անձից գնումների ռիսկայնությունը միշտ էլ բարձր է եղել։ Եվ ոչ միայն չարաշահումների, այլև արդյունավետության ու արդար մրցակցության առումով։

Ո՞վ կարող է երաշխավորել, որ 1 միլիոնանոց գնումը մեկ անձից կատարելու դեպքում չի դառնում 1,5 միլիոն։ Չկա նման երաշխիք։ Սրա մասին է պետք մտածել։

Պարզ է, բյուջեում փող չկա, ու կառավարությունը նոր աղբյուրներ է փնտրում՝ բյուջեի բացերը լրացնելու համար։ Բայց պետք է գիտակցել, որ սա լավագույն պահը չէ մարդկանց վրա հարկային ճնշումը մեծացնելու համար։ Եվ ոչ միայն մարդկանց, այլև տնտեսության։

Ճգնաժամերի պայմաններում, երբ խորանում են տնտեսության վնասներն ու նվազում մարդկանց եկամուտները՝ անմտության է մտածել հարկային բեռի ավելացման մասին։ Մի բան, ինչը, սակայն, մեզ չի սպառնում։

Հաջորդ տարվանից կառավարությունը պատրաստվում է կիրառել գույքարհարկի նոր օրենքը, որով անշարժ գույքն ամբողջությամբ դրվում է հարկման տակ։ Ու եթե նախկինում մարդիկ ընդհանրապես չէին վճարում գույքահարկ կամ ազատված էին դրանից, հիմա ստիպված են լինելու վճարել։

Հարկային բեռի հետ կապված խնդիրները միայն գույքահարկով չեն սահմանափակվում։

Քննարկվում է հասարակությանն առնչվող ևս մեկ օրենքի՝ գույքի ու եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման հարցը։ Ակնկալվում է, որ դա ևս կլինի հաջորդ տարի։ Թե ինչ խնդիրների կարող են բախվել բազմաթիվ քաղաքացիներ այդ ինստիտուտի ներդրման արդյունքում, ժամանակին շատ է խոսվել։ Դեռ առիթ կլինի էլի խոսելու։

Շատ շուտով բախվելու ենք նաև մեկ այլ երևույթի հետ. մի շարք երկրներից ներմուծվող ապրանքների համար մաքսազերծման նոր կանոններ են սկսել գործել, որոնք հանգեցնելու են այդ ապրանքների գների բարձրացման։ Ու այդ բեռը կրկին ընկնելու է սպառողների վրա։ Այն սպառողների, որոնց եկամուտները Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում ոչ միայն չեն ավելացել, այլև մի բան էլ նվազել են։

Այնպես որ, պահանջելուց առաջ լավ կլիներ նախ մտածել մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին։ Թե չէ, ով ասես՝ կարող է պահանջել՝ մարդիկ պետք է հնարավորություն ունենան, որպեսզի վճարեն։ Կարևոր չէ, թե խոսքն ինչ գումարի մասին է։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս