Հեգսեթը հայտարարել է թմրանյութեր տեղափոխող հերթական նավակի ոչնչացման մասին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է ԱՄՆ ուժերի կողմից Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում նավակի ոչնչացման մասին, որը, ենթադրաբար, օգտագործվում էր թմրանյութերի տեղափոխման համար:
Հեգսեթը X սոցիալական հարթակում հայտնել է, որ հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։ Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն՝ նավակով թմրանյութեր էին տեղափոխում այն կազմակերպության անդամները, որը Վաշինգտոնը համարում է ահաբեկչական։ Կազմակերպության անունը չի նշվում։
«Հարվածի ընթացքում ամերիկյան ուժերը չեն տուժել, իսկ նավակում գտնվող երկու թմրաահաբեկիչները սպանվել են», – գրել է Հեգսեթը։
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ ԱՄՆ ուժերը «կգտնեն և կոչնչացնեն այն բոլոր նավերը», որոնցով փորձում են ապօրինի թմրանյութեր տեղափոխել ԱՄՆ։ «Ոչ մի կարտել շանսեր չունի ամերիկացի զինվորականների դեմ», – հավելել է Հեգսեթը։
Վերջին շաբաթներին ԱՄՆ ուժերը բազմիցս հայտարարել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում Խաղաղ օվկիանոսում նավակներ ոչնչացնելու մասին:

