«Վարչապետի հնչեցրած 2,5 տոկոսանոց անկումը չի համընկնում պետական վիճակագրություն վարող մարմնի հրապարակած տվյալների հետ». Տնտեսագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց, որ աներկբա է այն, որ կորոնավիրուսն էական սոցիալական և տնտեսական վնասներ է պատճառել, սակայն կարևոր է գնահատել, թե ինչ աստիճանի են այդ վնասները։
«Իհարկե, տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հանրահայտ են, այստեղ մենք միշտ ունենում ենք խնդիրներ՝ ունենալու ճշգրիտ ինդիկատորներ, թե ինչ սոցիալական իրավիճակ է տիրում երկրում, և որքանով է սոցիալական իրավիճակը սրվել։ Հարցը հետևյալն է՝ կա՞ն ցուցանիշներ, որոնք մեզ կօգնեն հասկանալ, թե ինչ վիճակի սոցիալական վատթարացում է տեղի ունեցել երկրում։ Կարծում եմ՝ ՀԴՄ կտրոններով առևտրի շրջանառությունը կարող է այդ մասին վկայել։ Խոսքը մարդկանց կողմից արվող առևտրի մասին է, այսինքն՝ վերլուծությամբ չեն այդ թվերը ստացվում, այլ ստացվում են կոնկրետ արված առևտրով և բաց թողնված ՀԴՄ կտրոններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ներկայացնելով տվյալները՝ վարչապետն ասաց, որ 2019 թվականի օգոստոսի համեմատ, այս տարվա օգոստոսին ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով, որը վերաբերում է առևտրի բոլոր կենտրոններին՝ խանութներից մինչև ռեստորաններ։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ նման ցածր ցուցանիշ նոր է հաստատվել, քանի որ մարտից սկսած այդ ցուցանիշը բավականին բարձր է եղել։
168.am-ի հետ զրուցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն անդրադառնալով վարչապետի հայտարարությանը և վկայակոչած տվյալին՝ նկատեց.
«Ազգային վիճակագրական ծառայության կողմից բոլորովին վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ մենք առաջին 7 ամիսների կտրվածքով առևտրի ոլորտում ունենք 10 տոկոսանոց անկում։ Հետևաբար, Կառավարության նիստի ժամանակ վարչապետի հնչեցրած 2,5 տոկոսանոց անկումը չի համընկնում պետական վիճակագրություն վարող մարմնի հրապարակած տվյալների հետ։ Ավելին ասեմ, ըստ էության, մենք, համավարակով պայմանավորված, բոլոր ոլորտներում ունենք անկում՝ սկսած առևտրի, ծառայությունների, շինարարության և այլ ոլորտներից։ Այդ ոլորտներում եղած անկման թվերը համադրելով՝ միանշանակ ակնհայտ է դառնում, որ տնտեսությունում ճգնաժամային իրավիճակ է։ Ցավալին այն է, որ չենք նկատում այդ անկման դինամիկայի թուլացում, այլ ընդհակառակը՝ ցուցանիշները գնալով ավելի են նկատվում»։
Ըստ տնտեսագետի, մարտից սկսած՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսությունում ծագած խնդիրներին Կառավարությունը փորձում է կարճաժամկետ, այդրոպեական ու ոչ արդյունավետ լուծումներ տալ, որի արդյունքում պետական բյուջեից որոշակի միջոցներ են ուղղվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը։ Սակայն այդ ռեսուրսները փաստացի ազդեցություն չեն ունենում, ինչը նշանակում է, որ պետական միջոցները փոշիացվում են։