Ինչու մարդիկ չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան. հարցի պատասխանը պետք է այլ տեղ փնտրել
Ռուսաստանում բնակվող մեր բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր համավարակից առաջ եկել էին Հայաստան ու հիմա չեն կարողանում վերադառնալ, հայտնվել են անելանելի իրավիճակում։ Ամիսներ շարունակ զրկված լինելով աշխատանքից՝ նրանցից շատերը կանգնել են ծանր ֆինանսական կացության առաջ և չունեն ապրելու հնարավորություն։
Մարդիկ ուզում են վերադառնալ իրենց բնակության ու աշխատանքի վայր, իրենց ընտանիքների մոտ, բայց չեն կարողանում։ Հարևանները, այդ թվում՝ Վրաստանն ու Ռուսաստանը, ամուր փակել են իրենց սահմանները, և հայտնի չէ, թե երբ կբացեն։ Իրենց վերադառնալու հնարավորություն տալու համար մարդիկ մե՛կ կառավարության դիմաց են բողոքի ցույցեր կազմակերպում, մե՛կ արտաքին գործերի նախարարության ու Ազգային ժողովի։ Բայց խնդիրը այդպես էլ տեղից չի շարժվում։
Իշխանության ներկայացուցիչները խոսքները մեկ արած պնդում են, որ ոչնչով չեն կարող օգնել այս մարդկանց, որովհետև Վրաստանն ու Ռուսաստանը չեն բացում իրենց սահմանները Հայաստանի քաղաքացիների համար։
«Այդ երկրի կանոններն են, ժողովուրդ ջան, ոնց մենք ենք մեր կանոններն իրականացնում։ Մեզնից ի՞նչ եք ուզում. ո՞վ է ձեզ պահել, ո՞նց ենք պահել: Հիմա ուզո՞ւմ եք, որ ես լուծեմ ուրիշ երկրի խնդիրները»,- Ռուսաստան մեկնել ցանկացողներին օրերս համոզում էր արտգործնախարարը։
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ևս Ռուսաստան մեկնելու համար բողոքող քաղաքացիների հետ հանդիպմանը համառորեն փորձում էր առաջ տանել այն թեզը, որ Հայաստանի իշխանությունները ոչնչով մեղավոր չեն սահմանների փակ լինելու համար, որ Հայաստանի հետ օդային ու ցամաքային սահմանները փակելու որոշումը ոչ թե մեր, այլ Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունների որոշումն է։
«Չհավատաք, որ մեկը գա ձեզ ասի՝ այդ հարցը լուծելու է․ այդ հարցը մեր ձեռքում չէ, որ կարողանանք լուծել, մենք հիմա բանակցում ենք ամենօրյա ռեժիմով, փորձում ենք չվերթերը վերականգնել ոչ միայն ձեզ համար, այլև, որ մարդիկ գան այստեղ, փող մտնի երկիր, տնտեսությունը չփլվի. հյուրանոցները դատարկ են»,- ասում էր Ազգային ժողովի փոխնախագահը։
Այն, որ Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունների որոշումն է՝ փակել սահմանը Հայաստանի քաղաքացիների առաջ, իրականում այդպես էլ կա։ Բայց հետաքրքիր է, որ այդ մասին խոսող պաշտոնյաներից որևէ մեկը չի ասում, թե ինչո՞ւ է այդպես, և ո՞վ է դրա մեղավորը։ Ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանն իր սահմանները բացում է այլ երկրների քաղաքացիների առաջ, բայց սահմանը փակ է պահում անմիջական հարևանի հետ։ Նույնը՝ նաև Ռուսաստանը։
Այս հարցերի պատասխանը կա, և այն պետք է փնտրել ոչ թե դրսում, այլ ներսում։ Վրաստանը կամ Ռուսաստանը չեն, որ մեղավոր են Հայաստանի հետ սահմանը փակ պահելու համար։ Մեղավորը մեր երկրի իշխանություններն են, որ չկարողացանք պատշաճ կազմակերպել համավարակի դեմ պայքարը, որպեսզի հիմա նման իրավիճակում չհատնվեինք։
Այն ժամանակ, երբ Վրաստանում օրական 1 տասնյակից պակաս դեպք էր արձանագրվում, Հայաստանում վարակակիրների թիվը հասնում էր 6-7 հարյուրի։
Այսօր էլ քիչ չէ։ Ճիշտ է, վերջին շրջանում վարակակիրների թիվը նվազել է, բայց դեռևս շարունակում է շատ լինել. միջինն օրական ունենում ենք ընդհուպ 200-ի հասնող նոր դեպքեր, ինչը Հայաստանի պարագայում բարձր ցուցանիշ է։ Թերևս, սա էլ ստիպում է Վրաստանին ու Ռուսաստանին ռիսկի չգնալ ու չբացել իրենց երկրների սահմանները մեր քաղաքացիների առաջ։
Ամբողջ խնդիրը սրանում է, և պետք չէ հարցի լուծումը տեղափոխել այլ հարթություն։
Այն, որ սահմանները չեն բացում Հայաստանի քաղաքացիների մուտքի համար, պատճառը մեր երկրի համաճարակային իրավիճակն է։ Եթե համաճարակային իրավիճակն այսպիսին չլիներ, ապա սահմանները վաղուց էին բացել՝ ինչպես Վրաստանը, այնպես էլ՝ Ռուսաստանը։ Սրանում որևէ կասկած լինել չի կարող։ Ու պետք չէ մարդկանց թյուրիմացության մեջ դնել։ Այս իրավիճակի մեղավորները ոչ թե դրսում են, ինչքան էլ փորձ է արվում նման տպավորություն ստեղծել, այլ ներսում։
Հայաստանի իշխանություններն իրենցից կախված ամեն ինչ արեցին՝ համավարակի դեմ պայքարը տապալելու և հասարակության կյանքն ու առողջությունը վտանգելու համար։ Քանի կար՝ արհամարհում ու քամահրանքով էին խոսում վարակի վտանգավորության մասին, հետո էլ սկսեցին ձևական պայքար ծավալել՝ իբր թե այն կանխարգելելու ուղղությամբ։ Մինչ բազմաթիվ երկրներ վարակի տարածման սկզբնական փուլում գնացին չափազանց կոշտ ու խիստ սահմանափակումների՝ Հայաստանում ամեն ինչ թողնված էր բախտի քմահաճույքին։ Երբեմն էլ նույնիսկ տրամաբանությունից դուրս քայլեր էին արվում, որոնց իմաստն այդպես էլ պարզ չդարձավ։
Երբ հասկացան, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, և պետք է լուրջ մոտենալ այս ամենին, այլևս ուշ էր։ Բանը բանից անցել էր։
Արդյունքում՝ ունեցանք 45 հազարին հասնող վարակակիր և 1200-ին մոտ մահացության դեպք։ Մի դեպքում՝ 50, մյուս դեպքում՝ 60 անգամով գերազանցում ենք Վրաստանի ցուցանիշները։
Վարկվածների և մահացածների թվով Հայաստանն առաջատարն է ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրոպայում։ Վարակման դեպքերի թվով 1 մլն բնակչի հաշվով ունենք՝ ավելի քան 15 հազար, մահվան՝ 302 դեպք: Վրաստանում 1 մլն բնակչության հաշվով վարակվածների քանակը 406 է, մահացածներինը՝ 5, Ռուսաստանում համապատասխանաբար՝ շուրջ 7 հազար և 121։ Տարբերություններն առնվազն կրկնակի և ավելին են։
Հիմա ինչո՞ւ ենք զարմանում, որ Վրաստանը կամ Ռուսաստանը չեն բացում իրենց սահմանները Հայաստանի քաղաքացիների առաջ։ Դրա համար վերջիններս պատճառ ունեն, ու այդ պատճառը պետք է փնտրել մեր իշխանությունների գործողությունների, կամ, որ ավելի ճիշտ է, անգործության մեջ։
Նրանք ձախողել են համավարակի դեմ պայքարը, ու հիմա մենք «վայելում» ենք դրա հետևանքները։
Համավարակի դեմ պայքարը ձախողելու պատճառով այսօր տուժում են ոչ միայն քաղաքացիները, այլև երկրի տնտեսությունը։ Տնտեսական այն իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք, նաև համավարակի դեմ պայքարի անպատասխանատու վերաբերմունքի ու հակահամաճարակային կանոնները պատշաճ չպահպանելու հետևանք է։ Մեր տնտեսությունը շարունակում է փակ մնալ դրսի համար, ու դրա պատճառը համավարակի հետ կապված անմխիթար իրավիճակն է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ