«Անվտանգային սպառնալիքների համատեքստում Ադրբեջան-Թուրքիա մեդիապլատֆորմ է ստեղծվում. ոլորտի պատասխանատուները   պիտի մոբիլիզացնեն ռեսուրսները». Վիտալի Մանգասարյան

Վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հայ օգտատերերի, ուժային կառույցների աշխատակիցների, գերատեսչությունների կայքերի հաքերային հարձակման ենթարկվելու դեպքերը, անձնական տվյալների հրապարակումը: Ավելին, երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ մեդիապլատֆորմ են ստեղծում, որի նպատակը, ըստ պաշտոնական պարզաբանումների, անվտանգության ոլորտի սպառնալիքներն են։

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը նշեց, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ինտենսիվ բնույթ կրող նմանատիպ հարձակումները մտահոգիչ են, հատկապես, երբ հարձակումների թիրախում են հայտնվում  ոչ միայն՝ շարքային քաղաքացիներ, այլև՝ պետական կառույցներ:

«Դա խոսում է այն մասին, որ տեղեկատվական անվտանգության ճակատում նույնպես շատ անելիքներ կան։ Պետք է ախտորոշել և գույքագրել բոլոր խնդիրները և համապատասխան քայլեր իրականացնել,  դրանք  կարող են լինել տարբեր՝ սկսած պետական ապարատում տեղեկատվական անվտանգության թեմաներով կրթական ծրագրեր իրականացնելուց, վերջացրած մեր համապատասխան ծառայություններում առկա, հակառակորդին վերաբերող տեղեկությունները հանրային դաշտում գրագետ օգտագործելով։ Ժամանակակից պատերազմների կարևորագույն կոմպոնենտներից է քարոզչական ճակատը, ուստի, կարծում եմ,  չափազանց մեծ ուշադրություն, ռեսուրս և ժամանակ պետք է հատկացնենք դրան։ Ադրբեջանը, մեծ հաշվով, օգտվում է դասական, ստանդարտ մեթոդներից, այն է՝ կեղծ ինֆորմացիայի նետում մեր տեղեկատվական դաշտ, շատ ժամանակ օգտագործելով իրենց հատուկ ծառայությունների հաքերային ներուժը։ Դրան զուգահեռ՝ նրանք ժամանակ առ ժամանակ փորձում են դրսում, կամ, ինչո՞ւ չէ՝  նաև մեր երկրի ներսում տեղեկատվական առումով առավել խոցելի հատվածի վրա տարբեր մեթոդներով ազդեցություն ունենալ, և տվյալ մարդիկ շատ ժամանակ չեն էլ հասկանում, որ ադրբեջանական քարոզչությանը նպաստող օպերացիայի զոհ են դառնում»,- ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է Ադրբեջան-Թուրքիա մեդիապլատֆորմին, Վիտալի Մանգասարյանը շեշտեց, որ տավուշյան մարտական գործողությունների համատեքստում ականատես եղանք թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության, կարելի է ասել, աննախադեպ աջակցությանն Ադրբեջանին։

«Տեղեկատվական միասնական մեդիա այդ հարթակը նույնպես տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Ոլորտի պատասխանատուները պետք է հստակ գնահատեն հնարավոր բոլոր ռիսկերը, և ռեսուրսների մոբիլիզացիա իրականացնեն թուրք-ադրբեջանական մեդիա տանդեմի դեմ մաքսիմալ արդյունավետ պայքարելու համար։ Կարծում եմ, այդ միասնական մեդիա հարթակի նպատակներից է նաև՝ ժամանակակից մեդիա ռեսուրսներն օգտագործելով՝ փորձել սեփական և միջազգային հանրության շրջանում իմիջի և հեղինակության ամրապնդում իրականացնել, ինչի կարիքը, հատկապես վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին, ունի թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան»,- հավելեց Վիտալի Մանգասարյանը: 

Տեսանյութեր

Լրահոս