«էրեբունի» ԲԿ–ն ստացել է Որակի կառավարման համակարգի ISO 9001 ստանդարտ
«էրեբունի» բժշկական կենտրոնը ստացել է Որակի կառավարման համակարգի ISO 9001 ստանդարտ, մշակված Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։
«ISO 9001 ստանդարտի նպատակն է հետևողականորեն բարելավել հաճախորդների պահանջները և բարձրացնել վերջիններիս բավարարվածությունը:
Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001 ստանդարտի հավաստագիրը նշանակում է, որ «Էրեբունի» ԲԿ–ն աշխատելու է աշխարհի լավագույն բժշկական կենտրոնների չափորոշիչներով:
Միջազգային որակավորման գործընթացը բժշկական կենտրոնն իրականացնում է Management Mix խորհրդատվական և ուսումնական ընկերության հետ, որը գործունեություն է իրականացնում 33 երկրում:
Աշխարհում առաջատար կլինիկաների հետ նույն հարթակի վրա կանգնելու համար բավարար չէ լավագույն մասնագետներ, նորագույն սարքավորումներ ունենալը, գործի կազմակերպման համար անհրաժեշտ է ներդնել և մշտապես կիրառել միջազգային որակի կառավարման հատուկ պրոտոկոլներ:
«էրեբունի» բժշկական կենտրոնը հաստատակամ է՝ Հայաստանում ստեղծել միջազգային ստանդարտի ծառայություններ, մշտապես պահպանելով հանրապետությունում առաջատար և լավագույն բժշկական կենտրոնի համբավը:
Հավատարմագրման գործընթացից ի վեր իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, որակի ներդրման և կառավարման համար ներգրավվել են բժշկական կենտրոնի բոլոր օղակները: Քանի որ բուժօգնության մատուցման որակի կառավարումն սկսվում է բուժքույրական գործից՝ կենտրոնի բուժքույրերն աշխատանքին զուգառեռ վերապատևաստվել են, կատարելագործել հմտությունները, հավատարմագրվել, իսկ շատերը դասընթացավարի կարգավիճակ են ստացել: Այս ընթացքում գործընթացին միացել են նաև բժիշկները, բաժանմունքներն անցել են աուդիտորական փորձաքննություններ: Մեկուկես տարի առաջ մեկնարկած աշխատանքն այսօր նշանավորվում է հավաստագրով:
Սա միջազգային որակավորման մեծ գործընթացի առաջին և լուրջ քայլն է: Վերջնանպատակը հեղինակավոր Joint Commission International JCI հավատարմանգրումն է: Ընդհանուր առմամբ ISO 9001 ստանդարտը ներդրված է աշխարհի շուրջ 500.000 խոշոր բուժհաստատությունում, իսկ Joint Commission International JCI հավատարմագրում ունի 900-ը:
«էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր պրոֆեսոր Հարություն Քուշկյանի համար կենտրոնի զարգացման առաջնահերթությունների ցանկում որակի կառավարումը գերակա ուղղություն է: Սա երկար և պատասխանատու ճանապարհ է, որն առաջին հերթին պահանջում է հաստատակամություն, որպեսզի Հայաստանի խոշոր բժշկական կենտրոնը հայտնվի աշխարհի լավագույն բժշկական հաստատությունների քարտեզի վրա՝ այնտեղ պահպանելու իր կայուն տեղն ու դիրքը՝ որպես տարածաշրջանում որակյալ բուժօգնության մատուցման գլխավոր կառույց», – ասվում է հաղորդագրության մեջ։