Ջորջ Քլունին զանգահարել է Սպիտակ տուն՝ պաշտպանելու իր կնոջը, որն օգնում է Իսրայելի առաջնորդների դեմ պատերազմական հանցագործությունների գործ հարուցել
Ջորջ Քլունին անհանգստացած է, որ իր կնոջ՝ Ամալ Քլունիի վրա կարող են ազդել Միջազգային քրեական դատարանին սպառնացող պատժամիջոցները՝ Բենիամին Նեթանյահուի եւ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների դեմ օրդեր տրամադրելու համար, գրում է The Washington Post-ը:
Քլունին դիմել է Սպիտակ տան բարձրաստիճան օգնականին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է Միջազգային քրեական դատարանին, որն Ամալ Քլունիի իրավական աջակցությամբ սպառնացել է կալանավորել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին:
Ամալ Քլունին բրիտանացի իրավախորհրդատուների խմբի կազմից է, որը օգնել է ՄՔԴ դատախազ Քարիմ Խանին ձերբակալման հրաման ձեռք բերել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի եւ ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների՝ Յահյա Սինվարի, Մուհամեդ Դեյֆի եւ Իսմայիլ Հանիեի դեմ՝ ռազմական հանցագործությունների կասկածանքով, որոնք կատարվել են Գազայի հատվածում իսրայելական պատերազմի ժամանակ։
Ամալ Քլունին Քլունիի արդարադատության հիմնադրամի կայքում գրել էր, որ ինքը պարտավորվել է պահպանել միջազգային իրավունքի գերակայությունը և պաշտպանել կյանքեր՝ ՄՔԴ-ում իր իրավական խորհրդատվության միջոցով:
«Որպես իրավապաշտպան՝ ես երբեք թույլ չեմ տա, որ մի երեխայի կյանքն ավելի քիչ արժեք ունենա, քան մյուսինը։ Ես համաձայն չեմ, որ ցանկացած հակամարտություն պետք է դուրս լինի օրենքի սահմաններից, ոչ էլ, որ ցանկացած հանցագործ պետք է վեր լինի օրենքից։ Ուստի ես պաշտպանում եմ պատմական քայլը, որը Միջազգային քրեական դատարանի դատախազը ձեռնարկել է՝ Իսրայելում եւ Պաղեստինում վայրագությունների զոհերի հանդեպ արդարադատություն հաստատելու համար»,-ասել է նա:
Ջորջ Քլունին ակնհայտորեն մտահոգված է, որ իր կնոջ վրա կարող են ազդել ՄՔԴ-ին սպառնացող պատժամիջոցները՝ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու առաջարկի համար, հայտնում է The Washington Post-ը:
Նրա կոչը Սպիտակ տուն է հասել ԱՄՆ նախագահ Բայդենի վերընտրման քարոզարշավի հիմնական դրամահավաքից առաջ, որը նախատեսված է հաջորդ շաբաթ օրը՝ Լոս Անջելեսում։ Ջորջ Քլունին, ամենայն հավանականությամբ, ներկա կլինի միջոցառմանը:
Քլունիի արդարադատության հիմնադրամի առաքելությունն է անվճար իրավական աջակցություն եւ պաշտպանություն տրամադրել ցեղասպանության, անօրինական բանտարկության եւ մարդու իրավունքների այլ խախտումների զոհերին։
style.news.am