Ջեյ Լոն պատրաստ է ամեն ինչ զոհաբերել Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը փրկելու համար
Ջենիֆեր Լոպեսի 34-օրյա համերգային շրջագայության չեղարկումը եւ հանկարծակի էր, եւ զգացմունքային:
Ջեյ Լոն նշեց, որ իր «սիրտ կոտրված եւ ավերված է» շրջագայությունը չեղարկելու փաստից, եւ շուտով սոցիալական ցանցերը լցվեցին այս որոշման պատճառների վարկածներով: Դրանցից մեկը նրա համերգների տոմսերի վատ վաճառքն է։ Այնուամենայնիվ, աղբյուրները Daily Mail-ին հայտնել են, որ մեկնարկից մի քանի շաբաթ անց տոմսերի վաճառքը եղել է համեմատաբար լավ: Պահանջարկը սկսել է դանդաղել, բայց հետո բարձրացել է:
Բազմաթիվ աղբյուրների հետ զրույցներում պարզ է դառնում, որ պատճառը երգչուհու՝ աշխատանքի հանդեպ ոգեւորության բացակայությունը չէ, այլ իր եւ դերասան Բեն Աֆլեքի ամուսնական խնդիրները: Նա չեղարկել է շրջագայությունը՝ փորձելով փրկել իրենց միությունը:
Աղբյուրները հաստատում են, որ Բենն անցյալ ամսվա կեսերին լքել է իրենց տունը (նա այժմ ապրում է Լոս Անջելեսի Բրենթվուդ արվարձանում գտնվող վարձով տանը): Ճգնաժամից անմիջապես հետո Ջեյ Լոն որոշեց չեղարկել շրջագայությունը՝ բացատրելով, որ արձակուրդ է վերցնում «իր երեխաների, ընտանիքի եւ մտերիմների հետ լինելու համար»:
Մարդիկ, ովքեր ճանաչում են Ջենիֆերին եւ Աֆլեքին, ասում են, որ ամուսնական խնդիրը, ըստ էության, հենց ինքը՝ Աֆլեքն է ստեղծել։ Գործընկերներից մեկը 51-ամյա դերասանին նկարագրել է որպես բարդ եւ «անհնարին» մարդ, որի հետ ապրելը «շատ դժվար է»:
Ինսայդերները ասում են, որ նա համաձայն չէ կնոջ մասնագիտական ընտրությունների հետ, հավանաբար, հատկապես նրա՝ իրենց հարաբերությունները ռեալիթի շոուի վերածելու որոշման հետ, ինչը եղավ «The Greatest Love Story Never Told» վավերագրական ֆիլմի տեսքով, որն այս տարվա սկզբին հեռարձակվեց Amazon Prime-ով:
Հասարակության աչքի առաջ նրանք աջակցում են իրենց երեխաներին սպորտային եւ դպրոցական միջոցառումների ժամանակ: Նրանք քաղաքավարի կերպով գրկում են միմյանց եւ համբուրում միմյանց այտերը։ Երկուսն էլ շարունակում են կրել իրենց ամուսնական մատանիները պաշտոնական համերաշխության ակնհայտ, բայց նաեւ դատարկ ժեստով:
Ընկերուհու խոսքով՝ Ջենիֆերը ամեն կերպ փորձում է փրկել իր ամուսնությունը։ «Նրա աքիլեսյան գարշապարը միշտ եղել են տղամարդիկ: Նա ամենակարգապահ, աշխատասեր, հրաշալի մարդն է, եւ միշտ ամեն ինչում հարթ է իր ճանապարհն անցնում, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը ռոմանտիկ հարաբերությունների մասին է: Նա այնքան է ցանկանում, որ այս ամուսնությունը հաջողվի, որ պատրաստ կլինի ցանկացած զոհաբերության… Նա չի ցանկանում ամուսնալուծվել։ Նա չի ցանկանում լինել Մադոննայի նման՝ 60 տարեկանում միայնակ: Նա տանել չի կարողանում անհաջողության մասին մտածելը»:
Նա նշում է, որ Ջեյ Լոն հրաժարվել է հյուրախաղերից՝ փորձելով փրկել ամուսնությունը։ «Նա թույլ է տալիս նրան ծխել, թեեւ ատում է դա»:
«Բեն Աֆլեքը դժվար մարդ է: Իմ կարծիքով, նրա էգոն երբեք չի դիմանա, քանի որ ամուսնացած է իր պես համբավ ունեցող մեկի հետ: Կարծում եմ, որ նա կհայտնվի ինչ-որ մի երիտասարդ մոդելի կողքին, որի մասին ոչ ոք չի լսել»:
Նրա խոսքով՝ Ջեյ Լոն անընդհատ մտածում է Աֆլեքի մասին։
«Նա, նույնիսկ, կարծում է, որ Բենը պետք է մտնի քաղաքականություն եւ դառնա նախագահ: Լուրջ, նա խենթանում է նրա համար: Բայց մենք բոլորս կարծում ենք, որ այս հարաբերություններն ավարտված են, եւ սա պաշտոնական կլինի մինչեւ ամառվա վերջ»:
style.news.am