Նեթանյահուն հուլիսի 24-ին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նիստում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 24-ին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի առաջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և Սենատում հանրապետականների ղեկավար Միչ ՄաքՔոնելի հայտարարության՝ Նեթանյահուն հանդես կգա Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում։
Առաջիկա ելույթի մասին հայտարարություն է տարածել նաև Նեթանյահուն։
«Ես շատ հուզված եմ, որ արտոնություն ունեմ ներկայացնելու Իսրայելը Կոնգրեսի երկու պալատների առջև և Ամերիկայի ժողովրդի ներկայացուցիչներին և ամբողջ աշխարհին ներկայացնելու ճշմարտությունը մեր արդար պատերազմի մասին նրանց դեմ, ովքեր փորձում են ոչնչացնել մեզ», – հայտարարել է Նեթանյահուն:
Նեթանյահուի այցը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին․ Բայդենն աջակցում է Իսրայելի ռազմական գործողություններին Գազայի հատվածում, սակայն վերջերս քննադատորեն է մոտենում Իսրայելի մարտավարությանը, Ռաֆահում ցամաքային գործողությանը, և հետաձգել է ռումբերի մատակարարումը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ներխուժման հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։ Նոյեմբերին տեղի ունեցած 7-օրյա հրադադարի ընթացքում պատանդների կեսը վերադարձվել են։ Ի պատասխան ներխուժման՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը գրեթե 36 600 է։