«Հույս ունեմ, որ այստեղ պասիվություն չեք ցուցաբերի». Հռիփսիմե Առաքելյանը՝ նոր փոխքաղաքապետին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի ավագանին նոր փոխքաղաքապետ նշանակեց Սերգեյ Ներսեսյանին, ով մինչև այս պաշտոնում առաջադրվելը՝ աշխատել է Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական: Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նկատեց, որ այն պատգամավորը, որի օգնականն է եղել նորանշանակ փոխքաղաքապետը, բավականին պասիվ է եղել օրենսդիրում:
«Պատգամավորին, անկեղծորեն, չեմ ճանաչում, այն դեպքում, երբ անընդհատ հետևում եմ օրեսնդիրի աշխատանքին: Ձեր լուման ո՞րն է եղել պառլամենտում ներդրած, ի՞նչ նախագծերի վրա եք աշխատել, որի վստահության քվեով նաև մենք պետք է ձեզ ողջունենք: Ինչո՞վ կհամոզեք ինձ՝ որպես ավագանու անդամ, որ Դուք արժանի եք լինել Երևանի փոխքաղաքապետ, և ԱԺ-ի մասով ի՞նչ եք արել առհասարակ»,- հարցրեց Առաքելյանը:
Սերգեյ Ներսեսյանն ասաց, որ ԱԺ-ում իր աշխատելու ժամանակահատվածը համընկել է կորոնավիրուսի համավարակի հետ:
«Ես աշխատել եմ մոտ 5-6 ամիս, որի արդյունքում ունեցել ենք պանդեմիայի վիճակը, որտեղ չենք կարողացել ավելի արդյունավետ, ոգևորված ձևով մեր նախագծերը, որոնք մշակման փուլում էին, ներկայացնեինք: Այդ ընթացքում խորհրդատվական ծառայությունների մասով եմ իմ լուման ունեցել տվյալ գործունեությունում»,- ասաց Ներսեսյանը:
Հռիփսիմե Առաքելյանն արձագանքեց. «Հույս ունեմ, որ այստեղ պասիվություն չեք ցուցաբերի»:
Ներսեսյանը պատասխանեց, որ դա պասիվության հետ առհասարակ կապ չունի:
«Եթե երկու ամսում որևիցե մեկը կարող է մեզ ցուցանիշներ ցույց տալ, որի արդյունքում կարող է դրոշ սարքելով իր ձեռքը պարզի՝ որ ես այս եմ արել, այս քայլերն եմ արել, ես կհպարտանամ, և նա ինձ համար կդառնա կուռք»,- ասաց Սերգեյ Ներսեսյանը: