«Վիեննայի պայմանավորվածությունների թեման պետք է ամեն գնով բերել օրակարգ, ավելին՝ դա քննարկումների այս փուլի առանցքը պետք է դառնա». Տիգրան Աբրահամյան

168.am-ը զրուցել է  «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ

– Մենք կարողացա՞նք տավուշյան ռազմական հաջողություններն ամրագրել դիվանագիտական դաշտում, արտաքին քաղաքական դաշտում օրակարգային ի՞նչ փոփոխություններ պիտի մտցնել  և ի՞նչ պահանջներով վերադառնալ բանակցային սեղան: Օրինակ, ապրիլյան պատերազմից հետո պահանջը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումն էր, ըստ էության:

– Այս պահին դժվար է ասել, թե տավուշյան հաղթանակն ինչպես կամրապնդվի դիվանագիտական դաշտում, որովհետև դեռևս պարզ չէ, թե գործընթացներն ինչ հունով կընթանան և ինչ օրակարգի շուրջ։

Վիեննայի պայմանավորվածությունների թեման պետք է ամեն գնով բերել օրակարգ, ավելին՝ դա քննարկումների այս փուլի առանցքը պետք է դառնա, որովհետև դա սահմանային իրավիճակը կայունացնելուն և էսկալացիայի վտանգը նվազեցնելուն ուղղված կարևոր քայլ կլինի։

– Ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմի:

– Միանգամից ասեմ, որ ժամանակը որևէ մեկի օգտին էլ չի աշխատում, որովհետև այն գումարները, որոնք ուղղվում են անվտանգության ոլորտին, այլ պայմաններում կարող էր օգտագործվել հօգուտ տնտեսության, սոցիալական ուղղված ծրագրերի և այլն։ Երբ դրան գումարում ես նաև մարդկային զոհերն ու դրա հետևանքները, ապա հասկանալի է, որ կողմերին դա միայն բարդ խնդիրներ է բերում։

Մեզ համար կարևոր է հասկանալ, որ եղած ժամանակը հնարավորություն է՝ ռազմական, քաղաքական, տնտեսական առումով պատրաստ լինելու իրավիճակային բոլոր զարգացումներին, որովհետև եթե դրան չես պատրաստվում, ապա դա միանշանակ քո դեմ է աշխատելու։

Սահմանային հարաբերական հանգիստ վիճակն Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի հետ ռազմական, ռազմաքաղաքական, տնտեսական համագործակցությունը խորացնելով, ՀՀ-ն ռազմական, ռազմաքաղաքական առումով ի՞նչ հետևություններ պիտի անի:

– Արդեն իսկ ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները խորության նոր մակարդակ են մտնում, որի պարագայում առկա սպառնալիքներն էականորեն աճում են։ Սա ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունը ևս պետք է վերանայի իր առաջնահերթությունները ներքին և արտաքին օրակարգում։ Սա ենթադրում է դաշնակից երկրների, ռազմաքաղաքական դաշինքների հետ նոր երկխոսության ծավալում, հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ բավականին մեծ աշխատանք։

– Միշտ ասում ենք՝ պիտի պատրաստվել պատերազմի, կամ պատրատվում ենք, բայց սա համալիր գործողություններ է ենթադրում բոլոր ոլորտներում, այսինքն՝ սա զուտ բանակի խնդիրը չէ, ի՞նչ կարևոր գործոններ պիտի հաշվի առնենք՝ պատերազմին պատրաստվելու և, ինչո՞ւ չէ, զսպելու հակառակորդին:

– Անվտանգային սպառնալիքներին դիմակայելը միայն առաջին հայացքից է ենթադրում, որ խոսք է գնում միայն բանակի մասին, մինչդեռ այն ընդգրկում է ներքաղաքական հարաբերություններից մինչև արտաքին գործընկերների հետ աշխատանք, տնտեսությունից  գաղափարական հարթություն: Այսինքն՝ պատրաստվել պատերազմի, նշանակում է՝ ամբողջ համակարգը նախապատրաստել ճգնաժամային իրավիճակների՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։

Տեսանյութեր

Լրահոս