Որտե՞ղ է Քովիդ-19-ի դեմ բուժվում բազմամարդ նշանդրեքի հեղինակ Մարտունու քաղաքապետը
Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, խախտելով պարետի որոշումը, բազմամարդ հավաքույթ է կազմակերպել դստեր նշանադրության առիթով:
Նշվել էր նաև, որ այդ միջոցառումից հետո, որոշակի կասկածներ ունենալով, վերջինը կորոնավիրուսի թեստ է հանձնել ու չսպասելով դրա արդյունքներին՝ կոլեկտիվի հետ գնացել Արմաղան՝ խնջույքի:
«Մի խոսքով, թեստը դրական է եկել, Մարտունու քաղաքապետարանը փակ է, իսկ նշանդրեքի մասնակիցները՝ մեկուսացած»,- գրել էր ֆեյսբուքյան օգտատերը:
Եվ ահա, 168.am-ի տեղեկություններով՝ վիճակն ավելի քան լուրջ է, և այս պահին Մարտունու քաղաքապետն ու նրա հարազատներից մի քանիսը կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում են ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ում:
Մեզ ասացին, որ քաղաքապետի վիճակը համապատասխանում է հիվանդության ընթացքին, բարդություններ չկան:
Մարտունի քաղաքից մեր աղբյուրն էլ ասաց, որ քաղաքում այս պահին բռնկում կա, քանի որ, փաստորեն, քաղաքապետը շատերին է վարակել:
168.am-ը, պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով, չկարողացավ կապ հաստատել մարզի պաշտոնյաների հետ: Հաջորդիվ թեմայի վերաբերյալ կտանք լրացուցիչ տեղեկատվություն: