ԱՆ-ն ներկայումս նպատակահարմար չի համարում Մարալիկի ԱԿ-ում ծավալել հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ. ԱՆ

Մարալիկի ԱԿ-ի ծննդատան 13 աշխատակիցներն արդեն 8 ամիս աշխատավարձ չեն ստացել: Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Առողջապահության նախարարությունը մերժել է Մարալիկի ԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը, այսինքն՝ որոշել է դադարեցնել ծննդօգնության ծառայության ֆինանսավորումը, քանի որ տարեկան կտրվածքով այնտեղ չի գրանցվում 150 և ավելի ծնունդ, ինչը համարվում է նշաձող պետպատվերի համար:

Տարեսկզբից Մարալիկի ծննդատունը փակելու դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, անգամ վերազինել են բաժանմունքը, պայմանագրեր կնքել մասնագետների հետ, բայց Մարալիկի ծննդատունը չի աշխատում: Ըստ Մարալիկի ԱԿ-ի տնօրենի ԺՊ Անուշ Հովսեփյանի՝ կառավարությունը նաև չի տրամադրել այն իրավական հիմքը, որ  կարողանա աշխատանքից ազատել ծննդատան 13 աշխատակցին: Ստացվում է՝ Մարալիկի ԱԿ-ի ծննդօգնության բաժինը և՛ գործում է, և՛ չի գործում: Հունվարից մինչև օգոստոս ծննդատանը գրանցվել է 21 ծնունդ՝ էքստրեմալ պայմաններում, բայց կենտրոնն անգամ չի ստացել յուրաքանչյուր ծնունդի համար նախատեսված գումարը:

Դեռ օգոստոսի 24-ին 168.am-ը հարցեր էր  ուղղել Առողջապահության նախարարությանը: Այսօր, ի վերջո, ստացանք հարցման պատասխանը, չնայած մեր ուղիղ հարցերին ուղիղ պատասխաններ տրված չեն: Հարցման պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

– Փետրվարից մինչ օրս Մարալիկի ԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը 21 ծնունդ է ընդունել՝ դրանց անհետաձգելի լինելու հանգամանքով պայմանավորված: Ըստ Մարալիկի ԱԿ-ի տնօրենի ԺՊ-ի՝ յուրաքանչյուր ծնունդի համար նախարարության նախատեսած 140-145 հազարական դրամներն ԱԿ-ն չի ստացել: Որտե՞ղ է նախարարությունն ուղղել այդ գումարը:

 Առողջապահության նախարարությունը մանկաբարձական ծառայության մասով «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հետ 2020 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագիր չի կնքել, և հետևաբար՝ փետրվար ամսից մինչ օրս Առողջապահության նախարարության կողմից նշված ծառայության իրականացման դիմաց  Ընկերությանը ֆինանսական միջոցներ չի նախատեսել:

– Եթե նախարարության որոշմամբ դադարեցվել է Մարալիկի ԱԿ-ի ծննդօգնության ծառայության ֆինանսավորումը՝ պայմանավորված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի՝ նախարարության նշած չափորոշիչներին չհամապատասխանելով, ապա ինչո՞ւ Առողջապահության նախարարությունը չի տրամադրում այն իրավական ակտերը (Մարալիկի ԱԿ-ի տնօրենի ԺՊ Անուշ Հովսեփյանի և Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժՊ Լեյլի Ասլանյանի խոսքով՝ այդ իրավական ակտերը բացակայում են), որոնց հիման վրա Մարալիկի ԱԿ-ի ղեկավարը կկարողանա աշխատանքից ազատել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի աշխատակիցներին (Մարալիկի ԱԿ-ից և Շիրակի մարզպետարանից նշում են, թե հարցը նախարարության տիրույթում է):

2020 թվականին Ընկերության կողմից Առողջապահության նախարարություն ներկայացված պետական պատվերի հայտը մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության տեսակների (հիվանդանոցային) մասով մերժվել է՝ համաձայն 2020 թվականի բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի  2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 3.28 որոշման հիման վրա առողջապահության նախարարի հունվարի 8-ի թիվ 09-ի հրամանի, որի մասին 2020 թվականի հունվարի 10-ին Առողջապահության նախարարության կողմից Ընկերությանն իրազեկվել է էլեկտրոնային եղանակով:

– Մարալիկի ԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վերազինումից հետո ինչ-որ կերպ, թեկուզև հեռավար, հնարավոր չէ՞ իրականացնել ուսումնասիրություն՝ պարզելու, թե կենտրոնն այժմ համապատասխանո՞ւմ է նախարարության սահմանած չափորոշիչներին, թե՞ ոչ:

Գերակա խնդիր համարելով հղիների, ծննդկանների, նորածինների և բժշկական անձնակազմի անվտանգությունը, Առողջապահության նախարարությունը ներկայումս նպատակահարմար չի համարում նմանատիպ բժշկական կազմակերպություններում ծավալել հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ:

Տեսանյութեր

Լրահոս