«Մենք էլ կորցնելու բան չունենք. Թուրքիայի հետ սահմանին ենք». Մարալիկի ԱԿ ՓԲԸ տնօրենի ժ/պ

Այսօր Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում: Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կենտրոնի ծննդատան 13 աշխատակիցներն արդեն 7 ամիս աշխատավարձ չեն ստացել: Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Առողջապահության նախարարությունը մերժել է Մարալիկի ԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը, այսինքն՝ որոշել է դադարեցնել ծննդօգնության ծառայության ֆինանսավորումը, քանի որ տարեկան կտրվածքով այնտեղ չի գրանցվում 150 և ավելի ծնունդ, ինչը համարվում է նշաձող պետպատվերի համար:

Այն ժամանակ էլ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել: ԱՆ-ն կենտրոնին մինչև փետրվարի 15-ը ժամանակ էր տվել, որ սարքավորումներ ավելացնեն, վերազինեն բաժանմունքը, ինչից հետո վերստուգում կանեն:

«Մենք փորձեցինք վերազինել: Փետրվարի 18-ին տեղի ունեցավ ուսումնասիրություն, որի արդյունքում մեր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին չշնորհվեց կարգ»,- ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը:

Նա վստահեցրեց, որ դրանից հետո էլ ամեն բան արել են առկա բացերը լրացնելու համար, սարքավորումներ են ավելացրել, փոխել են այն սարքավորումները, որոնք հին են եղել, ինչից հետո նորից դիմել են Առողջապահության նախարարություն, որ գան ստուգման:

«Ստացանք պատասխան, որ, Covid-ի համավարակով պայմանավորված, չունեն հանձնախումբ՝ ուսումնասիրություն իրագործելու համար»,- ասաց տնօրենի ժ/պ-ն:

Անուշ Հովսեփյանի պնդմամբ՝ սա խնդրի միայն մի կողմն է: Ծննդաբերական բաժանմունքի պետպատվերը մերժվել է, սակայն չի եղել Կառավարության որոշում, որով հնարավոր կլիներ աշխատակիցներին ազատել աշխատանքից:

«Երբ բաժանմունքի պետպատվերը մերժվել է, մենք չենք ունեցել Կառավարության որոշում, այսինքն՝ հստակ իրավական ակտ, որի հիման վրա հնարավոր կլիներ ծանուցել բաժանմունքի 13 աշխատակիցներին ազատման մասին: Այսինքն՝ իրենք գտնվում են աշխատանքի մեջ և չեն ստանում աշխատավարձ»,- ասաց Հովսեփյանը:

Նա նշեց, որ Մարալիկի առողջության կենտրոնի ֆինանսական բեռն օր օրի մեծանում է, և իրենք մտավախություն ունեն, որ արդյունքում սնանկ կճանաչվեն, և պոլիկլինիկան առհասարակ կփակվի: Հովսեփյանն ասաց, որ խնդրի վերաբերյալ դիմել են մարզպետին, Առողջապահության նախարարին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, նաև վարչապետին:

«Մեզ համար ժամանակը շատ թանկ է, որովհետև օր օրի մեր ֆինանսական բեռն ավելանում է: Մենք խնդրում ենք որոշակիություն, գան, կատարեն ուսումնասիրություն, հնարավորություն տան աշխատել, չեն տալի՞ս, տան Կառավարության որոշում, որ մենք հստակ իմանանք մեր անելիքը: Ինչքա՞ն կարելի է անորոշության մեջ մնալ,- ասաց նա:

Ա․ Հովսեփյանը պատմեց, որ հունվարի թվով 6 ծնունդները ֆինանսավորվել են, ունեին նաև հավաքված դրամագլուխ, որով վճարել են հունվար ամսվա աշխատավարձերը:

«Էս մարդիկ 7 ամիս աշխատավարձ չեն ստացել: 21 ծնունդ ենք ունեցել այս ընթացքում, բոլորը՝ արդեն ծննդաբերական ակտը սկսված»,- ասաց  Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ժ/պ-ն:

Նա նկատեց, որ ազգաբնակչությանը չի հետաքրքրում, որ պետպատվերը մերժվել է, գիտեն՝ բաժանմունքը կա, գալիս են:

«Մեզ պետք է օգնել և այս թակարդից հանել: Մենք էլ կորցնելու բան չունենք, ո՞նց կարելի է: Նախ՝ աշխարհագրական դիրքով մենք այնպիսի տեղում ենք, ճանապարհին կպած ենք, սահման ենք Թուրքիայի հետ, 17 համայնք ենք սպասարկում, ո՞նց կարելի է, փոխանակ բաժանմունք բացեն, ընդլայնեն, չի կարելի էդպես»,- եզրափակեց Հովսեփյանը:

Տեսանյութեր

Լրահոս