Բաժիններ՝

ՌԴ քաղաքացիները, հնարավոր է՝ հայերից գնած ավտոմեքենաները վերադարձնեն. Ավտոներկրողները դիմում են կառավարությանը

Հայ ավտոներկրողներն այսօր հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել Կառավարության դիմաց:

Նրանց խոսքով՝ հարցն այն է, որ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարը 2020թ․ հունիսի 29–ին հատուկ հրամանով որոշել է, որ ՌԴ-ում ինչքան հայկական համարանիշով մեքենա կա՝ պետք է առգրավել՝ նշելով, որ հայկական համարանիշով ավտոմեքենաներն անօրինական են գտնվում ՌԴ-ում: Հայաստանը Մաքսային միության անդամ է, որին անդամակցելու հիմնական իմաստն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքներն ազատ շրջանառություն ունենան այդ տարածքում:

«Մինչև օրս շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաները: Այստեղ կարծես միջպետական մակարդակով հարց է բարձրանում, որովհետև առգրավումները մեծ մասամբ անօրինական են: Անհասկանալի ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, քանի որ այդ մեքենաները սահմանված կարգով են տարվել ՌԴ, մաքսազերծվել, սահմանված կարգով նաև անվանափոխություն է տեղի ունեցել: Մենք այստեղ շատ բացասական միտումներ ենք տեսնում, ուստի շատ ենք ուզում, որ, ի վերջո, ինչ-որ մեկը մեզ հետ խոսի: Հակառակ դեպքում սա նշանակում է՝ բազմաթիվ մարդկանց պարտքի տակ գցել, ովքեր գույք, տուն կկորցնեն: Ցավոք, մինչև օրս ոչ մեկը կապ չի հաստատել մեզ հետ: Ում հետ ուզում ենք հանդիպել՝ դուռը մեր առջև փակում են՝ լինի նախարարություն թե գերատեսչություն: Գոնե ինֆորմացիայի փոխանակում անեն, սա էլ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:

Ավտոներկրողն ընդգծեց՝ խնդրի չլուծման դեպքում ավելի լուրջ հարցեր են առաջ գալու, որոնք լուծելն անհնար է լինելու:

«Ոմանք արդեն կանխավճարներն են հետ պահանջում: Ավելի լուրջ բան կարող է լինել. ՌԴ քաղաքացիները, հնարավոր է՝ հետ բերեն մեքենաները, հանձնեն վաճառողին կամ կես գնով վաճառեն: Դրա համար մենք պահանջում ենք հանդիպում Կառավարության ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանանք՝ խնդրի մասին գիտե՞ն, թե՞ ոչ, ի՞նչ մակարդակով են ուզում խնդրին անդրադառնալ»,- հավելեց նա:

Բողոքի ակցիային ներկա մյուս ավտոներկրողները հավելեցին, որ մեծ մասը պարտքեր ունեն, գրավադրած տներ, մեքենաները փողոցներում են կայանել, անընդհատ վթարներ են լինում, ջարդում են, և այլն:

Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ ՌԴ-ից մեքենաների վերադարձի մեծ հոսք կարող է լինել: Հետևաբար, նախօրոք պետք է կանխել այս ամենը:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, ապա դրանք չեն դադարելու:

Հավելենք, որ ՀՀ կառավարությունից աջակցություն են ակնկալում նաև ռուս գնորդները, ովքեր նշում են, որ ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք կարծես թե չի լսում իրենց ձայնը, ուստի որոշել են դիմել ՀՀ վարչապետին:

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, հավանաբար լսել եք այն մասին, թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում՝ կապված հայկական համարանիշով մեքենաների հետ: ՀՀ-ից 2017 թվականից ՌԴ քաղաքացիները մեքենաներ են գնել, ոչ մի խնդիր չի առաջացել: Շատ ենք ուզում օգնել մեր քաղաքացիներին՝ ցանկանալով ունենալ նաև ձեր աջակցությունը: Եվ այն քաղաքացիները, ովքեր որ ՀՀ-ից մեքենա են գնել, ստիպում են ՌԴ-ում ևս հաշվառման կանգնել: Սրա համար պետք է գումար վճարել: Խոսքը մեծ գումարների մասին է: Մոտ 300․000 ռուս մնալու է առանց ավտոմեքենայի, որովհետև ստիպում են կրկին մաքսազերծել մեքենաները, բայց ոչ ոք չի անելու դա: Մենք նաև այնքան գումար չունենք, որ նմանատիպ մեքենա գնենք Ռուսաստանում: Մենք չենք կարողանա նաև մեքենաների հարկերը վճարել, որը վնաս է լինելու ՀՀ տնտեսությանը: ՀՀ-ում վաճառքի ենթակա շատ մեքենա կա: Ձեր ավտոներկրողները հիմա այն չեն կարողանա վաճառել: Մենք երկխոսություն ենք ակնկալում ձեր ու մեր իշխանությունների միջև, քանի որ կարծում ենք՝ մեր իշխանությունները չեն հետևում ԵԱՏՄ կանոններին»,- ասված է տեսաուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս