«Անկեղծ չգիտենք, թե ինչով է պայմանավորված Արթուր Վաղարշյանի առաջադրումը». Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ դժվար է ասել, Սահմանադրական դատարանի դատավորները կընտրվեն արտահե՞րթ նիստի ժամանակ, թե՞ լիագումար. ««Իմ քայլը» խմբակցությունը դեռևս տեղեկություն չունի արտահերթ նիստի վերաբերյալ, ենթադրում ենք, որ կլինի հերթական նիստերի ժամանակ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը:
Ըստ նրա՝ ՍԴ դատավորների թեկնածուների ընտրությունն ունի որոշակի ընթացակարգ թե՛ թեկնածուների առաջադրելու առումով, թե՛ պատգամավորների հետ քննարկման առումով:
Ինչ վերաբերում է Արթուր Վաղարշյանի թեկնածությանը, Մակունցն ասաց, որ նրա հետ հանդիպել են նախկինում՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: «Առաջարկը հնչեցրել են «Իմ քայլը» խմբակցությանը, եթե անհրաժեշտություն լինի լրացուցիչ հանդիպման ու հարցեր ուղղելուն, ապա մենք կկազմակերպենք այդ հանդիպումը: Դեռևս խմբակցությունից որևէ առաջարկ չի հնչել»,- հավելեց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է «Իմ քայլը» վերաբերվում Արթուր Վաղարշյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելուն, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Մենք, անկեղծ ասած, չգիտենք, թե ինչով է պայմանավորված նրա առաջադրումը՝ հաշվի առնելով նախկինում ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած քննարկումներն ու քվեարկությունը»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արթուր Վաղարշյանին առաջադրել էր ՍԴ դատավորի թեկնածու:
Վերջինին նախկինում մեկ անգամ արդեն ՀՀ նախագահն առաջադրել էր ՍԴ դատավորի թեկնածու, խորհրդարանը մերժել էր: