Ամո՛թ է, որ առկա հազարավոր խնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունն իր ամբողջ կազմով լծվել է ԲՀԿ-ի վերաբերյալ ստեր հորինելու ապաշնորհ գործին․ Իվետա Տոնոյանը՝ Մակունցի հայտարարության մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանն առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինչպես 2015 թվականին, այնպես էլ հիմա գտնվում է տարբեր ուժերի ազդեցության տակ: Տոնոյանը մասնավորապես նշել է՝ ինչ-որ ուժերի ազդեցության մասին խոսում է մի այնպիսի քաղաքական ուժի անդամ, որի ներկայացուցիչների մի ահռելի հատված ամենասերտ կապերն ունի Սորոսի գրասենյակի ու նրա ֆինանսական աղբյուրների հետ, մի մասը ջերմագին հարաբերություններ ունի տարբեր տեսակի փոքրամասնությունների հետ, մի մասն էլ նախկինում այլ քաղաքական ուժերին տված հավատարմության երդումները մոռացած պատսպարվել է իշխանության շարքերում: Տոնոյանի գրառումը՝ ստորև․
««Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցն այսօր հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինչպես 2015 թվականին, այնպես էլ հիմա գտնվում է տարբեր ուժերի ազդեցության տակ: Իհարկե տիկին Մակունցը դժվարացել է պատասխանել թե դրանք հատկապես ի՞նչ ուժեր են: Դժվարացել է, քանի որ չկա նման բան, դժվարացել է, քանի որ ուղղակի ասել է՝ ասելու համար, դժվարացել է, քանի որ Գագիկ Ծառուկյանի վրա ցեխ շպրտելու իշխանության ամբողջ գործիքակազմն արդեն սպառվել է ու անցում են կատարել երևակայությանն ու գիտաֆանտաստիկայի ժանրին: Տիկին Մակունցի այս հայտարարությունը զավեշտալի է հատկապես այն առումով, որ ինչ որ ուժերի ազդեցության մասին խոսում է մի այնպիսի քաղաքական ուժի անդամ, որի ներկայացուցիչների մի ահռելի հատված ամենասերտ կապերն ունի հայտնի Սորոսի գրասենյակի ու նրա ֆինանսական աղբյուրների հետ, մի մասը ջերմագին հարաբերություններ ունի տարբեր տեսակի փոքրամասնությունների հետ, մի մասն էլ նախկինում այլ քաղաքական ուժերին տված հավատարմության երդումները մոռացած պատսպարվել է իշխանության շարքերում:
Նեղություն քաշեք ու «Իմ քայլ»-ի պիտակը ԲՀԿ-ի վրա մի փակցրեք: Ցավալին այն է, որ ամբողջ իշխանական 88 հոգանոց խմբակցությունից չգտնվեց գեթ մեկ պատգամավոր, ով բովանդակային քննադատություն կներկայացներ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների հետ կապված: Թե չէ երևակայությանը զոռ տալ ու անձնական վիրավորանքների մակարդակին իջնել բոլորն էլ կարող են, այլ բան է, որ ոմանց դաստիարակությունն ու անցած ճանապարհը դա թույլ չի տալիս, իսկ մյուսների մոտ դրանց բացակայությունը շաղակրատելու լայն հնարավորություն է ստեղծում:
Իսկապես ամո՛թ է, որ առկա հազարավոր խնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունն իր ամբողջ կազմով լծվել է Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերաբերյալ ստեր հորինելու ու տարածելու ապաշնորհ գործին: Գոնե հիմա, երբ ամբողջ աշխարհը նախապատրաստվում է կորոնավիրուսի բռնկման երկրորդ հնարավոր ալիքին՝ ձեր նախարարին հետ բերեք լեռներից ու գործով զբաղվեք, թե չէ ողբերգական հետևանքներն անխուսափելի են լինելու»։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով դիտարկմանը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մեծ հանրահավաք անցկացնելու մասին, որի հիմնական թեման լինելու են կրթական ոլորտի խնդիրները, ասաց․
«ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ, և ինչպես 2015-ին տեղի ունեցավ, արդյունքը կանխատեսելի է բավականին»։ Հարցին՝ ո՞ր ուժերի ազդեցության տակ է գտնվում ԲՀԿ-ն, Մակունցն արձագանքեց՝ տարբեր: