Ինչպես են քաղաքացիները հանրահավաք անցկացնելու, եթե հայտարարվում է կարանտին. պարզաբանում է փոխնախարարը
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկման ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցեր ուղղեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին. «Կապված բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների խնդրի հետ՝ կարծեմ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում էր, որ դա պետք է օրենքով սահմանվի, բայց դա օրենքով չի. այսինքն՝ եթե մարզպետը կամ քաղաքապետը սահմանում է, կամ նույն կառավարությունը, դա օրենքով չի: Իրավական խնդիր չկա՞ այստեղ:
Երկրորդը՝ մամուլում էլ շատ գրվեց , քննարկումներ էլ եղան՝ այդ տասն օրվա հետ կապված. ինչո՞ւ է հենց տասն օր սահմանվում:
Երրորդը՝ պատկերացնենք՝ հավաքի հայտ է ներկայացված տեղական ինքկառավարման մարմին, և հետո հավաքից մեկ կամ երկու օր առաջ հայտարարվում է, որ այստեղ կարանտին է մտցվում, այդ հավաքն ի վերջո կայանո՞ւմ է, թե՞ չեղարկվում»:
Հիշեցնենք՝ նախագծով նշվում էր, որ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանվում է հատուկ ընթացակարգ, և անձինք կկարողանան վարչական դատարանում տասնօրյա ժամկետում վիճարկել կարանտինի շրջանակում իրենց նկատմամբ կիրառված միջոցառումները՝ մեկուսացում/ինքնամեկուսացում:
Անդրադառնալով վարչական բողոքարկման տասնօրյա ժամկետի վերաբերյալ պատգամավորի հարցադրմանը՝ փոխնախարարը նշեց. «Մամուլում այդ շահարկումներն ուղղակի տվյալ հոդվածների սխալ մեկնաբանման հետևանք են. այդ հատուկ ընթացակարգը կիրառելի է միայն կիրառվող միջոցառումների մասով՝ մեկուսացում, ինքնամեկուսացում: Նախատեսված է արագ ընթացակարգ, որ անձը կարողանա իր դատական պաշտպանության իրավունքն իրականացնել: Բոլոր տույժերի սահմանումը և այլ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված միջոցառումների իրականացումն ընդհանուր ընթացակարգով է իրականացվելու»:
Հավաքների ազատության մասին հարցին անդրադառնալով՝ Ռ. Գրիգորյանը մեկնաբանեց. «Եթե տվյալ պահին գործում է կարանտինի ռեժիմ, ապա հավաքը պետք է կարանտինի ռեժիմի կանոններին համապատասխան իրականացվի»: