Կառավարությունը ցեյտնոտի մեջ է. հարկայինը գործի է անցել
Տնտեսական իրավիճակի վատացումը ծանր է նստել բյուջեի վրա։ Բյուջեում փող չկա, ու դա ցեյտնոտի է մատնել իշխանություններին։ Նրանք անցել են բյուջեն լցնելու հին, «բարի» մեթոդներին. վերջին օրերին հարկային մարմիններն ակտիվ ռեյդեր են իրականացնում և ՀԴՄ կտրոնի տրամադրման խախտումներ արձանագրում տնտեսվարողների մոտ։
Թիրախի տակ է հայտնվել հատկապես առևտրի ոլորտը։ Նպատակը բյուջեի բացերն ինչ-որ կերպ լրացնելն է, բայց պետք է գիտակցել, որ դրանից տնտեսության կորուստներն անհամեմատ ավելի են մեծանալու։ Չի շահելու նաև բյուջեն, եթե նույնիսկ դա հանգեցնի եկամուտների ժամանակավոր ավելացման։
Հարկային մարմինների գործողությունների հետևանքով տնտեսվարողների շրջանում խուլ դժգոհություն է հասունանում։ Առանց այն էլ ճգնաժամի պատճառով շատերը հայտնվել են ծանր ֆինանսական դրության մեջ։ Պահանջարկի անկման հետևանքով նվազել են առևտրի ծավալները։
Պաշտոնական տվյալներով՝ առևտրի ոլորտում շրջանառությունների անկումը հասնում է ընդհուպ 11 տոկոսի։ Այն հանգեցրել է ոլորտում զբաղվածների եկամուտների զգալի կրճատման։ Այսօր քիչ չեն այն տնտեսվարողները, ովքեր հազիվ կարողանում են ծայրը ծային հասցնել։ Դա քիչ է, հիմա էլ հայտնվել են հարկային մամլիչի տակ։
ՀԴՄ կտրոնների չտրամադրումով տնտեսվարողները, անշուշտ, թաքցնում են հարկերը։ Բայց դա լավ օրից չի գալիս։ Հակառակ դեպքում շատերը ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը և համալրել գործազուրկների շարքերը, եթե այդպես ավելի ձեռնտու է կառավարությանը։
Որքան էլ ասենք, որ առևտրի ոլորտում կան ստվերային շրջանառություններ, առանց դրա անհնարին է գոյատևել գործող հարկային քաղաքականության և օրենսդրության պայմաններում։ Ու երբ վարչապետը հայտարարում է, թե անպայման պետք է ՀԴՄ կտրոն տրամադրել, այլապես ստացվում է, որ կտրոն չտրամադրողները գողանում են զինվորի հացը, թող բարի լինի հաշվարկել, թե այդ դեպքում քանի տնտեսվարող ստիպված կլինի դադարեցնել իր գործունեությունը։
Խնդիրն արդիական է հատկապես փոքր և միջին բիզնեսում։ Փոքր և միջին բիզնեսում անհնարին է աշխատել գործող հարկային օրենսդրության պահանջներն ամբողջությամբ պահպանելով։ Դա նշանակում է՝ շատ արագ դուրս մնալ գործունեության դաշտից։ Առավել ևս՝ այսօրվա սպառման ծավալների անկման պայմաններում։ Սա խնդիր է, որը ժամանակին էր պետք լուծել։
Հիմա, երբ բյուջեի վիճակն իսկապես վատ է, կրկին ձեռքը մեկնել են փրփուրներին։ Այնինչ, խիստ վարչարարությունը միշտ չէ, որ լավ արդյունք է տալիս։ Հատկապես տնտեսական ճգնաժամերի ժամանակ, երբ տնտեսությանը լրացուցիչ շրջանառու միջոցներ են պետք՝ բացասական ազդեցությունները հնարավորինս մեղմելու կամ թուլացնելու համար։
Բյուջեն փողի պակաս ունի, ու դա կապված է տնտեսական իրավիճակի հետ։ Տնտեսությունը հետընթաց է ապրում, ինչի հետևանքով նվազում են նաև բյուջեի եկամուտները։
Նախապես հաստատված եկամուտների համեմատ այսօր արդեն բյուջեում ունենք բավական լուրջ ճեղքված։ Ճիշտ է, կառավարությունը փոփոխել և կրճատել է ի սկզբանե հաստատված եկամտային ակնկալիքները, բայց դրանով բյուջեի վիճակը շատ չի փոխվել։ Պակաս ստացվող եկամուտները պետք է լրացվեն այլ աղբյուրներից ներգրավվող փոխառությունների հաշվին, որը նոր ծանրություն է ենթադրում բյուջեի վրա։
7 ամսում բյուջեի եկամուտները կազմել են 833 մլրդ դրամ։ Հիմնական մասը հարկային եկամուտներն են՝ 789 մլրդ դրամ։
Որպեսզի պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել բյուջեի եկամուտների հետ, կատարենք որոշ համեմատություններ։
Հաշվի առնելով հարկային եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրները՝ ապրիլի վերջին կառավարությունը որոշեց ճշգրտել բյուջեի եկամտային ցուցանիշները և դրանց մի մասը տեղափոխեց պակասուրդի մեջ։ Մինչև ճշգրտումը, կառավարության կողմից հաստատված եռամսյակային համամասնություններով, առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները պիտի կազմեին 808 մլրդ դրամ, բայց կազմեցին 716 միլիարդ։ Հարկային եկամուտները պիտի կազմեին 770 մլրդ դրամ, կազմեցին 680 միլիարդ։
Մի դեպքում՝ կիսամյակային թերակատարումը հասավ 92 միլիարդի, մյուս դեպքում՝ 90 մլրդ դրամի։
9 ամիսների կտրվածքով նախատեսվում էր ստանալ 1 տրիլիոն 218 մլրդ դրամի բյուջետային եկամուտ, որից հարկային եկամուտները պիտի կազմեին 1 տրիլիոն 160 մլրդ դրամ։
Առայժմ հայտնի են 7 ամիսների տվյալները, ու դրանց համաձայն՝ բյուջեն ստացել է 833 մլրդ դրամ։
Նախատեսված եռամսյակային համամասնություններով ակնկալվող եկամուտներն ամբողջությամբ ապահովելու համար հետագա 2 ամիսներին անհրաժեշտ կլիներ հավաքել 385 մլրդ դրամ, ինչն այսօրվա տնտեսական իրողությունների պայմաններում անհավանական մեծ գումար է։ Այդ թվում՝ նաև հարկային եկամուտների առումով։ Հարկային եկամուտների ի սկզբանե հաստատված եռամսյակային ցուցանիշներն իննամսյա պլանից հետ են մնում 371 միլիարդով։ Եթե հաշվի առնենք, որ հուլիսին հավաքվել է 109 մլրդ դրամ, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչքան պետք է հավաքվի օգոստոս-սեպտեմբերին՝ եռամսյակային համամասնությամբ նախատեսված իննամսյա պլանը կատարելու համար։ Նշված 371 միլիարդից, լավագույն դեպքում, կարող է ապահովվել 220 միլիարդը։ Իսկ դա կնշանակի, որ 9 ամիսների արդյունքում կունենանք բյուջեի գրեթե 150 միլիարդանոց ճեղքվածք։
Հիշեցնենք, որ բյուջետային փոփոխություններով, ամբողջ տարվա կտրվածքով եկամտային ճեղքվածքը գնահատված է 169 մլրդ դրամ։ Մինչդեռ, այս տեմպերով շարունակվելու դեպքում արդեն 9 ամիսների արդյունքում այն կարող է հասնել ընդհուպ 150 մլրդ դրամի։
Այսքանից հետո զարմանալի չէ, որ կառավարությունը խառնվել է իրար, իսկ վարչապետը հաթաթա է տալիս գործարարներին։
«Ի՞նչ է նշանակում՝ ՀԴՄ չխփել, այն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում։ Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված է: Հիմա էլ ես եմ ասում, որ այդ կոռուպցիոն երևույթն այդտեղ մնացել է։ Կրկին եմ ասում, ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է, և այստեղ նեղանալու կարիք չկա։ Հիշում եմ այն քննարկումները, երբ հասկանալի պատճառներով տարբեր ոլորտներ գալիս էին ու բյուջեից ակնկալում էին այս կամ այն աջակցությունները։ Հիշում եմ նաև 2 տարի առաջվա քննարկումը, երբ մենք այդ նույն մարդկանց ներկայությամբ ասում էինք, որ բյուջեն բոլորիս գրպանն է, պետք չէ ամեն ինչ անել, որ բյուջե մի կոպեկ պակաս վճարել, և այս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին երկու տարի առաջվա քննարկումը, հիմա եկել-ասում եք՝ բյուջեից այս տվեք, այն տվեք, բայց որ խոսքը գնում է այն մասին, թե ինչքանով են պարտաճանաչ բյուջե վճարում, այդ ժամանակ դրա մասին խոսք չի գնում: Դրա համար էլ գործարար միջավայրն իմ հանդիպումներից դուրս է գալիս, ու ասում, որ մի քիչ դժգոհ են։ Լավ է, որ դժգոհ եք, որովհետև պետք է մեր վարքագծի մասին մտածենք, չէ՞»,- վերջերս կառավարության նիստում նյարդային տոնով հայտարարում էր վարչապետը։
Թերևս, նրա այդ հայտարարությունից հետո էլ հարկային մարմինները սկսեցին ակտիվացնել ռեյդերը։ Բյուջեի ճեղքվածքը գնալով խորանում է, և դա լուրջ գլխացավանք է դարձել կառավարության համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ