
Ֆուտբոլի ընտրանին անցկացրեց վերջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին: