Դաշնակահարուհի Գլորիա Կամպաներն առցանց սեմինար է անցկացրել Հայաստանի երաժշտական դպրոցի սաների համար
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը ներկայացրեց իտալացի հանրահայտ դաշնակահարուհի Գլորիա Կամպաների՝ երաժիշտների համար նախատեսված առցանց սեմինարը (See Sharp Creativity Workshop)։
Հաշվի առնելով մարզաբնակ պատանի երաժիշտ–կատարողների ստեղծագործական առաջխաղացմանը նպաստելու ցանկությունը՝ հիմնադրամը հնարավորություն էր ընձեռել իր կրթաթոշակային ծրագրին նախկինում դիմած, սակայն մրցութային փուլը չհաղթահարած բոլոր դիմորդներին, այդ թվում՝ մարզաբնակ երեխաներին, անվճար մասնակցել սեմինարին։ Սեմինարին մասնակցել են նաև հիմնադրամի պատանի է 10 կրթաթոշակառուները։
Սեմինարի նպատակն էր օգնել մասնակիցներին կառավարել բեմական վախն ու անհանգստությունը, սթրեսային իրավիճակները, որոնք կարող են դրսևորվել համերգներից կամ հանրային ելույթներից առաջ, օգնել դառնալ ավելի համարձակ, չվախենալ սխալվելուց, ինչպես նաև զարգացնել կրեատիվ մտածողություն։
Սեմինարն ունեցել է հետաքրքիր և յուրօրինակ ձևաչափ՝ ներառելով սեմինարավարի կողմից տրված խորհուրդներ, օրինակներ իրական կյանքից, շնչառական տարբեր տեխնիկաներ և թեթև ֆիզիկական վարժություններ։ Ինչպես նշում են հենց մասնակից երեխաները, այն ընթացել է շատ անմիջական, ջերմ և դրական մթնոլորտում։
«Գլորիա Կամպաների սեմինարի յուրաքանչյուր րոպեն մի նոր բան է ինձ սովորեցրել: Նա խոսում էր արտիստիզմից, տեխնիկայից, ինչը շատ հետաքրքիր և կարևոր էր ինձ համար: Կարծում եմ, որ դա շատ մեծ ազդեցություն կթողնի իմ հետագա աշխատանքի վրա: Նախկինում էլ եմ մասնակցել օն-լայն ձևաչափով սեմինարի. ԴասA ծրագրի շրջանակներում հանդիպել եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, կարողացել եմ ինձ հուզող մասնագիտական հարցերի պատասխաններ ստանալ նրանից: Ծրագիրը անչափ կարևոր է մեր՝ երիտասարդներիս համար, դա հնարավորություն է էլ ավելի շատ գիտելիք ձեռք բերել երաժիշտ-մասնագետներից»,- ասաց դաշնակահար Ալեքս Գևորգյանը:
«Սեմինարը շատ հետաքրքիր էր, Գլորիա Կանպաները ցույց տվեց բազմաթիվ օգտակար վարժություններ, տվեց ինձ համար շատ կարևոր խորհուրդներ։ Սեմինարի ընթացքում ինձ ամենաշատը դուր եկան խորհուրդները բեմում մեզ տիրապետելու մասին։ Սեմինարին մասնակցությունը ինձ սովորեցրեց լինել ինքնավստահ»,- նշեց գալարափողահար Սաթենիկ Գալստյանը:
Սեմինարի վերջում մասնակից պատանի երաժիշտներին տրվել է փոքրիկ առաջադրանք մինչև սեպտեմբերի 20-ը նկարահանել իրենց հետաքրքրություններին առնչվող կարճ տեսանյութ, որով նրանք կցանկանան կիսվել, և որտեղ նրանք կցուցաբերեն հնարավորինս ստեղծագործական և կրեատիվ մոտեցում։ Արդյունքների ամփոփումից հետո նրանք կստանան հետադարձ կապ սեմինարավարի կողմից և կհայտարարվեն ամենակրեատիվ 3 մասնակիցները։
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամ