Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը, կարծեք թե, ինչ-որ առումով սառեցված է. իրանագետ

Արդեն գործում է Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, որի բացումը նախատեսվում էր այս տարեսկզբին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշումը հետաձգվեց: Թեև դեսպանատան պաշտոնական բացումը դեռ չի կայացել, սակայն հյուպատոսական ծառայությունը սկսել է աշխատանքները:

Նկատենք՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու հարցը բազմիցս հակադրվում էր Հայաստան-Իրան հարաբերություններին: Մեկ ամիս առաջ արդեն իրանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ մի խումբ իրանցի ուսանողներ բողոքի ցույց են իրականացրել Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց՝ պահանջելով վերանայել Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը։

Քանի որ դեսպանատունն արդեն գործում է, 168.am իրանագետ Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեց իրանական կողմի արձագանքների մասին, նա մասնավորապես նշեց.

«Ակնհայտ է, որ իրանցիները պետական, հասարակական շրջանակների մակարդակով, ԶԼՄ-ների մակարդակով, կարծեք թե, անակնկալի են եկել այս հանգամանքից, և դատելով նաև իրանական կողմի հրապարակումներից՝ խնդիրը նաև կարծեք թե չի բացատրվել մեր գործընկերոջը, իսկ Իրանի հետ հարաբերությունները ոչ միայն գործընկերային են, այլև ձգտում են դաշնակցայինի: Հետևաբար, այս հաթությունում մենք ունենք խնդիր, որը պետք է հնարավորինս արագ կարգավորվի՝ հատկապես իրանական կողմի հետ ավելի սերտ համագործակցության մթնոլորտ ստեղծելով, քանի որ չնկատելու տալով խնդիրը՝ մենք կարող ենք ստանալ ավելի բարդ հետևանքներ, որոնք հետագայում հարթելը շատ ավելի մեծ ջանքեր և ճիգեր կպահանջեն մեր կողմից»:

Խոսելով Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգի մասին՝ Վարդան Ոսկանյանը ցավով արձանագրեց՝ այն ինչ-որ առումով սառեցված է: Ըստ նրա՝ թեև դրա համար կա նաև օբյեկտիվ պատճառ՝ համավարակը, այդուհանդերձ, կարծում է՝ այս ժամանակահատվածը պետք է օգտագործվի նոր ծրագրերի համար.

«Մասնավորապես, մեր պետության համար, ըստ իս, կենսական նշանակություն ունեցող երկու ծրագրերը՝ Հյուսիս-Հարավ մայրուղին և Հայաստան-Իրան երկաթուղին մշտապես պետք է լինեն ՀՀ-ԻԻՀ օրակարգում, որովհետև դրանով լուծվում է ոչ միայն տնտեսական խնդիր, այլև մենք ապահովում ենք Հայաստանի աշխարհաքաղաքական շահերն այս տարածաշրջանում:

Տավուշյան դեպքերի ընթացքում և դրա հետևանքով ստեղծվել էր ուշագրավ մի իրավիճակ, երբ Թուրքիայի գերակտիվությունը հանգեցրեց նրան, որ հնարավորություն է ստեղծվել ձևավորելու եռակողմ սերտ համագործակցություն Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև՝ հատկապես կապված նախիջևանյան ուղղության հետ, որի կարևորությունը գիտակցում են թե՛ Ռուսաստանում, թե՛ Իրանում, և հայկական կողմը այստեղ կարող է չափազանց արդյունավետ հարթակ դառնալ նման եռակողմ համագործակցության ստեղծման առումով:

Մյուս կողմից՝ ծրագիր ունենք մեկ այլ կարևոր տնտեսական հարթությունում, որը նույնպես դոփում է տեղում՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտին»: Այն ծրագրվել է ոչ միայն՝ որպես երկկողմ հարաբերությունների հարթակ, այլև՝ Իրան-ԵԱՏՄ տնտեսական հարաբերությունների հարթակ: Հետևաբար, այս ուղղությամբ էլ պետք է լուրջ աշխատանքներ տարվեն, որպեսզի այդ գոտին սկսի աշխատել և սպասարկել այն շահերը, որոնք ունի թե՛ ՀՀ-ն, թե՛ Իրանը, թե՛ Եվրասիական տնտեսական միությունն ընդհանրապես»:

Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերջերս հայտարարել էր, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում։

Իրանագետից հետաքրքրվեցինք՝ Իրանն արդյոք թույլ կտա՞, որ Թուրքիան այս տարածաշրջանում լիդերություն ստանձնի, նա արձագանքեց.

«Իրականության մեջ, Թուրքիան իր նկրտումներով, որոնք ոչ միայն համասուննիական են, այլ նաև համաթուրքականության տարրեր են պարունակում իրենց մեջ, զգալիորեն անհանգստացնում է Իրանին: Եվ բնական է, որ իրանցիներն իմ նշած երկու ուղղություններն էլ դիտարկում են՝ որպես սպառնալիք իրենց պետական և ազգային շահերի տեսանկյունից, հետևաբար, այս հարթությունում էլ կարելի է սերտացնել համագործակցությունն Իրանի հետ»:

Մեր զրուցակիցը ևս մեկ անգամ շեշտեց՝ հայ-իրանական օրակարգը բազմազան է և շատ հարուստ. բոլոր ուղղություններով աշխատելու տեղ կա. «Մենք պետք է այդ աշխատանքները ծավալենք, այլ ոչ թե բավարարվենք՝ շարունակ խոսելով այդ օրակարգի մասին: Ըստ էության, խոսքային տիրույթում ամեն ինչ ասված է, մնում է գործունեություն ծավալել՝ իրականացնելու այդ բոլոր ծրագրերը գործնական տիրույթում»:

Հիշեցնենք՝ 2019 թ․ սեպտեմբերի 19-ին Հայաստանի կառավարությունը որոշեց, որ Հայաստանը դեսպանություն կստեղծի Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում։

«Իսրայելում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա:

Դեսպանություն ստեղծելը միտված է ապահովելու Հայաստանի պետական մակարդակով բազմադարյա հայկական ներկայությանը մասնակից լինելը»,- Հայաստանի կառավարության նիստում հիմնավորել էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նկատելով՝ դեսպանատան բացումը կխորացնի նաև հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունները:

Հայաստան-Իսրայել երկկողմ հարաբերություններին և փոխգործակցությանը անդրադարձել էր նաև նախագահ Արմեն Սարգսյանը, երբ 2020թ. հունվարին աշխատանքային այցով Իսրայելում էր:

Տեսանյութեր

Լրահոս