
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում

Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավարի հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիայի ունեցած դերակատարման մասին իր մտքերն արտահայտող Աքարը, ի թիվս բազմաթիվ այլ խնդրների, ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հուլիսին տեղի ունեցած բախումների համատեքստում։
Թուրքիայի Պաշտպանության նախարարը դարձյալ կրկնել է «Ադրբեջանի` եղբայր պետություն լինելու, երկու պետություն մի ազգ» լինելու մասին հայտնի թեզերը։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան նույնպես այս հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը։
Հուլուսի Աքարը Հայաստանը ներկայացրել է որպես իրեն սատարող ուժերի հաշվին «իր հասակից բարձր գործերի» խառնվող մի երկիր՝ նշելով որ Հայաստանի պահվածքը ոչ մի արդարացում չունի և բոլորը պետք է հասկանան դա։
Թուրք պաշտոնյան շեշտել է, որ համատեղ զորավարժություններով իրենք ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողքին են։