«Հայաստանը չպետք է նման խաղի մասնակից լինի որևէ պարագայում․իրանցիներն ավելի շատ դժգոհ են հայաստանյան կողմում որոշում կայացնողներից». Իրանագետ

Երեկ իրանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ մի խումբ իրանցի ուսանողներ բողոքի ցույց են իրականացրել Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց՝ պահանջելով վերանայել Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը:

«Բողոքի գործողություն է իրականացվել, որին մասնակցել են մոտ 30 ուսանողներ՝ դատելով հենց իրանական լրատվամիջոցների տրամադրած տվյալներից:

Հակահայկական որևէ կարգախոս ցուցարարների պաստառներին չի եղել, եղել են հակաիսրայելական կարգախոսներ, հնչել են հակաամերիկյան և հակաբրիտանական կոչեր:

Ցուցարարները պահանջել են վերանայել Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու հանգամանքը, և այս առումով՝ Իրանում կա լուրջ անհանգստություն»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Իրանագետը նշեց, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու որոշումն Իրանում չէր կարող խանդավառությամբ ընկալվել, քանի որ իրանցիները Մերձավոր Արևելքում  իրենց հիմնական հակառակորդ են դիտարկում Իսրայելը.

«Նման քայլի գնալուց առաջ՝ պետք է խորհրդակցություններ անցկացվեին իրանական կողմի հետ. Ես տեղյակ չեմ՝ արդյո՞ք նման խորհրդակցություններ եղել են, արդյո՞ք մեր գործընկերոջ հետ այդ հարցը քննարկվել է»:

Այս հարցում իրանագետը կարևորեց նաև արաբական երկրներից հնարավոր արձագանքները.

«Պետք է չափվեր՝ արդյոք մենք ավելի շահո՞ւմ ենք այս քայլին գնալուց, թե՞ կորցնում»:

Ըստ նրա՝ խնդիրը հնարավորին արագ և անցնցում պետք է հարթվի.

«Հայաստան-Իրան հարաբերություններին ամենևին վայել չէ նման խնդրի առկայությունը. մեր պետությունները բարեկամական պետություններ են, և պատասխանատուները պետք է դիվանագիտական խողովակներով հնարավորին արագ խնդիրները հարթեն:

Պետք է մի կարևոր հանգամանք էլ արձանագրենք՝ Իրանում Հայաստանի հանդեպ՝ որպես պետության, և հատկապես հայ ժողովրդի հանդեպ վերաբերմունք չի փոխվել, և իրանցիներն ավելի շատ դժգոհ են հայաստանյան կողմում որոշում կայացնողներից»:

Հարցին՝ որքանո՞վ են տեղին մտահոգությունները, թե ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել անգամ Հայաստան-Իրան սահմանի փակմանը՝ Վ. Ոսկանյանն արձագանքեց.

«Եթե խնդիրը հարթվի, ապա նման ռիսկային իրավիճակի ականատեսը չենք լինի, բայց խնդիրը պետք է հարթվի, և այդտեղ անելու շատ գործ կա, որովհետև Հայաստան-Իրան հարաբերությունները չափազանց կարևոր են՝ քաղաքական, տնտեսական, անվտանգային և այլ իմաստներով»:

Դիտարկմանը, թե հաշվի առնելով հանգամանքը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերությունները կայուն և դինամիկ զարգացում են ապրել, այս պարագայում՝ մեզ համար ի՞նչ տարածաշրջանային վտանգներ կան, մեր զրուցակիցն արձագանքեց.

«Իսրայելական քաղաքականությունը միտված է սեփական շահերը սպասարկելուն, ինչպես ցանկացած պետության, և այդ շահերը ենթադրում են Իրանը հյուսիսից շրջափակել կամ ստեղծել հակաիրանականության օջախներ Իրանի սահմանների ողջ երկայնքով. Հայաստանը չպետք է նման խաղի մասնակից լինի որևէ պարագայում»:

Հիշեցնենք՝ 2019 թ․ սեպտեմբերի 19-ին Հայաստանի կառավարությունը որոշեց, որ Հայաստանը դեսպանություն կստեղծի Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում։

«Իսրայելում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա:

Դեսպանություն ստեղծելը միտված է ապահովելու Հայաստանի պետական մակարդակով բազմադարյա հայկական ներկայությանը մասնակից լինելը»,- Հայաստանի կառավարության նիստում հիմնավորել էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նկատելով՝ դեսպանատան բացումը կխորացնի նաև հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունները:

Հայաստան-Իսրայել երկկողմ հարաբերություններին և փոխգործակցությանը անդրադարձել էր նաև նախագահ Արմեն Սարգսյանը, երբ 2020թ. հունվարին աշխատանքային այցով Իսրայելում էր:

Տեսանյութեր

Լրահոս