Թողած ցավը մեր
Բոլոր երկրները հրապարակում են համավարակային տարվա երկրորդ եռամսյակի և առաջին կիսամյակի տնտեսական ծրագրերը: Բոլոր հայտնի միջազգային տնտեսական, ֆինանսական կազմակերպություններն ու կառույցները հրապարակում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի իրենց գնահատականներն ու կանխատեսումները:
Նախ նշենք մեկ ընդհանրություն: Համարյա բոլոր միջազգային կառույցներն արձանագրում են, ու տնտեսական ճգնաժամն իրականում ավելի խորն էր, քան իրենց կանխատեսումներում: Ու այս պատճառով նոր կանխատեսումներն արդեն երկու ենթամաս ունեն՝ կանխատեսում լավատեսական սցենարով և կանխատեսում հոռետեսական սցենարով:
Հիմա ամենաանսպասելի որակված թվերը:
Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ տնտեսության ռեցեսիան ամենախորն է վերջին 150 տարում: Խոսքը 20.4 տոկոս անկման մասին է: Այն, որ Brexit-ի պատճառով այս փաստը չի ներառվել Եվրամիության տվյալների մեջ, գուցե ոմանց մխիթարում է: ԵՄ-ն հայտարարում է հետևյալ թվերը՝ երկրորդ եռամսյակի անկումը 14.4 տոկոս է, իսկ առաջին կիսամյակի ընդհանուր անկումը 11.9 տոկոս է (առաջին եռամսյակում ԵՄ տնտեսության անկումը 3.6 տոկոս էր: Ռեցեսիայի այս մակարդակը շատերի համար անսպասելի էր: Նախկին ամենահոռետեսական կանխատեսումներն առավելագույն 8.2 տոկոս էին: Ուստի նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումներում անգամ չի խոսվում, որ եկող տարի հնարավոր կլինի վերականգնել նախահամավարակային մակարդակը):
Տնտեսական վերլուծություններում ամենահաճախ հանդիպող արտահայտությունը սա է՝ «Եվրոպայի տնտեսությունը հետ շպրտվեց 10-20 տարով»: 20 տարին Իտալիայի մասին է, ըստ վիճակագրության՝ Իտալիայի ՀՆԱ-ն նվազել է 90-ականների մակարդակին (առաջին եռամսյակի անկումը 12.4 տոկոս է): Իսկ 10 տարվա անկումը Գերմանիայի տնտեսության մասին է: ԵՄ ամենախոշոր տնտեսությունը (ծավալով ԵՄ ընդհանուրից 29 տոկոսանոց մասնաբաժին) կրճատվել է 10.2 տոկոսով: Ֆրանսիայի 13.8 տոկոսանոց կրճատումը տարվա կտրվածքով մոտ 19 տոկոսանոց սպասում է ձևավորում:
Վերջին տվյալներն ու կանխատեսումներն այս օրերին հրապարակեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը: Այս կառույցը մեզ քիչ է հայտնի, որովհետև դրա կազմում ընդգրկված են միայն տնտեսապես զարգացած երկրներ (կարծեմ, 2004-ին մերժեցին Ռուսաստանի անդամակցության դիմումը): Այս կառույցը հպարտությամբ նշում է, որ իր 37 անդամ երկրներին բաժին է ընկնում համաշխարհային առևտրի և ներդրումների 80 տոկոսը, համաշխարհային ՀՆԱ-ի 60 տոկոսը: Նշում ու ծանր կանխատեսումներ է հրապարակում, որի հետ համաձայն են տնտեսական եվրահանձնաժողովները: Լավատեսական սցենարով ԵՄ անդամ երկրներին տարեկան կտրվածքով 7.7 տոկոս ռեցեսիա է սպասվում (եվրոյի գոտու անդամ-երկրներում այն մի փոքր մեղմ կլինի՝ 7.4 տոկոս):
Իսկ հոռետեսական պլաններով կրճատումը 10 տոկոսանոց ցուցանիշից ավելի կլինի: Հաշվարկների հիմքում նաև այն փաստն է, որ ԵՄ տնտեսությունը 0-ական աճ է գրանցել դեռևս 2019-ի վերջին եռամսյակում:
ՏԶՀԿ անդամ են, բնականաբար, աշխարհի ամենախոշոր տնտեսություն ունեցող երկու երկրները: Բայց նրանց ներկան ու կանխատեսվող ապագան ինչ-որ իմաստով տարբեր է: ԱՄՆ անկումն առաջին կիսամյակում 9.5 տոկոս է (այս ցուցանիշը հրապարակել է ԱՄՆ Առևտրի նախարարությունը): Տարեկան կտրվածքով շատ ավելի մեծ ռեցեսիայի սպասում է ձևավորվել: Որովհետև գործազրկությունը 10.2 տոկոս է կազմում, և շաբաթական մոտ 1 մլն մարդ դիմում է նպաստ ստանալու խնդրանքով: Բայց կա Համաշխարհային Բանկի ավելի լավատեսական սպասումը: Ավելացնենք. ՀԲ սպասումով ՌԴ տնտեսությունը տարեկան կկրճատվի 6.1 տոկոսով (նախկին 4.5 տոկոսանոց կանխատեսման դիմաց): Հիմա վերադառնանք ՏՂՀԿ կանխատեսումներին: Չինական ՀՆԱ-ն առաջին կիսամյակի տվյալներով ընդամենը 1.6 տոկոսանոց անկում ունի: Առաջին եռամսյակում կրճատումը 8.4 տոկոս էր: Բայց երկրորդ եռամսյակն աճ արձանագրեց 4.8 տոկոսի չափով:
Հետևաբար՝ սպասումը կա, որ խոշոր տնտեսություններից միայն Չինաստանը տարին կփակի աճի ցուցանիշով:
Ահա այսպես պոետի խոսքը մի քիչ ձևափոխելով՝ «Թողած ցավը մեր, ցավը լեռ ու բեռ, հետաքրքրվում ենք ցավով ամբողջ աշխարհի»: