«Մեզ մոտ բանկային համակարգ չկա, դա լոմբարդային համակարգ է». Գագիկ Ծառուկյան
«Այսօր բոլորս էլ գիտենք, որ կաթի ինքնարժեքը շատ ցածր է, 150 դրամ մենք ասում ենք, բայց տեղեր կան, որտեղ կաթը շատ է արտադրվում և մինչև 110 դրամ է»: Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ Կոտայքի մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով քաղաքացիներին մտահոգող հարցերին:
«Կաթի վաճառքի գինը՝ 390, 400, 460-480 դրամ է: Պետք է գնային կոմիտեն սահմանի կարգ, ըստ եկամտի, շահույթի, կամ կաթի գինը բարձացնի 180-200 դրամ, իսկ վաճառքը՝ 390-450, որովհետև միշտ վաճառողն ավելի մեծ շահույթ է ստանում: Դրա համար կա գնային կոմիտե, որը պետք է վերահսկողության տակ պահի, որպեսզի կարողանա այդ հարցը կարգավորի»,- ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ ղեկավարն անդրադարձավ նաև պարտադիր սպանդանոցային մորթին՝ նշելով, որ այն անվտանգ է, սակայն այն ևս պետք է պետության կողմից սուբսիդավորվի.
«Տեղյակ եք, որ դեռ 3 ամիս առաջ ես այդ հարցը բարձրացրել էի, նշելով, որ պետությունը պետք է սուբսիդավորի: Շատ լավ է, որ կան սպանդանոցներ, որ առողջության համար պետք է ստուգվի, դա մենք ողջունում ենք: Պետությունը պարտավոր է սպանդանոցներին սուբսիդավորել առաջին 2 տարին, կառավարությունն էլ ասաց, որ՝ այո, կսուբսիդավորեն, որ 3 ամիս հետաձգեցին, առանց սուբսիդավորման այդ հարցը չի լուծվի: Այս հարցը մեկ անգամ ևս խորհրդարանում կբարձրացնենք, որպեսզի գյուղացուն կարողանանք հնարավորություն տանք մսամթերքով զբաղվելու համար»:
Քաղաքացիները մեկ կարևոր խնդրի էլ են անդրադարձել՝ ինչպե՞ս փակել վարկերը՝ համավարակի պայմաններում, ինչին ԲՀԿ առաջնորդը պատասխանել է, որ կառավարությունը պետք է բանկերին սուբսիդավորի, որոշ չափով էլ բանկերը խնդրի լուծումն իրենց ուսերին վերցնեն:
«Մեր մոտ բանկային համակարգ չկա, դա լոմբարդային համակարգ է: Մարդն իր ունեցվածքը գրավ դնելով, ունեցվածքը հաշվարկում են տվյալ օրվա վաճառքի գնով և վաճառքի գնի ոչ թե 80 տոկոսն են տալիս, այլ 30 տոկոսը, ու այս համաճարակի ժամանակ: Պետությունը պետք է բանկերին սուբսիդավորի, ոչ թե մարդուն արձակուրդ տան, քանի որ 3 ամիս հետո այդ չվճարված գումարներն էլ կգումարվեն: Մարդը վարկ է վերցրել իր հաշվարկով կոպեկ առ կոպեկ, ի՞նչ պետք է ստանա, ամուսինն ի՞նչ պետք ստանա, ո՞նց փակի, ո՞նց սնվի, ո՞նց ապրի, ոչ թե արձակուրդ է պետք, այլ ներում պետք է շնորհվի: Այսօր ունենք 650 հազար ընտանիք և ունենք 1.7 միլիոն վարկառու, վարկառուների 90 տոկոսը սպառողական վարկեր են, անհրաժեշտ վարկեր՝ սնվելու, բուժվելու, երեխայի ուսման վճարի համար, այս խնդիրները պետք է կարգավորվեն: Մարդուն չի՛ կարելի այսօր թողնել փողոցում, թողնել անգործ, թողնել անտուն, սա քո ժողովուրդն է, պետության հենասյունն է, պետության պահողն է, ժողովրդին կերակրողն է, սահման պահողն է, մարդուն հույս ու հավատ պետք է թողնեն, լիարժեք քայլ պետք է մտածվի այդ մասով՝ քայլ կատարվի, բանկի տոկոսները պետք է պակասացվի, ոլորտներից հասկացող է պետք, ոնց որ քո ընտանիքի անդամները՝ այդպիսի մոտեցում լինի»,- ասաց Ծառուկյանը:
Անդրադարձ եղավ նաև ավտոներկրողների խնդիրներին, որոնք, 8 ամիս է՝ չեն կարողանում վաճառել ներկրած մեքենաները և վարկերի տակ են: Ծառուկյանն այս խնդրին ևս տեղյակ է, ներկրողների հետ հանդիպում է կազմակերպվել, առաջարկվել են լուծումներ, սակայն կառավարությունը մերժել է իրավաբանական անձանց համար ավելացված արժեքի հարկը 8 կամ 10 տոկոս դարձնելու առաջարկը:
«Խորհրդարանում այդ հարցը նորից կբարձրացնենք, այդ ծրագիրը կներկայացնենք: Ցավալին նա է, որ մենք ենք ներկայացնում, մերժվում ենք: Թող իրենք ներկայացնեն, որ այդ մարդկանց հոգսը կարողանան կարգավորել, մենք համաձայն ենք, թող մի քիչ փոխված ձևով իրենք ներկայացնեն: Միշտ եղել է, մենք ներկայացրել ենք, 3-6 ամիս հետո, ինչ որ մի բան փոխելով՝ իրենք են ներկայացրել, մենք դրան էլ ենք համաձայն, կարևորը՝ խնդիրը լուծվի»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը: