Նպատակը ձևական պրոցես անցկացնելն էր. դատարանը գործի նյութերին ընդհանրապես ծանոթ չէ. Երեմ Սարգսյան

«Երեկվանից փորձում էի վերլուծել տեղի ունեցած դատական նիստի պրոցեսը՝ հասկանալու՝ արդյո՞ք հնարավոր է, որ էստեղ օրինական արդար դատական ակտ կայացվի: Ակնհայտ է, որ՝ ոչ: Եվ եթե միշտ, օրինակ, փորձում ենք, ասում ենք՝ «ծանոթանանք, դատական ակտը տեսնենք ինչ ա գրել, բողոքարկենք», էս պահին նույնիսկ դրա կարիքը չկա ասելու՝ ծանոթանանք, որովհետև պրոցեսը ցույց տվեց, որ ակնհայտ էր՝ դատարանը գործի նյութերին ընդհանրապես ծանոթ չէ»,- այսօրվա դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը և մերժեց Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատավոր Արթուր Մկրտչյանն ինքն էր փաստել, որ գործի նյութերին ծանոթացել է այնքանով, որքանով հնարավոր է եղել:

«Ակնհայտ էր, որ արդեն իսկ որոշված է, անկախ գործի բնույթից, հանգամանքներից, թե ինչ ա քննարկվելու, ով ինչ ա ասելու, նպատակը ձևական պրոցես անցկացնելն էր, որից հետո դատարանն իր որոշումը պատրաստ պետք ա բերեր, հրապարակեր»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ որոշումն անպայման բողոքարկելու են:

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է՝ այս որոշումից հետո պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն, քանի որ նախորդ դատական նիստում հայտնել էին, թե ըստ անհրաժեշտության կներկայացնեն նման միջնորդություն, Երեմ Սարգսյանը պատասխանեց, թե վստահություն ունի, որ ինքնաբացարկ հայտնելուց հետո դատավորն ինքնաբացարկը չի ընդունի, և վստահ է, որ պատահականություն չի, որ գործը մակագրվել է հենց դատավոր Արթուր Մկրտչյանին:

Լրագրողի մեկ այլ հարցին, թե՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Խաչատրյանի որդիներն ու եղբորորդին թաքնվում են քննությունից, և նրանց նկատմամբ այժմ հետախուզում է հայտարարված, չէ՞ր կարող դատարանի համար նման որոշման հիմք լինել, փաստաբանը պատասխանեց.

«Միանշանակ ոչ, որովհետև նույնիսկ էս կապակցությամբ, երբ որ նախաքննական մարմինները դատարաններում նման հանգամանք են բարձրաձայնում, նույնիսկ դատարանները թույլ չեն տալիս, որ մենք հակադարձենք: Միանգամից երբեմն հենց իրենք են ասում՝ «արդյո՞ք Դուք գտնում եք, որ օրենսդրորեն իրավունք ունեք այլ անձանց վարքագիծը դիտարկել՝ որպես կոնկրետ անձի հնարավոր վարքագիծ»: Կոչվում են այլ անձինք, անգամ, եթե հարազատ եղբայրն է կամ հարազատ որդին»:

Լրագրողների հետ զրույցում փաստաբանը նաև անդրադարձավ փաստին, որ 120 հատոր նյութից առանձնացվել և իրենց է տրամադրվել 37 հատոր նյութ, իսկ մյուս հատորներին Գագիկ Խաչատրյանի փաստաբանները ծանոթանալ չեն կարողացել:

«Ես ձեզ հենց հիմա պաշտոնապես վստահեցնում եմ, հենց հիմա ասում եմ ապագայի վերաբերյալ գործողություններ, էս նյութերը, որոնք որ ասում եմ՝ չկա, դատախազն ա խնդրելու, որ բերի: Ինքը խնդրելու ա, որ բերի, ներկայացնի դատարան, որովհետև սա խիստ իրենց է նաև անհրաժեշտ, և առանց դրա չեն կարողանալու պրոցեսը լիարժեք կատարել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ իրանք միջնորդելու են: Եթե մեր միջնորդությունը անգամ չբավարարի, ինքն ա միջնորդելու, որ բերեն»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, արդեն մեկ տարի է՝ կալանավորված է:

Տեսանյութեր

Լրահոս