Համավարակի շրջանում ԱԱՏՄ-ն ստացել է աշխատանքային իրավունքի պաշտպանության 40 դիմում-բողոք
Համավարակի շրջանում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն (ԱԱՏՄ) արդեն ստացել է աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող շուրջ 40 դիմում-բողոք։ Դրանք վերաբերել են հարկադիր պարապուրդի համար չվճարելուն, աշխատավարձը չհաշվարկելուն ու չվճարելուն, վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատանքից անհիմն ազատելուն և աշխատանքային պայմանագրի լուծման կարգը չպահպանելուն։
«Աշխատանքային իրավունքները՝ համավարակի ընթացքում» խորագրով հեռավար քննարկմանը՝ կազմակերպված «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ-ի կողմից, այս տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքի վերահսկողության վարչության ավագ տեսուչ Ալվարդ Արշակյանը։
Համավարակով պայմանավորված՝ աշխատանքային իրավահարաբերություններում օրակարգ եկան մի շարք խնդիրներ, առաջացավ նոր մոտեցումների, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն։ Ըստ այդմ՝ ձեռնարկվեցին մի շարք հրատապ քայլեր։
Տեսչականի գործառույթները, համավարակով պայմանավորված, օրենքով արդեն որոշակիորեն ընդլայնվել են։ ԱԱՏՄ-ն ոլորտի լիազոր մարմին է ճանաչվել, փոփոխվել է տեսչական մարմնի կանոնադրությունը։
Մասնավորապես, աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2020 թ․ ապրիլի 29-ին կատարվել են փոփոխությունները և լրացումները, որոնցով՝
- սահմանվել է հեռավար աշխատանք հասկացությունը,
• ամրագրվել է չօգտագործված ամենամյա արձակուրդ ունենալու պարագայում աշխատողի պահանջով ամենամյա արձակուրդ տրամադրելու գործատուի պարտականությունը, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները, այդ թվում՝ հեռավար,
• սահմանվել է աշխատանքի չներկայանալու կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու և կարգապահական տույժեր կիրառելու արգելքը և այլն:
Համավարակի կամ դրա հետևանքների վերացման ժամանակահատվածում աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԱԱՏՄ-ն։
Ըստ այդմ՝ ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում Տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի ոլորտում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում կկիրառի պատասխանատվության միջոցներ։
Մինչ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման մասով ԱԱՏՄ բոլոր գործառույթները 2021-ի հուլիսից ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն, ԱԱՏՄ-ն պատրաստվում է այդ պարտավորությունը պատշաճ ստանձնելուն։ Ավելացվում են հաստիքները, վերապատրաստումներ են կազմակերպվում»,- նշված է հաղորդագրության մեջ։