Ինչպե՞ս են պատրաստվում իրականացնել դասապրոցեսը ԵՊՀ-ն, ԵՊԲՀ-ն և ՀՊՏՀ-ն

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում:

Ըստ որոշման՝ սեպտեմբերի 1-ից դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի 1-ին կուրսի ուսանողների համար: Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:

Նախարարը մասնավորապես նշել էր, որ բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաև արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար:

168.am-ը զրուցել է մի քանի բուհերի ներկայացուցիչների հետ, պարզելու համար, թե ինչպես են պատրաստվում կազմակերպել դասապրոցեսը, արդյո՞ք լսարանները բավարար են, ինչպե՞ս են պատրաստվում ջերմաչափումն իրականացնել, երբ բուհում հազարավոր ուսանողներ են սովորում:

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը հայտնեց, որ համալսարանում արդեն սկսել են դասապրոցեսի գրաֆիկների կազմման աշխատանքները.

«Այնպես չէ, որ ամեն ինչ համալսարաններն են որոշելու, որովհետև այդ հայտարարությունից հետո պարետատունը ևս որոշում կայացրեց, որ տեսական դասընթացները նախընտրելի է, որ լինեն հեռավար ուսուցմամբ, գործնական աշխատանքները՝ առկա: Հետևաբար՝ այնպես չէ, որ դա համալսարանն է որոշելու: Իմ տեղեկություններով՝ հիմա դեկանատներն աշխատում են գրաֆիկների կազմման ուղղությամբ, և առաջիկայում ուսանողները անհատական նամակների միջոցով կստանան իրենց գրաֆիկները, թե ե՞րբ են գալու դասի, ինչպե՞ս է դա լուծվելու, և այլն»:

Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ի բոլոր ուսանողների, այդ թվում՝ նոր ընդունվածների էլեկտրոնային հասցեները կան, և, որ այդ մասով խնդիր չի առաջանա:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանն էլ տեղեկացրեց, որ դեռ հունիս-հուլիս ամիսներից պատրաստվել են դասապրոցեսը առկա տարբերակով կազմակերպելու համար, և, որ 3 տարբերակ են մշակել.

«Մենք ամեն ինչ կազմակերպել ենք դեռ հունիս ամսից սկսած՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական կրթությունը մի քիչ դժվար է պատկերացնել, բոլոր մասնագիտական առարկաներն անելու ենք առկա, իսկ ոչ մասնագիտականների համար այս պահին քննարկվում է հեռավար ուսուցումը: Դրանք են, օրինակ՝ հայոց լեզու, հայոց պատմություն, փիլիսոփայություն, իսկ մասնագիտական առարկաների համար խմբերի թվաքանակը 20-ը չի գերազանցելու: Համալսարանի բոլոր հարկերում, բոլոր ամբիոններում արդեն իսկ կան 3 հոգանոց հերթապահների խմբեր, որոնք խիստ հսկողություն են սահմանելու, որպեսզի կուտակումներ չլինեն: Սենյակները պատրաստ են, օդափոխությունն արված է, բոլոր սենյակներում ալկոգելային պաշտպանիչ միջոցները տրամադրված են, բոլոր սանհանգույցները, որոնք աշխատելու են, ծորակները փոխել ենք, սենսորային ծորակներ ենք տեղադրել: Այսինքն՝ մենք դեռ հունիսից պատրաստվում էինք սեպտեմբերին մասնագիտական առարկաները առկա, ոչ մասնագիտական առարկաները հեռավար անցկացնելու սցենարին: Այս պահի դրությամբ 3 սցենար ենք մշակել՝ համաճարակային իրավիճակից ելնելով, եթե տեմպն այսպես պահպանվի՝ մասնագիտական առարկաները՝ առկա, ոչ մասնագիտականները՝ հեռակա սցենարը կաշխատի, եթե համավարակն ավելի տարածում գտնի, այդ դեպքում էլ ունենք սցենար՝ 50 տոկոսն անենք առկա, 50-ը՝ հեռակա՝ կարևորություն տալով մասնագիտական առարկաներին, ունենք նաև 3-րդ սցենարը՝ բոլորը հեռավար, եթե վերադառնանք նախկին կտրուկ սահմանափակումներին»:

Շուշան Դանիելյանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են պատրաստվում իրականացնել ջերմաչափումը, երբ բուհում հազարավոր ուսանողներ կան, արդյոք հերթեր չե՞ն առաջանա.

«Քանի որ մեր մոտ մուտքերը շատ են, նաև կան լսարաններ, որոնք տեղաբաշխված են մեր համալսարանական հիվանդանոցներում, կուտակումների առումով, չեմ կարծում, խնդիրներ ունենանք: Մուտքերի մոտ ջերմաչափման աշխատանքները կիրականացնեն անվտանգության աշխատակիցները, իսկ ամբիոններում, ամեն ամբիոն ինքը կներկայացնի պատասխանատու աշխատակից, որը պատասխանատու կլինի ջերմաչափման համար: Յուրաքանչյուր գործողություն ունենալու է իր հերթապահը և պատասխանատուն»:

Բժշկական համալսարանի մամուլի խոսնակին հարցրեցինք նաև, թե ինչպե՞ս են կազմակերպելու ուսանողների պրակտիկան, վիրահատությունների և այլն, ներկա լինելո՞ւ են.

«Մենք դեռևս մայիս-հունիս ամիսներին ԿԳՄՍՆ-ին գրություն ուղարկեցինք, որը բավարարվեց, խնդրեցինք մեր պրակտիկ աշխատանքները, մասնավորապես՝ օրդինատորների ուսուցումը, թույլ տալ առկա անել, և պարետատունը բավարարեց մեր միջնորդությունը, և մեր օրդինատորներն իրենց պրակտիկ գործողությունները առկա են իրականացնում հիվանդանոցներում»:

Դանիելյանից հարցրեցինք նաև, թե ինչպես են կազմակերպելու օտարերկրացի ուսանողների ուսուցումը.

«Մենք հանրակացարանում ունենք մոտ 300 օտարերկրացի, որ այս ամբողջ ընթացքում մնացին մեր երկրում, չգնացին իրենց երկրներ: Վարակի որևէ դեպք չունենք արձանագրված: Այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք համաձայնագրեր այն նոր օտարերկրացի ուսանողների, որոնք ժամանելու են մեր երկիր ուսանելու»:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ օրեր առաջ բուհերի վերաբերյալ նախարարի արած հայտարարությանը նախորդել է մոտ 1 ամիս բուհերի ներկայացուցիչների հետ փակ ձևաչափով քննարկումը:

«Յուրաքանչյուր բուհ՝ ելնելով իր առանձնահատկություններից, ներկայացրել է այն խնդիրները, որոնց ինքը կբախվի, եթե դասերը ոչ հեռավար լինեն, և այն խնդիրները, եթե դասերը հեռավար լինեն: Մենք ունեցել ենք ընդհանուր կոնսենսուս առողջության պահպանման և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման որոշակի խիստ նորմերի առումով, այսինքն՝ մենք դեռևս 1 ամիս առաջ տեղեկացված եղել ենք, թե նորմերը ինչպիսին պետք է լինեն, և հայտարարությունից պարզ էր, որ յուրաքանչյուր բուհ ինքն է ի վերջո որոշելու, թե ինչ ֆորմատով կիրականացնի դասապրոցեսը»:

Հարցին, թե՝ դուք ի՞նչ տարբերակով եք պատրաստվում իրականացնել դասապրոցեսը, Գրիգորյանը պատասխանեց.

«Մենք համադրելու ենք հեռավար և ոչ հեռավար մեթոդները: Այս պահին դեռ վերջնական որոշում չունենք, պատրաստվում ենք գիտխորհրդի նիստ անել նաև, որպեսզի վերջնական հստակեցումներ մտցնենք: Այս պահին հակված ենք, որ լեկցիոն ժամերի այն հատվածը, որոնք մեծ հոսքեր ունեն, կլինեն հեռավար գործիքով, իսկ սեմինար պարապմունքները, որտեղ խմբերը կիսվում են, և այդ շենքային պայմաններում հնարավոր է պարետատան ցուցումներն ամբողջությամբ պահպանել, արդեն իրականացնում ենք այդ եղանակով, հիմա նաև դասացուցակներն ենք ճշգրտում, եթե չկարողացանք 3 հերթի մեջ տեղավորել, որպեսզի բոլորին կարողանանք բերել այստեղ, ապա հիբրիդային եղանակով կկազմակերպվի»:

Դիտարկմանը՝ այսինքն՝ 3 հերթափոխ է լինելու բուհում, ռեկտորի պարտականությունները կատարողն արձագանքեց.

«Դե, մեր մոտ մագիստրատուրան ինքնին երեկոյան ժամերին էր՝ ճնշող մեծամասնության դեպքում, այստեղ մնում է արդեն լուծել 1-ից մինչև 4-րդ կուրսերի և հեռակա ուսուցման ուսանողների հարցերը, թեպետ հեռակա ուսուցումը կտեղափոխենք, որքան հնարավոր է ուշ սկսենք, միևնույն է՝ իրենք 1.5 ամիս են դասի գալու, կտեղափոխենք որքան հնարավոր է ուշ՝ չխախտելով կրթական ցիկլերը կարգավորող օրենսդրությունը»:

Գրիգորյանից նաև հետաքրքրվեցինք, թե ՀՊՏՀ-ում քանի՞ ուսանող է սովորում, համալսարանը քանի՞ մուտք ունի, արդյոք կուտակումներ չե՞ն առաջանա՝ պայմանավորված պարտադիր ջերմաչափում իրականացնելու գործընթացով:

«5700-ի կարգի ուսանող են, 5 մուտք ունենք, որոնք սպասարկելու ենք, որից մեկը բավականին տարողունակ՝ դարպասներն են, այդտեղ, եթե մենք մուտքի բաժանենք, այդտեղ էլ 3 մուտք ենք ունենում, որպես այդպիսին, առանձնացված, կարելի է ասել, մուտքեր, առանձին ջերմաչափում իրականացնելու համար 8 մուտք կունենանք: Կուտակումների հարցն էլ ենք որոշակի եղանակներով կարգավորելու, դասերը միանգամից ժամը 9:30 չենք պլանավորում սկսել: Մենք ունենք 6 ֆակուլտետ, 3 ֆակուլտետների ժամերը կսկսենք, ենթադրենք՝ ժամը 9-ից, 3 ֆակուլտետը՝ կես ժամ ուշացումով, որպեսզի հերթերը, կուտակումները նույնպես կարողանանք պատշաճ կարգով կառավարել, և շատ մեծ կուտակումներ չլինեն»,- պարզաբանեց Արմեն Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս