«Այս երկիրն անապատ չէր, ատոմային ռումբից հետո տարածք չէր, երբ այս իշխանություններն իշխանությունը ստանձնեցին». Արթուր Խաչատրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին այցելում է մարզեր և հետևում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: Ֆեյսբուքյան իր լայվերից մեկում, անդրադառնալով կատարված աշխատանքներին, նա հռետորական հարցադրում էր հնչեցրել, թե «էսքանից հետո որևէ մեկը պիտի հարց տա և ասի՝ ինչի՞ են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանում»: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը դրական է համարում, սակայն գործող Կառավարությունը պետք է անկեղծություն ունենա և ասի, որ դրանք սկսվել են ավելի վաղ, իսկ հիմա շարունակվում են:
«Սուբվենցիոն ծրագրերը մեր օրենսդրությամբ նախատեսված են եղել Հայաստանի անկախությունից ի վեր, դրանք կենտրոնական Կառավարության կողմից համայնքին տրվող թիրախային դրամաշնորհներն են: Տալիս են համայնքին, որպեսզի համայնքն ինչ-որ խնդիր լուծի, որովհետև կենտրոնական Կառավարությունը համայնքին գումար տալու երկու մեխանիզմ ուներ՝ մեկը՝ Ֆինանսական համահարթեցման մասին օրենքով, ելնելով որոշակի պարամետրերից, երկրորդն այդ թիրախային դրամաշնորհներն էին: Իհարկե, պետությունը նաև կարող էր պետական բյուջեի միջոցով ինքը որոշակի ծրագրեր իրականացներ: Որպես Տարածքային կառավարման նախկին փոխնախարար՝ պնդում եմ, որ որոշում կայացվեց սուբվենցիոն ծրագրերը՝ որպես համայնքային զարգացման հիմնական միջոց, գործիք կիրառվել 2017-ից, երբ Կառավարությունը համայնքներին այդ մեխանիզմն առաջարկեց և ասաց, որ, եթե դուք ներկայացնեք զարգացման ծրագրեր, ապա պետությունը պատրաստ կլինի որոշակի համամասնությամբ այդ ծրագրերը ֆինանսավորել: Այսինքն՝ սուբվենցիան՝ որպես համայնքային զարգացման հիմնական գործիք, սկսեց կիրառվել, հիմքը դրվեց դեռևս նախորդ Կառավարության օրոք: Այն ծրագրերը, որ վարչապետը նշում է, ճանապարհների ասֆալտապատում, լուսավորության էներգախնայող համակարգեր, մանկապարտեզներ, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգեր, ոռոգման համակարգեր, այդ ամեն ինչի սկիզբը դրվել է դեռ 2017թ.-ին»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշեց, որ Համաշխարհային բանկի օգնությամբ ևս ծրագրեր էին իրականացվում, որոնք ուղղվում էին համայնքային զարգացմանը, մարզերի միջև անհամաչափությունները մեղմելուն: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ գործող Կառավարության անդամները չեն հիշատակում, որ սուբվենցիոն ծրագրերն ավելի վաղ պատմություն ունեն, Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ որոշ սուբվենցիոն ծրագրեր, իհարկե, նոր են սկսվել, քանի որ ամեն առանձին սուբվենցիոն ծրագիր ունի սկիզբ և վերջ, բայց գործիքակազմը, որը կիրառվում է, մնում է նույնը:
«Այո, հիմա կան մանկապարտեզներ կամ գյուղեր, որտեղ մարդիկ փողոց, ինչպես վարչապետն է ասում, «սապոգով» կամ «կալոշով» են դուրս գալիս, դեռևս կան, կային նաև 2019-ին, 2018-ին, 2017-ին, 16-ին, 15-ին: 2000թ.-ին այդ գյուղերն ավելի շատ էին, քան 2005-ին, հետո 2010-ին ավելի քչացան, 2015-ին ավելի քչացան, դա շարունակական պրոցես է: Կար Սոցիալական ներդրումների հիմնադրամ, որը համայնքներում նման ծրագրեր էր իրականացնում, հետո դա դարձավ Տարածքային զարգացման հիմնադրամ, որի առաքելությունը ևս համայնքներում նման ծրագրեր իրականացնելն էր: Այսինքն՝ որևէ նորարարություն, որևէ հայտնագործություն չի արվել, դա մեխանիզմ էր, որը սկսվեց կիրառվել 2017-ից, իհարկե, ծավալը շատ ավելի փոքր էր, հիմա ավելի մեծ է, բայց բուն գործիքակազմի կիրառումը սկսվեց ավելի շուտ, և իմ խոսքերը կարող են հաստատել թե՛ Տարածքային կառավարման նախարարության աշխատակիցներն ու ղեկավարները, թե՛ մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցները, թե՛ համայնքապետերն ու մարզպետները»,- ասաց մեր զրուցակիցը:
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց նաև, որ նախկինում կային համայնքների զարգացման այլ ծրագրեր ևս, որոնք այժմ չեն իրականացվում:
«Մարզերում կան նաև հանրապետական նշանակության օբյեկտներ, որոնք պետք է վերականգնվեն: Այսինքն՝ ես կողմ եմ նաև նախկինում գործող հրատապ ծրագրերի իրականացմանը: Ես կողմ եմ նախկինում սկսված, բայց այս պահի դրությամբ կանգնած, համայնքի վրա էական ազդեցություն ունեցող բիզնես ծրագրերի համաֆինանսավորմանը պետության կողմից, որովհետև տենց ծրագիր էլ կար, երբ համայնքների բիզնեսմենները ծրագրեր էին ներկայացնում Տարածքային կառավարման նախարարությանը, դա ուղարկվում էր Էկոնոմիկայի նախարարություն, Ֆինանսների նախարարություն, եթե բնապահպանական գործոն կար, ապա՝ Բնապահպանության նախարարություն, այսինքն՝ միջգերատեսչական հանձնաժողով էր, հետո ներկայացվում էր վարչապետին, և արդեն կոնկրետ բիզնես նախագծերի համար գումար էր հատկացվում: Շիրակի մարզում նման ծրագրեր կային, բոլոր 10 մարզերում նման ծրագրեր կային: Դրանք, ցավոք սրտի, կանգնել են: Ես կողմ եմ, որ նաև դրանք շարունակվեն: Ուղղակի պետք է անկեղծության առաջ չմեղանչել, ասել, որ դա սկսվել է և հիմա շարունակվում է, այլապես այն տպավորությունն է, որ այդ «սուբվենցիա» բառն առաջին անգամ երկու տարի առաջ շրջանառվեց»,- ասաց Խաչատրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում ջերմոցային տնտեսություններից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «առանց անգլերենի և ռուսերենի՝ մոշ աճացնել հնարավոր չի»: Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը չի ժխտում՝ զարգացման համար ինչքան շատ լեզու իմանաս, այնքան լավ, սակայն պնդում է՝ գյուղատնտեսական նորարարություններին ծանոթանալու բեռը պետք չէ թողնել միայն գյուղացու վրա: Խաչատրյանի խոսքով՝ պետք է լինեն գյուղատնտեսության զարգացման կենտրոններ, որոնց աշխատակիցները պետք է շրջեն գյուղերում, նոր բան սովորեցնեն գյուղացիներին և օգնեն խնդիրները լուծել:
«Ագրոբիզնեսը պետք է տարանջատել գյուղացիական տնտեսությունից: Ինչ կարող է անել ագրոբիզնեսը, գյուղացու համար հասանելի չէ: Ցավոք սրտի, մեր գյուղատնտեսությունը իր բարդության առումով շատ ցածր է, բայց այսօր ակնկալել, որ գյուղացին կգնա անգլերեն կսովորի, կկարողանա մտնել ինտերնետ և կսովորի նոր ձևով մոշ մշակել, իհարկե, շատ նաիվ է, միամտություն է, դրա համար պետք է Գյուղատնտեսության նախարարություն լինի և ավելի հզոր լինի, որը կկարողանա այդպիսի ծառայություններ մատուցել գյուղացուն: Պետական գործառույթը պետք չի դնել գյուղացիների վրա, ամբողջ աշխարհում կան այդպիսի խորհրդատվական կենտրոններ, որոնց նպատակն է՝ ծանոթանալ գիտության գյուղատնտեսական վերջին նորություններին, գիտական հայտնագործություններին և օգնել գյուղացիներին, որ կարողանան դրանք ներդնել: ԱՄՆ-ի գյուղատնտեսական դեպարտամենտը նայեք, թե ի՞նչ ծառայություններ է մատուցում իր ֆերմերներին, և նայեք, թե մենք ի՞նչ ենք անում: Եթե նախորդ կառավարությունների ժամանակ դրանք հիմնականում ինչ-որ սուբսիդավորումներ էին՝ սուբսիդավորված ցորեն, գարի, սերմացու, վառելանյութ, պարարտանյութ, այս Կառավարությունը հիմնականում զբաղվում է վարկային տոկոսների սուբսիդավորմամբ: Գյուղացիներին արժեքավոր ծառայություններ պետք է կարողանա մատուցել պետությունը, կամ թեկուզ պատվիրակել, որ մատուցեն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս մարզեր արցելությունից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում պնդել էր նաև, թե «առաջին անգամ է Հայաստանի պատմության մեջ, որ մեր երկրում գործում են մարզպետներ և նախարարներ, որոնք ունեն էդ պարգևավճարի կարիքը և որոնք թալանով չեն զբաղված»: Պնդումը վիրավորել է Արթուր Խաչատրյանին:
«Դա շատ վիրավորական արտահայտություն է, որովհետև ես գոնե իմ անունից կարող եմ ասել, որ ես ստացել եմ միայն աշխատավարձ՝ առանց որևէ պարգևավճարի, և թող մեկը կանգնի-ասի, որ ես մի լումա ինչ-որ մեկից գողացել եմ: Անցյալն իդեալական չէր, բայց չի կարելի այդպես դեմոնիզացնել: Վերջիվերջո, այս երկիրը երկիր էր, երբ այս իշխանությունները իշխանությունը ստանձնեցին, անապատ չէր, ատոմային ռումբից հետո տարածք չէր, որտեղ ամեն ինչ զրոյից սկսեց կառուցվել: Եթե նախկինում բոլորը գող էին, այդ դեպքում Փաշինյանի Կառավարությունում ի՞նչ գործ ունեն «նախկինները», հիմա նայեք, թե «նախկիններից» քանի՞ հոգի կա Փաշինյանի այսօրվա Կառավարությունում, եթե բոլորը գող էին, ապա առաջին անցումային ժամանակավոր Կառավարությունում ի՞նչ գործ ունեին նախկինները: Ի վերջո, չի կարելի բոլորին անհասցե մեղադրանք ներկայացնել, եթե կան գողեր, թող այդ գողերին դատեն և նստացնեն, առաջին շահագրգիռ անձը ես եմ, թող ինձ կանչեն հարցաքննության և մեղադրանք ներկայացնեն: Ես ապրում էի միայն աշխատավարձով, և այդ գումարն իրոք բավարար չէր, բայց երկրի աշխատավարձերի մակարդակն էլ բավարար չի, մեծ չի, և կար աշխատավարձային սանդղակ, որն ինչ-որ չափով հաշվի էր առնում նաև երկրում եկամուտների աստիճանը, բայց պարգևավճարը լրիվ ուրիշ գործիք է, ուրիշ խնդիր, որ դու աշխատավարձերը բարձրացնես, բայց պարգևավճար տալիս են ինչ-որ նվաճման համար, երբ ինչ-որ հաջողություն ես արձանագրել, բոլորը միաժամանակ և նույն չափով պարգևավճար չեն կարող ստանալ: Պարգևավճարը խրախուսանքի ձև է, աշխատավարձը շուկայից մարդ ներգրավելու ձև է»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամը: