Վահե Ավետյանի կինը խնդրում է չքաղաքականացնել ամուսնու սպանության դեպքը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վաղը ասուլիս կտա «Հարսնաքար» ռեստորանային համալիրում։ Ասուլիսի վայրի ընտրության հարցը շահարկումների առիթ է դարձել իշխանական տարբեր շրջանակների կողմից․ հիշեցնում են, որ 2012թ․ այդտեղ սպանվել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։
168․am-ը Վահե Ավետյանի կնոջից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ շահարկումներին։
«Անկախ նրանից, թե քանի տարի է անցել, ինձ համար բավականին ծանր է այս մասին խոսելը․ պարզապես մի խնդրանք՝ չէի ուզի դեպքը քաղաքականացվի։ Թե՛ ներկա իշխանությունից, թե՛ նախկին իշխանությունից իմ ամուսինը շատ ընկերներ է ունեցել՝ մտերիմ մարդիկ, ում հետ մինչ օրս իմ ընտանիքը կապ է պահպանում։ Ես ուղղակի չեմ ուզի՝ քաղաքականացվի դեպքը։ Երբ այդ ամենը կապում են իմ ամուսնու գործի հետ, հավատացեք՝ մեզ համար այդ նույն ցավը նորից վերապրել է նշանակում․ թե՛ ինձ համար, թե՛ իմ երեխաների համար, թե՛ նրա ծնողների համար՝ բոլորիս համար։ Ուղղակի խնդրում եմ՝ դեպքը ոչ մի կերպ չքաղաքականացնել, դա ոչ նախկիններին ինչ-որ բան կավելացնի, ոչ էլ ներկաներից ինչ-որ բան կպակասեցնի»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Լիլիթ Ավետյանը։
«Ես լիահույս եմ, որ իրական մեղավորը պատասխան է տալու, եթե ոչ օրենքի առջև, ապա Աստծո առջև հաստատ պատասխան է տալու»,- եզրափակեց նա։