«Եթե մենք ինչ-որ նոր լողավազան ենք կառուցելու և հին լողավազանի կամ ջրհորի ջուրը բերելու ենք, լցնելու ենք դրա մեջ, ապա նա չի աշխատելու». Լուսինե Հակոբյան
Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծման թեմայով քննարկման ժամանակ փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը կարծիք հայտնեց, թե այն չափանիշերը, որոնք սահմանված են առաջարկվող նախագծով, խնդրահարույց են:
Լուսինե Հակոբյանի կարծիքով՝ այն, որ հակակոռուպցիոն դատարանում դատավորի պաշտոնի համար դիմել չեն կարող այն փաստաբանները, որոնք վերջին 5 տարվա ընթացքում կարգապահական տույժերի են ենթարկվել, խիստ խնդրահարույց է, քանի որ, ըստ նրա, «հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններով փաստաբանները ենթարկվել են ճնշումների Փաստաբանների պալատի կողմից, որը մշտապես հանդես է եկել որպես գործիք առավել ակտիվ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբաններին լռեցնելու համար»:
«Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահի խոսքով՝ խնդրահարույց են նաև դատավորների համար նման սահմանափակումները: Ըստ Լուսիե Հակոբյանի՝ երկակի ստանդարտներ կան նաև այս դեպքում:
«Կան դատավորներ, որոնք արտոնյալ են, ու որոնց նկատմամբ էդ կարգապահական գործընթացները չեն հարուցվում: Պետք ա բերեմ Ալեքսանդր Ազարյանի օրինակը, որը աջ ու ձախ հարցազրույցներով զսպվածության պարտականությունից դուրս տարբեր հայտարարություններ էր անում, սակայն ակնհայտորեն դրանք խախտումներ էին պարունակում, սակայն որևէ կարգապահական պատասխանատվություն չհետևեց: Եվ ըստ էս նախագծի, օրինակ, Ալիկ Ազարյանը շատ լավ էլ թեկնածու է և միգուցե և հայտնվի հակակոռուպցիոն դատարանում, և երբ Քոչարյանի վերաբերյալ կոռուպցիոն գործ քննվի, բացարկ էլի չհայտնի ու քննի էդ գործը»,- ասաց Լուսինե Հակոբյանը:
Փաստաբանն առաջարկեց վերանայել նախագծում առկա չափորոշիչները: Իսկ ինչ վերաբերում է մրցույթի արդյունքում ընտրված դատավորների ուսումնառության գործընթացին, Լուսինե Հակոբյանի խոսքով, այդ դասընթացները պետք է լինեն միջազգային գործընկերների ներգրավմամբ:
«Եթե մենք ինչ-որ նոր լողավազան ենք կառուցելու և հին լողավազանի կամ ջրհորի ջուրը բերելու ենք, լցնելու ենք դրա մեջ, ապա նա չի աշխատելու: Եվ էդ նկատառումից ելնելով՝ առնվազն անցումային փուլում, կարծում եմ, որ նման չափանիշեր չպետք ա սահմանվեն, այլ պետք ա սահմանվի որոշակի մասնագիտական պատրաստվածություն, որոշակի փորձառություն, բայց էս կարգապահական պատասխանատվությունները և այլն, սրանք չպետք ա սահմանվեն»,- նշեց Լուսինե Հակոբյանը: