Կպահպանվի՞ դիմակներ կրելու պարտադիր պահանջը հեռուստատաղավարներում
Հայաստանում երեկ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը, որոշ սահմանափակումներ, սակայն, հանվեցին, որոշները մեղմացվեցին:
Մասնավորապես թույլատրվում է հավաքների անցկացումը և դրանց մասնակցելը՝ սահմանված կարգով դիմակ կրելու և միմյանցից նվազագույնը 1,5 մետր հեռավորություն պահպանելու պայմանով:
Թույլատրվում է ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումների անցկացումը՝ ոչ ավել, քան 40 հոգու մասնակցությամբ և պարետի սահմանած կարգով և կանոնների պահպանմամբ:
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:
Հանվել են որոշ բժշկական նշանակության ապրանքների և դեղորայքի Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակումները։
Դիմակի կրումը շարունակում է մնալ պարտադիր, սակայն վերանայվում են բացօթյա տարածքում դիմակ կրելու պահանջները։ Հանրային տրանսպորտում, տաքսիներում պարտադիր է դիմակի կրումը, անձնական մեքենաներում արդեն օգոստոսի 14-ից դիմակ կարող ենք չկրել։ Առաջիկա օրերին պարետը կհրապարակի ուղեցույցը։ Սակայն, որքան էլ զարմանալի էր, երեկ խորհրդարանում որևէ անդրադարձ չեղավ հեռուստաեթերում դիմակ կրելու պարտադիր պահանջը մեղմացնելու կամ ընդհանրապես հանելու մասին: Այսօր սոցիալական ցանցում մի շարք մեդիամասնագետներ արդեն գրառումներ կատարել էին այդ առիթով և իրենց զարմանքը հայտնել, թե ինչու չի փոխվում պարետի այդ որոշումը: Հեռուստատեսային տաղավարում դիմակ կրելու պարտադիր պայմանը հանելու վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում էր կատարել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, մասնավորապես տեղեկացնելով.
«Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի և հյուրի միջև պահպանվում է բնականոն և անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը և թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների»:
168.am-ը փորձեց խնդրի մասին պարզաբանում ստանալ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանից՝ արդյո՞ք հեռուստատեսային տաղավարներում դիմակի կրման պարտադիր պայմանի փոփոխություն լինելու է, հարցին Հունանյանը պատասխանեց.
«Այս պահին դրա հետ կապված հստակ որևէ բան չեմ կարող ասել: Երբ որոշման փոփոխություն լինի, արդեն կտեսնենք, թե որ հարցերում է փոփոխություն կատարվել»:
Դիտարկմանը, որ անտրամաբանական է, երբ ավտոմեքենայում դիմակի կրման պարտադիր պայմանը հանելու վերաբերյալ քննարկում է լինում, իսկ հեռուստատեսային տաղավարում, երբ 2-3 մետր հեռավորություն է պահպանվում, անդրադարձ չեղավ, Հունանյանն ասաց.
«Քննարկումներ բոլոր հարցերի վերաբերյալ միշտ էլ լինում են, ուղղակի որոշում կայացնելիս՝ տարբեր գործոններ են հաշվի առնվում ու դրանց հիման վրա որոշումները կատարվում են: Մենք այդ դաշտին շարունակաբար հետևում ենք, ու երբ որ անհրաժեշտություն կա, եթե ինչ-որ հնարավորություններ են լինում նաև փոփոխությունների, դրանք կատարվում են: Նախնական նախատեսված է, որ իրականացվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը վաղը կլինի»: