«ՀՀ-ում 1040 մահերի համար պետք է պատասխան տան». Վահե Էնֆիաջյանը՝ Տիգրան Ավինյանին
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հարցրեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, թե ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն այն հանգամանքի համար, որ ՀՀ-ն կորոնավիրուսի բացասական ցուցանիշներով տարածաշրջանում առաջինն է:
«ՀՀ-ում մահացել են 1040 ՀՀ քաղաքացիներ: Այս մահերի համար պետք է պատասխան տան: Դուք՝ որպես պարետ, ինչպե՞ս կմեկնաբանեք, ինչպե՞ս կներկայացնեք այս դառը իրողությունը, և եթե մենք մեկ միլիոն բնակչության համադրությամբ նայենք, ապա ՀՀ-ն տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում, ընդ որում, վատթարացող ցուցակն այնքան վատն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը, Վրաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը միասին վերցրած մեկ միլիոն բնակչության թվով եթե համադրության, համեմատության մեջ նայենք, ՀՀ-ն ամենավատ ցուցանիշն է արձանագրել, սա ուղիղ ցուցանիշ է, ուղիղ գնահատական է ձեր գործունեությանը»,- ասաց Էնֆիաջյանը:
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ ՀՀ Կառավարությունը մաքսիմալ թափանցիկ է գտնվել իր բոլոր գործողություններում, այդ թվում՝ տեղեկատվության տրամադրման առումով:
«Համավարակի հետ կապված ամփոփ թվերը կարելի է, եթե շատ չոր հաշվարկներ պետք է անենք, պետք է անել համավարակի ամբողջական վերացումից հետո: Այդ ժամանակ համապատասխան գնահատականները կհնչեցվեն, և ես՝ որպես պարետ, պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել եմ, ես՝ որպես պարետ, պատասխանատու եմ այն ամբողջ ծավալով, որի ծավալով այդ պատասխանատվությունն ինձ վրա դրված է եղել: Երբ գա հարցերին պատասխանելու ժամանակը, ես կարծում եմ՝ բոլոր հարցերի պատասխանները կտամ»,- ասաց Ավինյանը:
Անդրադառնալով այլ երկրների հետ համեմատականներին՝ պարետը նշեց, որ դրանք ևս պետք է արվեն այն ժամանակ, երբ համավարակը վերացած լինի:
«Տարբեր երկրներ ունեն տարբեր մեթոդաբանություններ՝ և՛ թեստավորման հետ կապված, և՛ վարակակիրների բազաների վարման հետ կապված, և՛ մահերի թվերի գրանցման հետ կապված: Այս փուլում մի փոքր դժվար կլինի համեմատել»,- արձագանքեց Ավինյանը:
Վահե Էնֆիաջյանը հարցրեց նաև, թե ինչի՞ վրա են ծախսվել այն գումարները, որոնք տարբեր միջազգային կառույցներից ստացել է ՀՀ-ն՝ համավարակի հաղթահարման համար: Հարցին ի պատասխան՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ Էնֆիաջյանը նման հարցում ուղարկել էր իրենց, և իրեն արդեն պատասխանել են: Պատգամավորի հակադարձմանը, որ ինքը պատասխան չի ստացել, Ավինյանն արձագանքեց.
«Հիմա կարամ «սքրինշոթը» բացեմ՝ ցույց տամ, որ ստացել եք»: