Արմեն Բիլյանին՝ 21 տարի, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկում. Դատախազների պահանջը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ օգոստոսի 12-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ընթանում էր «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։
Այսօրվա դատական նիստում այդ գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը հրապարակեց այս քրեական գործով մեղադրող դատախազների մեղադրական ճառը։
Մեղադրանքի կողմը պահանջեց խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):
Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հանգամանքով պայմանավորված։
Այսպիսով՝ մեղադրողը միջնորդեց Արեգ Կյուրեղյանին, Էդվարդ Գրիգորյանին պատիժ նշանակել 8,6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8,9 ամիս, Սեդրակ Նազարյանին՝ 9 տարի, Մխիթար Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Վարուժան Ավետիսյանին՝ 8,9 ամիս, Պավել Մանուկյանին՝ 9 տարի, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկում։